HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզպետարանով զբաղվում է ԴԱՀԿ-ը

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը համառորեն չի կատարում դատարանում կնքված հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորություները: Խոսքը Շիրակի մարզպետերի կողմից 2005-2009 թթ. ընթացքում պետական բյուջեի միջոցներից «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով քաղաքացիներին հատկացված դրամական օժանակությունների մասին տեղեկությունների տրամադրման մասին է:

2010 թվի հունվարի 18-ին Ժուռնսլիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը հարցմամբ Շիրակի մարզպետ Լ.Նանյանից խնդրել էր այդ տեղեկությունները: Մարզպետը նախ պատասխանել էր` տրամադրելով շատ ընդհանրական տեղեկություններ միայն, իսկ երկրորդ հարցմանը ի պատասխան` ասել էր, թե դրանք անձնական գաղտնիքներ են:

Լ.Բարսեղյանը, համաձայն չլինելով այդ բացատրությանը, դրամական օժանդակությունների մասին տեղեկություններն ստանալու համար դիմել էր ՀՀ Վարչական դատարան: Երկու ամիս տևած դատաքննության ավարտին, որը համընկավ նախորդ մարզպետի պաշտոնանկման հետ, գործն ավարտվեց նոր նշանակված մարզպետ Աշոտ Գիզիրյանի և հայցվորի միջև կնքված հաշտության համաձայնագրով, որի համաձայն` հայցվորը ետ էր վերցնելու իր հայցը, իսկ պատասխանողը մինչև 2010 թվի հուլիսի 1-ը տրամադրելու էր հարցված տեղեկությունները` հետևյալ մանրամասնությամբ.

«2.1. «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 և 2009 թվականներին մարզի բնակիչ համարվող կարիքավոր անձանց դիմումներով և համապատասխան ուսունասիրությունների արդյունքների հիման վրա որպես ֆինանսական օգնություններ հատկացված գումարները` առանձին-առանձին` ըստ որոշումների, և այդ գումարների հատկացման համար Շիրակի մարզպետի կայացրած բոլոր որոշումների պատճեները, կամ այդ ամենի փոխարեն` համառոտագիր հետևյալ տվյալներով. «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով Շիրակի մարզպետարանի կողմից 2005, 2006, 2007, 2008 և 2009 թվականներին մարզի բնակիչ համարվող անձանց դիմումների հիման վրա ովքե՞ր (անուն, ազգանուն, հասցե), ե՞րբ (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), որքա՞ն (դրամ) և ի՞նչ կարիքի համար (կարիքի շատ կարճ նկարագիրը) են ստացել դրամական օժանդակություններ»:

Նշված ժամկետում մարզպետարանը այդ տեղեկությունները չտրամադրեց հայցվորին: Մարզպետին այդ մասին հիշեցնող նամակից հետո մարզպետի տեղակալ Ս.Պետրոսյանը գրավոր տեղեկացրեց, թե դրանք տեղադրված են մարզպետարանի վեբ կայքում, այնինչ այնտեղ տեղադրված էին միայն 2005-2007 թթ. մարզպետների որոշումներով կատարված ֆինանսական օգնությունների մասին համառոտ տեղեկությունները միայն (հիմնականում նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի որոշումները), իսկ էջերի մի մասը (PDF ձևաչափով) ուղղակի անընթեռելի էր:

Լ.Բարսեղյանը երկրորդ նամակը հղեց մարզպետին` հիշեցնելով վճռում ամրագրված հաշտության համաձայնագրով նախատեսված վերջինիս պարտականությունները, սակայն ապարդյուն:

2010 թվի դեկտեմբերի 6-ին ԺԱԱ խորհրդի նախագահը դիմեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին, որի օգնությամբ 2011 թվի հունվարի 14-ին մարզպետարանից ստացվեց և հայցվորին տրամադրվեց խոստացված տեղեկություններից ևս մեկ բաժին` 2008-2009թթ. հատկացումները` կրկին առանց շահառուների նույնականացման տվյալների. դրանք թերի են և չեն համապատասխանում դատարանի վճռով նախատեսվածին:

Մարտի 30-ին Լ.Բարսեղյանը երկրորդ նամակն է հղել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին, հերթական անգամ խնդրելով կատարել սեփական պարտականություններն ամբողջությամբ և հարկադրել Շիրակի մարզպետին կատարել հաշտության համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները:

Եվ մարզպետին, և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի պետին հղված նամակներում Լ.Բարսեղյանը տեղեկացրել է, որ ակումբն ունի բազմաթիվ ահազանգեր այդ գումարների ոչ նպատակային ծախսումների` հատկացումների և չարաշահումների վերաբերյալ: Բացատրվել է նաև, որ այդ տեղեկությունների տրամադրումը կհեշտացնի ահազանգերի ստուգման գործընթացը:

Անցած 10 օրվա ընթացքում (2011 թվի մարտի 30-ից ապրիլի 8-ը), հիմնավոր մտահոգություն ունենալով այն մասին, որ մարզպետն անձամբ տեղեկացված չէ իր անունից կնքված հաշտության համաձայնագրի պահանջներին մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարման դիտավորյալ խոչընդոտման մասին, նպատակ ունենալով արդեն 14 ամիս ձգձգվող այս պատմության մասին ուղիղ հաղորդել մարզպետին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը և իրավաբանները հետևողականորեն փորձել են մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների և աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանի միջոցով պայմանավորվել Լ.Բարսեղյանի համար մարզպետի մոտ քաղաքացիական ընդունելության մասին` խնդրելով 5-10 րոպե հանդիպում վերջինիս հետ:

Հասկանալի կերպով ակումբի աշխատակիցները չէին կարող իրենց թույլ տալ այս ամենը իրեն ներկայացնելու համար փողոցում մարզպետի ճամփան կտրել կամ գնալ նրա բնակարան:

10 օր շարունակ մարզպետարանի աշխատակիցները ձգձգել են նման հանդիպման նշանակման հնարավորությունը` պատճառաբանելով, նախ, թե քաղաքացիների ընդունելությունները ուրբաթ օրերին են, ապա` «օրն ու ժամը կճշտենք, կտեղեկացնենք Ձեզ, ինքը տեղյակ է այդ մասին», ավելի ուշ` «մարզպետը քաղաքում չէ, Երևանում մասնակցում է սեմինարների, մենք Ձեզ կզանգենք կտեղեկացնենք» և այլն:

Ակումբի ունեցած տեղեկություններով` այդ ամբողջ ընթացքում, նաև այսօր Շիրակի մարզպետը եղել է Գյումրիում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ.Պողոսյանը, մեկ ամիս առաջ հեռուստատեսությամբ դիմելով Ակումբի խորհրդի նախագահին, համառորեն կոչում էր համագործակցության և պնդում, թե մարզպետարանը պատրաստ է համագործակցել ինչպես բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ: Այժմ ապացուցվեց, որ դա այդպես չէ:

Հենվելով վերը բերվածի վրա` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է.

1. Շիրակի մարզպետարանը, նախկին մարզպետ Լ.Նանյանի և ներկա մարզպետ Ա.Գիզիրյանի գլխավորությամբ, մեզանից և հանրությունից հետևողականորեն թաքցնում է հարկատուների միջոցներից կարիքավոր քաղաքացիներին հատկացված մոտ 70 մլն դրամի մասին տեղեկություններն այնպես, որ անհնարին է պարզել այդ հատկացումների իսկությունն ու արդարացվածությունը:

2. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մնում է այն համոզմանը, որ խնդրո առարկա տեղեկությունների տրամադրման խոչընդոտումը պայմանավորված է ՀՀ պետբյուջեից «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով Շիրակի մարզում 2007-2009 թթ. արված ծախսումներում առկա լուրջ չարաշահումներով: Ակումբը հետևողականորեն աշխատելու է հանրությունից գաղտնի պահվող և օրենքով սահմանված գաղտնիքներ չպարունակող տեղեկությունների բացահայտման և հանրային սեփականություն դարձնելու ուղղությամբ:

3. Շիրակի մարզպետարանը իր աշխատակազմի վերը նկարագրված անգործության, ոչ հրապարակային աշխատանքի և մարզպետի մոտ քաղաքացու ընդունելություն կազմակերպելու անկարողությամբ վերջակետ դրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համագործակցությանը: Ակումբը այսուհետև բացառում է որևէ համագործակցություն մարզպետարանի հետ այնքան ժամանակ, քամի դեռ մարզպետարանը տեղի ունեցածի մեջ իր վարքի պատշաճ բացատրությամբ հանդես չի եկել: Մինչ այդ այս դիրքորոշումը ակումբը կարող է վերանայել միայն արտակարգ իրավիճակների դեպքում: Մինչ այդ ակումբը ավելի հեշտ է համարում մարզպետարանի հետ գործ ունենալ չոր գրագրություն, դրա վերադասների և դատարանների միջոցով:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
08 ապրիլի, 2011

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter