HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանում բացվեց Ա. Մանուկյանի կիսանդրին. տեսակետները բախվում են

21-12_kisandri

Երեկ Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում հանդիսությամբ բացվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Թաթուլ Հարությունյանը, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը իրենց ելույթներում անդրադարձան Ա. Մանուկյանի գործունեությանը:

Հուշարձանի բացումից հետո Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած ազգային գործչի ծննդյան 130 ամյակին նվիրված գիտաժողովում խոսվեց մեծ սյունեցու մասին` որպես առաջին Հանրապետության հիմնադիր, ներկայացվեց նրա կերպարը ԼՂՀ պաշտպանության բանակում, անդրադարձ եղավ նրան` որպես ազգային պետական գործչի, առաջին Հանրապետության անդրանիկ նախարարի, Վան-Վասպուրականի հերսամարտի կազմակերպչի. Վանի նահանգապետի, Երևանի դիկտատորի: Հնչեցվեցին  պատմաբանների, քաղաքական գործիչների, ականատեսների պատմություններ Ա. Մանուկյանի մասին: Այս  տարվա սեպտեմբերի 28-ին Արամ Մանուկյանի կիսանդրին զբաղեցրեց անվանի ջրացատկորդ, ծնունդով կապանցի Դավիթ Համբարձումյանի կիսանդրու տեղը: Նշենք, որ վերջինիս կինսադրին 2007-ի սեպտեմբերի 14-ին է տեղադրվել  Կապանի քաղաքապետարանի մերձակա զբոսայգում, որտեղ մի քանի տասնամյակ Վլադիմիր Լենինի կիսանդրին էր: Նույն օրը բացվեց «Ժառանգություն» կոմպոզիցիա-քանդակը, որտեղ պատկերված են Արամ Մանուկյանի, սուրբ Մովսես Խոտանանցու եւ լեռնագործի կերպարները: Կապանի համայնքի ավագանու 2009թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ Դավիթ Համբարձումյանի կիսանդրին տեղադրվել է մանկապատանեկան մարզադպրոցի բակում, քանի որ  դպրոցը նույնպես անվանակոչվել է ջրացատկորդի անվամբ: Սյունիքի մարզկենտրոնում` քաղաքապետարանի առաջ Ա. Մանուկյանի կիսանդրու տեղադրումը բազմաթիվ խոսակցությունների առիթ տվեց: Ոմանց կարծիքով, Կապանի քաղաքապետը ՀՅԴ անդամ է, ու այդ փաստը նպաստեց ավագանու որոշմանը: Մի մասի կարծիքով էլ` դա Դավիթ Համարձումյանի կիսանդրու տեղը չէր, և շուտ թե ուշ պետք էր այդ փոփոխությունը լիներ: Մասնագետների մի մասի դիտարկմամբ էլ` նպատակահարմար չէ «Ժառանգություն» կոմպոզիցիայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ունենալ Արամ Մանուկյանի 2 արձան: Նշենք, որ բոլոր հուշարձանների հեղինակը  ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի կարծիքով, Ա. Մանուկյանի կիսանդրին նման չի իրական Ա. Մանուկյանին: «Նկարներ շատ կան, կարելի էր նայել ու ճիշտ քանդակել: Այս կիսանդրին ավելի շուտ դաշնակցական Կարապետին է նման»,- ասաց պատմաբանը: «Սյունյաց երկիր» պարբերականի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն էլ «Հուշարձանային վերադասավորումներ» հոդվածում նշել է, որ «տեղական իշխանության քարոզիչները մեզ բացատրում են, թե քանդակագործը ձգտել է արտահայտել Արամ Մանուկյանի խրոխտ, քաջ, արժանապատիվ կեցվածքը, ինչին դժվար է համաձայնել»:

«Ի վերջո, նրա հերոսական կերպարն արտահայտելու համար ամենեւին էլ պետք չէր ինչ-որ մի նորօրինակ դեմք հորինել եւ պատվանդանին գրել Արամ Մանուկյան: Նրա լուսանկարային կեցվածքն էլ պակաս ոգեշնչող չէ ու տպավորիչ, եւ ճիշտ կլիներ հիմք ընդունել լուսանկարներից որեւէ մեկը ու նոր միայն արձակել երեւակայության սանձը: Գործի էությունը չի փոխում նաեւ այն հանգամանքը, թե իբր քանդակը (այդ մասին արտահայտվել է Լեւոն Թոքմաջյանը) ներկայացվել է միջազգային ինչ-որ միցանակի»,- նշում է Ս. Ալեքսանյանը: Վերջինիս հոդվածը տպագրվել է գիտաժողովի  ամսագրում: Ս. Ալեքսանյանը հուսով է, որ գալիք իշխանություններն ու սերունդները ձեռք չեն բարձրացնի Արամ Մանուկյանի հուշարձանի վրա:

«Մենք պետք է հնարավորինս զգույշ եւ չափավոր գտնվենք քաղաքների կենտրոններում պետական-քաղաքական գործիչների արձանները տեղադրելիս: Մենք պետք է նրանց հիշատակի հավերժացման այլ ձեւերի դիմենք»-ասում է մասնագիտությամբ պատմաբան Ս. Ալեքսանյանը: Իսկ Արամ Մանուկյանի կիսանդրու հանդիսավոր բացման ժամանակ ասմունքեց իր անվանակից 11-ամյա Արամ Մանուկյանը; Վերջինիս հայրը ՀՅԴ անդամ է, ու փոքրիկ Արամը համոզված է, որ «Ա.Մանուկյանի նման ուժեղ ազգային գործիչ կդառնա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter