HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամբաստանյալի փաստաբանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև 2010թ.

22-12_S.-SargsyanՇիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նախագահությամբ Էդվարդ Մանուկյանի սկսվել է ապրիլի 15-ին ծեծի հետեւանքով մահացած Տիգրան Թադեւոսյանի քրեական գործի քննությունը` ծեծին մասնակից տղաների մասով: Ամբաստանյալի նստարանին չորս տղաներից միայն մեկն է, երեքը գտնվում են փախուստի մեջ: Սամվել Վարդանի Սարգսյանը, ծնված 1990թ-ին, 8-ամյա կրթությամբ, որեւէ տեղ չի սովորում, չի աշխատում, նախկինում դատված չի եղել: Կալանքի տակ է մայիսի 9-ից: Համարվում է ծեծկռտուքի նախաձեռնողն ու կազմակերպիչը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլին: Սպանության պատճառը «Օդնոկլասնիկի» կայքում ծանոթ աղջկա հասցեին գրված «Գնա, քու…» արտահայտությունն է եղել: Աղջկա ընկերները Տիգրանին այնպես էին ծեծել, որ նա 10 օր անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել էր: Դեկտեմբերի 10-ի դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց: Հայցվոր կողմի փաստաբան Աննա Դավթյանը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց գործին ծանոթանալու համար: Դատավոր Էդվարդ Մանուկյանը բավարարեց միջնորդությունը: Իսկ դեկտեմբերի 21-ի դատական նիստը հետաձգելու միջնորդություն այս անգամ ներկայացրեց ամբաստանյալի փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա պատճառաբանեց, որ իրեն ժամանակ է հարկավոր, որպեսզի մեկուսարանում հանդիպի Սամվել Սարգսյանի հետ եւ նրան բացատրի, թե ինչ բան է արագացված դատաքննությունն ու ինչ կարող է տալ այն իր պաշտպանյալին, եթե նա ընտրի դատաքննության այդ ձեւը: Այդ մասին մինչեւ նիստը խնդրել էր ամբաստանյալը: Նախագահող դատավորը սկզբում առարկեց միջնորդության դեմ, ասելով, որ կարգը բացատրելու համար 5 րոպեն էլ է բավական, իսկ փաստաբանը չգիտես ինչու դրա համար մեկ շաբաթ է խնդրում: «Մեկ շաբաթը ոչ թե ինձ, այլ իմ պաշտպանյալին է պետք»,- արդարացավ Թամարա Յայլոյանը: Դատավորն ի վերջո բավարարեց միջնորդությունը` նիստն ընդմիջելով մեկ ժամով; Երբ նիստը վերսկսվեց, պարզվեց, որ ամբաստանյալի փաստաբանը բացակայում է, իսկ բջջային հեռախոսն անջատված է ու հնարավոր չէ ճշտել, թե ինչ պատճառով է նիստից բացակայում Թամարա Յայլոյանը: Դատավոր Մանուկյանը ստիպված էր դատական նիստը  հետաձգել` հայտարարելով, որ նոր դատական նիստ կնշանակվի արդեն 2010թ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter