HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Արտասահմանում ուսում ստանալու համար բավարար գումար չի հայթայթել

elen_18.12.09Այս տարի սեպտեմբերից 19-ամյա Էլեն Գյուլնազարյանը պետք է մեկներ Անգլիա` ստանալու իր բարձրագույն կրթությունը եւ իրագործելու իր երազանքը` ուսում քաղաքակրթության մայրաքաղաք Լոնդոնում: Նա բավարար գումար չհայթայթելու պատճառով զրկվեց աշխարհի լավագույն համալսարաններից մեկում` UCL (University College London)-ի միջազգային հարաբերություների ֆակուլտետում սովորելու հնարավորությունից:    Էլենն ընդունվել էր միանգամից 4 համալսարան` Էդինբուրգի համալսարան, Լոնդոնի համալսարանի  միջազգային հարաբերությունների բաժին, Լիվերպուլի համալսարան եւ UCL (University College London): UCL-ը, որը, ըստ միջազգային www.usnews.com , www.topuniversities.com եւ այլ կայքերի, որոնք զբաղվում են աշխարհի լավագույն համալսարանների ցուցանիշների հրապարակմամբ` զբաղեցնում է առնվազն 4-րդ հորիզոնականը: Այս համալսարանում մեկ տարի ուսման վարձի արժեքը կազմում է մոտ 26.000 ԱՄՆ դոլար, եւս 10.000 դոլար` ապրուստը հոգալու եւ հանրակացարանում սենյակ վարձելու համար: Էլենը դիմել է մի շարք կազմակերպությունների իրեն հովանավորելու ակնկալությամբ: Պատասխան է ստացել միայն Գյուլբեկյան եւ AAGBU հիմնադրամներից, որոնցից միասին ստացել է մոտ 10.000 ԱՄՆ դոլար հովանավորություն: Սակայն դա բավական չէր ամբողջ ուսման վարձը վճարելու համար, եւ Էլենը ստիպված է եղել ստացած գումարը ետ վերադարձնել: Բարեբախտաբար UCL-ի  անձնակազմը, Էլեն Գյուլնազարյանին համարելով շատ ցանկալի եւ մեծ պոտենցիալ ունեցող ուսանող, հնարավորություն է տվել եւս մեկ տարի փնտրել հովանավորություն եւ 2010-2011 ուստարում ժամանել Անգլիա: Էլենը հույս ունի, որ գոնե այս տարի «Լույս» կրթական հիմնադրամն իրեն կֆինանսավորի եւ ինքը հնարավորություն կունենա մեկնել Անգլիա: «Ես միշտ երազում էի արտերկրում ստանալ բարձրագույն կրթությունս: Ստացվեց այնպես, որ ընդունվեցի, սակայն շատ մեծ հիասթափություն ապրեցի` ֆինանսավորում չգտնելով: Կարծում եմ, որ պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի երիտասարդների կրթությանը, քանի որ կրթության մեջ ներդրումը ամենակայուն եւ հեռանկարային ներդրումներից է: Ես հաստատ հետ եմ գալու Հայաստան ու արտերկրում ձեռք բերածս կիրառելու եմ այստեղ, իմ հայրենիքի օգտին»: Էլենը Հայաստանում դպրոցական տարիների ընթացքում մասնակցեց մի մրցույթի, որում գերազանց արդյունքներ ցուցաբերելով, հնարավորություն ստացավ մեկնել Թայլանդ եւ այնտեղ սովորել The Regent’s School-ում (Ռեգենտի դպրոց), որը ունի միջազգային բակալավրիատի կարգավիճակ (IB- International Bacalaureate): Ուսման տարիներին նա ճամփորդել է եւ աշխատանքային փորձ ձեռք բերել Հնդկաստանում, Չինաստանում: Այժմ Էլենը սովորում է Երեւանի Ֆրանսիական համալսարանի 0 կուրսում: Դժվարությամբ է համակերպվում այն մտքի հետ, որ հնարավոր է` կորցնի բացառիկ այդ հնարավորությունը, եւ դեռ հույս ունի, որ կգտնվեն բարերարներ, ովքեր կօգնեն հասնելու իր երազանքին` խոսք տալով լավ մասնագետ դառնալ եւ հնարավորինս օգտակար լինելու իր հարազատ երկրին: «Եթե ես 2010-2011 ուստարում  չգնամ այնտեղ, ապա ընդմիշտ կկորցնեմ այդ հնարավորությունը»,- նշում է 19-ամյա Էլեն Գյուլնազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter