HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ստամբուլի Քուզգունջուք թաղամասում միայն մեկ հայ ընտանիք է ապրում

21_12-safaryans

«Ֆուտբոլը իմ կյանքն է, ֆուտբոլը իմ սիրտն է: Ամեն օր ժամերով ես կարող եմ ֆուտբոլ խաղալ` առանց հոգնելու»,- ասում է 16-ամյա Գուրգեն Սաֆարյանը: Սաֆարյանների ընտանիքը Ստամբուլի Քուզգունջուք թաղամասում ապրող միակ հայ ընտանիքն է: Գուրգենը Սաֆարյանների ավագ որդին է: Նա ընդամենը 2,5 տարեկան է եղել, երբ 13 տարի առաջ ընտանիքը լքել է Երեւանը եւ հաստատվել Ստամբուլում: Ընտանիքի երրորդ երեխան` Հայկուշը, Թուրքիայում է ծնվել:

Արդեն 11 տարի է, Գուրգենի հայրը` 42-ամյա Արամ Սաֆարյանը, աշխատում է Քուզգունջուք թաղամասի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` որպես պահակ: Եկեղեցին կառուցվել է 1835 թ., 1861 թ. նորոգվել է: 

Չորեքշաբթի օրերին եկեղեցում պատարագ է լինում: Արամի խոսքերով` երբեմն անցորդները հետաքրքրության համար եկեղեցի են մտնում: Սաֆարյանների ընտանիքը ապրում է եկեղեցուն կից տանը:

21_12-safaryans-1

«Մզկիթը եկեղեցու կողքն է: Էստեղ գիշերը ես որ պահակություն եմ անում, ասենք, շունը որ հաչում է, ես վեր եմ կենում, նայում եմ, մի հատ էլ մզկիթին եմ նայում: Մի քանի անգամ մզկիթի դուռը ջարդելիս գող եմ բռնել, կամ երբ ասենք մզկիթները վառում էին: Ու ասենք, ճիշտ է` սա եկեղեցի է, նա մզկիթ է, ինձ համար տարբերություն չկա: Մեր հայկական լավ խոսք կա, չէ՞. «Որտեղ որ ջուր ես խմում, էդ աղբյուրի վրա քար գցելը հանցագործություն է»: Ես էստեղ ապրում եմ, էստեղ ուտում եմ, խմում եմ, իմ երեխեքը էստեղ մեծանում եմ: Հեռուստացույցով, թերթերի մեջ ելած եմ, որ ասենք Քուզգունջուքի միակ հայն է»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքերով` մինչեւ անցած դարի 38-39 թթ. թաղամասում հիմնականում հայեր, ռուսներ, հույներ եւ հրեաներ են ապրել, մահմեդական չի եղել: Հետո կամաց-կամաց մահմեդականները շատացել են, իսկ այսօր ամբողջ թաղամասում միակ հայ ընտանիք է ապրում: Երբ 13 տարի առաջ Արամը Ստամբուլ եկավ` մշտական բնակվելու, Երեւանից իր հետ որեւէ բան չբերեց: «Երեւանից ստեղ ոչ մի բան չունեմ, ոչ մի նկար, ոչ մի բան: Չեմ բերել հետս: Երեւանում` եղբորս տանն է»,- ասաց նա: Արամի կինը` Կարինեն, աշխատում է Կենտրոնական վարժարանում: Կարինեն Երեւանի մանկավարժական համալսարանն է ավարտել, բայց չի կարող Թուրքիայում ուսուցչուհի աշխատել, քանի որ Հայաստանի դիպլոմները Թուրքիայում «չեն անցնում»: «Ես գրադարանում եմ աշխատում, քարտուղարական գործեր, տանել-բերել, ձեռքի հետ հերթապահություն, թեյ, սուրճ: Բայց ես էստեղ առանձին դիպլոմ ստանալու համար դասերի եմ գնում: Միջնակարգ դպրոցինը վերցրել եմ, հիմա ավելի բարձր քոլեջի դասընթացներին եմ գնում»,- ասաց Կարինեն: 16-ամյա Գուրգենը մի շարք սպորտաձեւերի մարզումների է մասնակցել` շախմատ, բասկետբոլ, վազք, սեղանի թենիս, վոլեյբոլ, եւ ի վերջո ընտրել ֆուտբոլը: Նա արդեն 7 տարի է, խաղում է Թուրքիայի «Ֆեներբախչե» թիմում: Քննությունը հաջող հանձնելու դեպքում նա կանցնի հաջորդ փուլ` 17 տարեկանների խումբ, իսկ այնուհետեւ կխաղա Թուրքիայի ազգային հավաքականում: Գուրգենը «Ֆեներբախչեում» խաղացող միակ հայն է:

«Ուրիշ թիմերի հետ շատ-շատ մրցումներ են լինում` մեր տարիքային էլ, մեր տարիքից փոքրերն էլ, Եվրոպայից եկած թիմերն էլ են լինում: 2005 թ. աշխարհի ամենալավ խաղացող թիմերից չեմպիոնները եկել էին, ֆինալը Թուրքիայում է եղել»,- ասաց Գուրգենը: Այնուամենայնիվ, Գուրգենի խոսքերով, ֆուտբոլիստ դառնալը իր համար «երկրորդ պլանում է, ֆուտբոլը հոբբի է ուղղակի»: Ինքը ցանկանում է ինստիտուտ ընդունվել եւ ծրագրավորող դառնալ: Արամյան վարժանարում, ուր սովորում է Գուրգենը, բոլոր առարկաները դասավանդվում են թուրքերենով` բացառությամբ հայոց լեզվի եւ կրոնի պատմության: Չորս տարի հետո Գուրգենը կավարտի վարժարանը: Ընտանիքի` Թուրքիայում հաստատվելուց հետո Գուրգենը մի քանի անգամ եղել է Հայաստանում: Երեւանը լավ տպավորություն է թողել նրա վրա:

«Այս տարի` 2009 թ. օգոստոսին, ամեն ինչ շատ փոխվել էր` թազա տեղեր, թազա ավտոներ, նորություններ: Այս թազան հնից ավելի լավ է, որովհետեւ 2002 թ.-ի Հայաստանը աղքատ էր երեւում: Բայց հիմա մարդկանց հագնվելուց արդեն հասկացվում է, որ արդեն շատ առաջ է գնացել, ամեն ինչ շատ լավ ձեւով փոխվել է Հայաստանում»,- ասաց Գուրգենը: Գուրգենի երազանքներից մեկն էլ գործարար դառնալը եւ Հայաստանում բիզնես ունենալն է: Նա ցանկանում է գնալ-գալ Հայաստան, ոչ թե մշտապես Հայաստանում ապրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter