HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Papier d'Armenie

Փարիզի դեղատներից մեկում ցուցադրվող ապրանքատեսակների մեջ ուշադրություն գրավեց թռչնագիր մի տառ: Անմիջապես մոտեցանք` Papier d'Armenie (Հայաստանի թուղթ): «Սա ի՞նչ է»,- հարցրեցինք դեղատան աշխատողին: Վերջինս ոգեւորվեց տեսնելով մեր հետաքրքրությունը` «Կա Հայաստան մի երկիր: 19-րդ դարում այնտեղ ժանտախտ է տարածվում, եւ ոչ մի միջոց չի օգնում դրա դեմ պայքարելու համար, ի վերջո սկսում են վառել բենզոյական (խնդրուկի, սեւ խնկի) խեժը, որը օդում տարածվելով` բուժում է հիվանդությունը:

Մի ֆրանսիացի էլ գնում է Հայաստան եւ բերում է գաղտնիքը: Այսօր Հայաստանում մոռացվել է այդ մասին, բայց Ֆրանսիայում այն արտադրվում է մինչ օրս»: Papier d'Armenie ձեռնարկության տնօրեն Միրեյ Շվարցը պատմեց, որ 19-րդ դարում Հայաստանում այդ խեժը վառում էին պարզապես տները վարակազերծելու, օդափոխելու համար:

21_12-pda-2

Դա իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ նկատում է ֆրանսիացի դեղագործ Օգյուստ Պոնսոն: Պոնսոն հիանում է վարակազերծման այդ ավանդույթով: Ֆրանսիա վերադառնալով` իր գործընկեր եւ դեղագործ Անրի Ռիվիեի` Միրեյ Շվարցի մեծ պապի հետ փորձում է այդ խեժը լուծել ալկոհոլի մեջ` մնայուն բուրմունք ստանալու համար, որի մեջ այնուհետեւ թրջում են թղթեր, որոնք չորանալուց հետո դանդաղ այրվում են առանց ծխի` պահպանելով բենզոյական խեժի իրական բույրը: Այսպես էլ ծնվում է Papier d'Armenie-ն:

21_12-pda-1

«Հայաստանի թղթի» արտադրությունը սկսվում է 1885 թվականից: Ձեռնարկությունը նախ գործում է Փարիզում, այնուհետեւ տեղափոխվում է Մոնռուժ` փարիզյան արվարձանի մի քաղաք: Այսօր այն կրում է Մոնռուժի ամենահին ձեռնարկություն տիտղոսը: «Մեծ պապս եւ պարոն Պոնսեն շատ շուտով բաժանվում են միմյանցից: Մեծ պապս պահում է ձեռնարկությունը:

21_12-pda-3

Ընտանեկան գործը շարունակում են պապս, այնուհետեւ մայրս: 1993-ից ի վեր ես եմ ղեկավարում ձեռնարկությունը: Երբ ստանձնեցի տնօրենի պաշտոնը, ընկերությունը մահվան եզրին էր: Մի օր հրավեր ստացանք մասնակցելու բիոլոգիական մի ցուցահանդեսի, որտեղ մեծ հաջողություն ունեցանք: Ստացանք նոր պատվերներ: Մի ժամանակ վաճառում էինք տարեկան 220 հազար գրքույկ, այսօր դրանց թիվն հասել է երկու միլիոնի: Դեռ մեծ պապիս ժամանակ այն արտահանվում էր Կանադա: Այսօր մեծ հետաքրքրություն կա Ճապոնիայում, արտահանվում է արեւմտյան եվրոպայի երկրները»,- պատմեց Միրեյ Շվարցը: Տարիների ընթացքում արտադրությունը մեքենայացվում է: Այսօր ձեռնարկությունն ունի ինը աշխատող: Այն ծառը, որից ստանում են բենզոյական խեժը, կոչվում է ստիրաքս, այն ներկրում են Լաոսից: Արտադրության ողջ ընթացքը տեւում է վեց ամիս:

21_12-pda-4

Մ. Շվարցը պատմեց նաեւ, որ բենզոյական խեժը շատ է գործածվում դեղագործության մեջ, թոքային հիվանդությունների, բրոնխների համար: Օգնում է վերքերի սպիացմանն ու դրանց չորացմանը: 1989 թ-ին առաջին ցուցահանդեսի ժամանակ Papier d'Armenie-ի գյուտարարները երկու ափսեի մեջ միս են դնում եւ գլանով ծածկում: Առաջինի մեջ Papier d'Armenie են այրում: Մեկ շաբաթ անց բացում են երկու ափսեները: Երկրորդ կտոր միսը ամբողջովին փչացած է լինում, իսկ առաջինը` համեմատաբար նորմալ վիճակում: Սա լինում է նրանց առաջին հաջողությունը: Այնուհետեւ այն լայն տարածում է գտնում ողջ երկրում, արժանանում տարբեր մրցանակների:

Ֆրանսիական ընտանիքներում տասնյակ տարիների ավանդույթ դարձած Papier d'Armenie-ն նոր արտադրատեսակներով շուկա դուրս եկավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, երբ համագործակցության առաջարկ արվեց ֆրանսահայ մեծ օծանելիքագործ Ֆրանսիս Կուրկջյանի կողմից:

«Ֆրանսիս Կուրկջյանը զանգահարեց ինձ, ասաց` ես հայ եմ եւ շատ եմ սիրում Papier d'Armenie-ն եւ կուզենայի մի բան անել հայկական տարվա շրջանակներում: Եվ այդպես նոր գրքույկ ստեղծեծինք: Իսկ կազմի համար ներշնչվեցինք պապիկիս համաքածուի մի հին գրքույկից: Երբ Ֆրանսիսը տեսավ սա, ասաց, որ իրեն ծանոթ է: Հետո փնտրեց հայկական այբուբենում ու ասաց, որ Բ տառն է: Մի դիզայների օգնությամբ ուղիղ գծիկը թեքեցինք ու ստացան P-ն: Այս գրքույկներն արտադրեցինք հայկական տարվա շրջանակներում, բաժանեցինք հանդիսությունների ժամանակ: Այնուհետեւ վաճառքի հանեցինք ու մեծ հաջողության հասանք: Արտադրությունը շարունակեցինք: Հետո սկսեցինք մոմերի արտադրությունը: Այս տարվանից սկսեել ենք արտադրել վարդի բույրով մոմեր: Վաճառքը շատ լավ է, բայց մի փոքր պետք է կանգ առնենք»,- պատմեց տնօրենը:

Papier d'Armenie ապրանքանիշն այսօր էլ բարձր վարկանիշ ունի Ֆրանսիայում, ըստ վիճակագրական տվյալների ֆրանսիական յուրաքանչյուր չորրորդ ընտանիք արդեն իսկ գործածել է այն, իսկ յոթանասունմեկ տոկոսը ճանաչում է ապրանքատեսակը: Տնօրենը ափսոսանք հայտնեց, որ իրենց արտադրանքի մասին անտեղյակ են Հայաստանում` հույս հայտնելով, որ մեր հոդվածից հետո միգուցե հետաքրքրություն առաջանա, եւ Papier d'Armenie-ն արտահանվի նաեւ Հայաստան: «Ֆրանսիայի հայերը լավ ճանաչում են մեզ, շատ զանգում են եւ հաճախ հարցնում են, թե ես հայ եմ: Ես պատասխանում եմ, որ հայ չեմ, բայց սրտով եմ հայ»,- ասում է Միրեյ Շվարցը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter