HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Բագրատ տուր»-ի օրինաչափությունը

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը «Երեւան-Ստամբուլ» չվերթը մեկ ժամ տասը րոպե ուշացումով է իրականացվել: Երկու ուղեւոր կանանց հարկադիր կերպով իջեցրել են ինքնաթիռից, որից հետո բոլոր ուղեւորներին եւ ինքնաթիռը երկրորդ անգամ անվտանգության զննումով անցկացրել: Այս չվերթի միակ պատվիրատուն «Բագրատ տուր» ընկերությունն է:

Հայաստանում նրա պատվերն իրականացնում է «Արմավիա» ընկերությունը, իսկ Թուրքիայում` «AtlasJet» ընկերությունը: «Արմենիա» միջազգային օդանավակայանների հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց տեղի ունեցածը. «Երբ բոլոր ուղեւորները բարձրացել են ինքնաթիռ, երկու ուղեւորներ են հայտնվել, որոնք եւս տոմսեր ունեին: Թե ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թռիչքն իրականացնող «Բագրատ տուր»-ի ներքին խնդիրն է եւ նրանից պետք է ճշտել: Այդ պահին իրենք որոշել են, որ այդ երկու կանանց պետք է հանեն: Երբ մեկ ուղեւոր թեկուզ հանվում է ինքնաթիռից, պարտադիր ձեւով անվտանգության վերազննում են անցնում թե օդանավը, թե բոլոր ուղեւորները: Բոլոր ուղեւորներին ինքնաթիռից իջեցրել են ըստ կանոնակարգի պահանջների»: «Բագրատ տուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանից տեղեկացանք, որ չնայած վերը նշված կանանց անունները գրանցված չեն եղել իրենց ցուցակում, սակայն նրանք տոմսեր են ունեցել: «Բանն այն է, որ տոմսերը վաճառող «Դեբիտ տուր» ընկերության դիսպետչերը շփոթել է ամսաթվերը եւ դեկտեմբերի 7-ի փոխարեն գրանցել դեկտեմբերի 2-ը»,- ասաց Բ. Նավոյանը: «Դեբիտ տուր»-ի տնօրեն Գրիգոր Բալյանի բացատրությունն այլ էր: Նրա խոսքերով` շփոթությունը ինֆորմացիայի փոխանցման հետ է կապված: «Ամեն դեպքում, թե մեր, թե «Բագրատ տուր»-ի դիսպետչերների մեղքով է եղել: Երբ մենք տոմս ենք գրանցում, տվյալները ուղարկում ենք «Բագրատ տուր»-ին` որպես գլխավոր գրասենյակի, որ այսինչ անուն ազգանունով տոմս է գրվել: Հիմա մեր աղջիկն ասում է, որ ինքն այդ ինֆորմացիան տվել է, «Բագրատ տուր»-ն ասում է` չենք ստացել: Իսկ այդ ինֆորմացիան համակարգչի մեջ չի պահվում: Թյուրիմացություն է եղել»,- ասաց Գ. Բալյանը: Վերոնշյալ կանայք ապահովվել են դեկտեմբերի 7-ի չվերթի տոմսով: Ակնհայտ է, որ «Բագրատ տուր»-ի եւ «Դեբիտ տուրի» բացատրությունները հակասում են իրար, եւ նրանցից ճշմարտությունը պարզել չհաջողվեց: Սակայն պարզվեց, որ նման միջադեպերը «Երեւան-Ստամբուլ» չվերթի համար սովորական են: Քաղաքացիներ Գայանե Պետրոսյանը եւ Մարգարիտա Հակոբյանը «Հետք»-ին հայտնեցին իրենց հետ կատարված անօրինականությունների մասին «Երեւան-Ստամբուլ» չվերթի ժամանակ: 2008 թվականի նոյեմբեր ամսին նրանք «Արմավիա» ընկերությունից գնել են «Երեւան-Ստամբուլ-Երեւան» չվերթի երկու տոմս: Ունենալով տոմսեր` նրանք չկարողացան ինքնաթիռ բարձրանալ: «Նայում էինք, բոլորը իրար հրելով վազում են, որ առաջ անցնեն, ես ու ընկերուհիս էլ մտածեցինք, թե հային բնորոշ է ամեն տեղ հրելով ձգտել առաջինը հասնել: Այդ պատճառով մենք սպասեցինք, մինչեւ բոլորը մտան: Սակայն երբ մեր հերթը հասավ, «Արմավիա»-ի ներկայացուցիչ Տիգրան Վարդանյանը մեզ անխռով ասաց.«Արդեն տեղ չկա, անկախ այն բանից` դուք տոմս ունե՞ք, թե` ոչ»: Այդ պատասխանից Գայանեն եւ Մարգարիտան հասկացել են, որ օդանավում իրենց հատկացված տեղը կրկնակի վաճառվել է, եւ երբ պահանջել են ստուգել բոլոր կտրոնները` բացահայտելու համար, թե ովքեր են իրենց տեղերը զբաղեցրել, Տիգրան Վարդանյանը հանգիստ պատասխանել է.«Դուք ուզում եք մտնել մեր ներքին խոհանոցի մե՞ջ»: Գայանեն ասաց, որ այդ օրը նույն ինքնաթիռով Ստամբուլ էր մեկնում երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդ պատճառով աշխատակիցները խուսափեցին աղմուկ բարձրացնել եւ նրանց, ում վաճառվել էին անօրինական տոմսերը, իջեցնել ինքնաթիռից, որից հետո բոլոր ուղեւորները եւ օդանավը կրկնակի անվտանգության զննում կանցնեին: Այնուհետեւ Գայանեն եւ Մարգարիտան նամակով դիմել են «Արմավիա» ընկերության տնօրեն Նորայր Բելոյանին: Վերջինս պատասխան-նամակով հայտնել է հետեւյալը. «Հայցում ենք Ձեր ներողամտությունը եւ տեղեկացնում ենք, որ ստանալով Ձեր նամակը` կատարել ենք ներքին հետախուզություն, որի հետեւանքով բոլոր մեղավորները ենթարկվել են պատասխանատվության: Նաեւ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել, որ գոյություն ունեն Ձեր նման սրտացավ ուղեւորներ, որոնք տեղեկացնում են այդ կարգի անկարգությունների մասին, եւ որոնց պատճառով տուժում է «Արմավիա» ա/ը բարի համբավը: Հուսով ենք, որ այս միջադեպը չի հանդիսանա պատճառ, որպեսզի դուք չօգտվեք «Արմավիա» ա/ը կողմից մատուցված ծառայություններից: Նաեւ, որպես փոխհատուցում կրած ֆինանսական եւ բարոյական վնասի, «Արմավիա» ա/ը պատրաստ է տրամադրել Ձեզ երկու Երեւան-Ստամբուլ-Երեւան տոմս 50 տոկոս զեղչով»: Ընկերուհիները հրաժարվել են այդ առաջարկից. «Ինչու՞ մենք պիտի նման գործարքի գնայինք: Մեզ պետք էր մարդավայել նստել մեր ինքնաթիռը եւ մեկնել մեր ցանկացած վայրը, քանի որ ունեինք Ստամբուլում նախօրոք պատվիրված եւ վճարված հյուրանոցային համար»: Գայանեն եւ Մարգարիտան այնուհետեւ պարզել են, որ նման դեպքերը հատուկ են այդ չվերթին: Սակայն, սա ամենը չէր, որ պատահեց նրանց հետ այդ չվերթի ժամանակ: «Երբ արդեն Ստամբուլից ետ էինք գալիս, օդանավակայանում բոլոր ուղեւորներին հայտնեցին, որ ինքնաթիռ չկա, եւ մենք չենք կարող մեկնել Երեւան: Նրանք մեզ համար մեկ գիշերով հյուրանոց վարձեցին, եւ հաջորդ օրը վերադարձանք: Պարզվում է, որ ինչ-որ ավելի կարեւոր մարդիկ կային, որոնց պետք է տեղափոխեին Երեւան»,- պատմում է Գայանեն: Ստամբուլ-Երեւան չվերթի հետ կապված մեկ այլ միջադեպ պատահել է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ, որը դեկտեմբերի 2-ին նույնպես գտնվում էր Ստամբուլ մեկնող ինքնաթիռում: ««Բագրատ տուր»-ի հետ երկու անգամ եմ առնչվել: Երկու դեպքում էլ պատմությունների մեջ հայտնվեցի: Առաջին անգամ «Բագրատ տուր»-ի աշխատակիցների հետ շփվել եմ Ստամբուլում: Ստամբուլ էինք գնացել ավտոբուսով, ուզում էինք տեսնել, թե ինչպես են մարդիկ գնում Թուրքիա, հատկապես առեւտրականները (տես հոդվածները): Քանի որ ավտոբուսով ետ գալը հոգնեցուցիչ էր, մենք որոշեցինք ետ գալ ինքնաթիռով: Զանգեցինք «Բագրատ տուր»-ի Ստամբուլի գրասենյակ եւ տոմս ամրագրեցինք: Գրանցեցին մեր տվյալները, հյուրանոցի եւ բջջային հեռախոսների համարները: Պայմանավորվեցինք, թե որ օրը կարող ենք տոմսը վերցնել: Նշված օրը այցելեցինք գրասենյակ: Ասացին, որ ուշացել ենք` տոմսերը վաճառված են: Թեեւ մենք գնացել էինք իրենց նշած օրն ու ժամին: Նրանց հետ վիճաբանելն անիմաստ էր: Դուրս եկանք եւ գնացինք Թբիլիսիի տոմս գնելու թուրքական մի ավիաընկերության գրասենյակից: Պատահմամբ հարցրի՝ Երեւանի տոմսե՞ր էլ եք վաճառում: Երիտասարդ աշխատակիցն ասաց՝ այո: Հենց էնպես հարցրի` կարո՞ղ է (ամսաթիվը չեմ հիշում, երեք օր հետո էր թռիչքը) տոմս ունենաք Ստամբուլ-Երեւան առաջիկա չվերթի համար: Ասաց՝ հիմա կճշտեմ: Զանգեց ինչ-որ տեղ, հետո ասաց` այո, կա տոմս: Մենք զարմացել էինք, որովհետեւ գիտեինք, որ այդ թռիչքը սպասարկում է «Բագրատ տուր»-ը, որի գրասենյակում եղել էինք եւ մեզ ասել էին, թե բոլոր տոմսերը վաճառված են: Հարցրինք գինը՝ մեկ տոմսի արժեքը 510 դոլար: Սա միակողմանի թռիչքի գինն էր: Այս գնով երկկողմանի տոմսն էր վաճառվում: Մենք գնեցինք երկու տոմս: Վերջում հարցրի` իսկ ու՞ր էիք զանգել ճգտելու` տոմս կա՞, թե ոչ: Ասաց` «Բագրատ տուր»: Թռիչքի օրը «Բագրատ տուր»-ի ներկայացուցիչը, որի հետ վիճել էինք, մոտեցավ մեզ եւ առաջարկեց առանց հերթի անցնել հաշվառումը: Մենք հրաժարվեցինք: Ինչու՞ այս վերջին պահը շեշտեցի, որովհետեւ այս անգամ` դեկտեմբերի 7-ին ետ դառնալիս Ստամբուլի օդանավակայանում «Բագրատ տուր»-ի նույն ներկայացուցիչը ինչ-որ մարդկանց առանց հերթի էր անցկացնում: Պատկերացնու՞մ եք` տասնյակ մարդիկ կանգնած են, բագրատտուրցին կողքից ինչ-որ «լավ տղերքի» է անցկացնում: Որեւէ ուրիշ չվերթի ժամանակ նման բան չես տեսնի, իսկապես: «Բագրատ տուր»-ի Երեւան-Ստամբուլ, Ստամբուլ-Երեւան չվերթը ճիշտ եւ ճիշտ նման է Երեւանում գործող երթուղային տաքսիների «գծերին»»: Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել դեկտեմբերի 2-ին: «Մենք արդեն նստած էինք ինքնաթիռում, անցավ տասը րոպե, ուղեկցորդուհուն հարցրինք՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչու՞ չենք թռչում: Նա ասաց` մի քիչ հետո կգնանք, խնդիր է ծագել: Հետո ինքնաթիռի առջեւի մասում մարդիկ խմբվեցին, ինչ-որ վիճաբանություն էր: Ինքնաթիռում պատգամավոր կար, ես մտածեցի, որ նրա հետ կապված կլինի եւ գնացի պարզելու, թե ինչ է տեղի ունենում: Ուղեկցորդուհին իր դիմացը կանգնած կնոջն ասաց հետեւյալը. «Ձեր պատճառով հիմա ուղեւորներին պիտի իջեցնենք, լավ կլինի` իջնեք ինքնաթիռից»: Այդ կինն ասաց, որ չի իջնի եւ ինչ-որ տեղ զանգեց: Նրա խոսելուց զգացվում էր, որ «լուրջ տանիք» ունի: Որոշ ժամանակ անց ուղեկցորդուհին հայերենով հայտարարեց, որ բոլորը պետք է իջնեն ինքնաթիռից: Ինքնաթիռում կային այլազգիներ, նրանք ոչինչ չէին հասկանում եւ կարծում եմ` այդպես էլ մինչեւ վերջ չիմացան, թե ինչ տեղի ունեցավ: Իջանք ինքնաթիռից, նորից անցանք անվտանգության զննում: «Բագրատ տուր»-ի ներկայացուցիչն այդտեղ կանգնած անընդհատ հեռախոսով խոսում էր, նա կարմրած էր ու խոսելիս կարկամում էր: Կանանցից մեկը մոտեցավ նրան, հեռախոսը պարզեց եւ ասաց՝ առ, ԿԳԲ-ի հետ խոսա: Նա շրջվեց: Այդ կինն ասաց` ԿԳԲ-ի հետ էլ չես ուզու՞մ խոսել: Նա այնքան բարձր ասաց, որ ձեռքում պահած հեռախոսի մեջ լսվի: Ըստ երեւույթին, «Բագրատ տուր»-ի ներկայացուցչի հետ մի ուրիշ «կարեւոր» մարդ էր խոսում: Երկու կին ուղեւորները, որոնք դուրս մնացին, գործարարներ էին: Նստեցինք ինքնաթիռ եւ մեկ ժամ 10 րոպե ուշացումով շարժվեցինք: Ինչպիսի բացատրություն էլ այսօր տան «Բագրատ տուր»-ի ներկայացուցիչները, չի կարելի հավատալ, որովհետեւ նման միջադեպերը պատահականություններ չեն, սրանք օրինաչափություններ են, որոնց զոհգ են դառնում բավականին թանկ գնով տոմսեր ձեռք բերած ուղեւորները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter