HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մեղրիի նախկին քաղաքապետը չի ընդունում մեղադրանքները

Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ «Ես չեմ իմանում` ում բողոքի հիման վրա են գործ հարուցել, քննչական մարմինն էլ ոչինչ չի ասում»,-«Սոսի» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ասել է  նախկին քաղաքապետը։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական վարչության քննած քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքը, քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, քաղաքապետարանի վարչական շենքի 189,2 քառակուսի մետր տարածք ունեցող դահլիճը 5 մլն 675 հազար դրամ շուկայական արժեքով, 2005 թ. դեկտեմբերի 20-ին վաճառել է իր եղբորը` ակնհայտ ցածր գնով, ընդամենը  567 հազար դրամով: Բացի այդ, 16 մլն դրամ շուկայական արժեք ունեցող համայնքային սեփականություն հանդիսացող Մեղրիի նախկին խճաքարի գործարանի հարեւանությամբ գտնվող 5 հա արտադրական նշանակության եւ 7.5 մլն դրամ շուկայական արժեք ունեցող 15 հա գյուղատնտեսական այլ նշանակության հողատարածքն ակնհայտ ցածր գնով՝ համապատասխանաբար 13 մլն 860 հազար և 551 հազար 250 դրամով վաճառել է ավագանու անդամ Ս. Համբարձումյանին: Ըստ ՀՀ  գլխավոր դատախազության,  Մ. Հովհաննիսյանը  համայնքին պատճառել է 14 մլն 196 հազար 750 դրամի վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով։ Մ. Հովհաննիսյանի կարծիքով, ամեն ինչ օրենքով է արվել։ «Կա համայնքի ավագանու որոշումը, անօրինական ոչինչ չի արվել։ Որ պետբյուջեն լցնում էի, ոչ մեկը շնորհակալություն չէր ասում, իսկ հիմա...Քարուքանդ շինությունից քարեր ենք վաճառել մարդկանց, որ տուն սարքեն, կլյաուզյա են անում, շանտաժ»,-ասաց նա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի   դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթում է գտնվում պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու համար Մեղրիի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Դատվաորը արձակուրդում է` հանրապետությունից դուրս, ու չկարողացանք խոսել նրա հետ։ Ինչպես տեղեկացրեց Միշա Հովհաննիսյանի փաստաբան Մարիամ Աբրահամյանը, դատավորը քրեական գործի կասեցման մասին որոշում է ընդունել։ ՀՀ Քրեական օրենսգրքի 31 հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով, երբ մեղադրյալը ծանր հիվանդության պատճաոռվ չի կարող մասնակցել քրեական գործի վարույթին, ու առանց նրա մասնակցության   քրեական գործով հետագա վարույթը անհնար է դարձել, գործը անորոշ ժամկետով կասեցվում է։ «Միշա Հովհաննիսյանը անկողնային հիվանդ է, վիրահատել են ոտքերը, ու նա չի կարող տեղաշարժվել։ Երբ նա հնարավորություն ունենա գոնե հենակներով շարժվելու, ապա դատաքննությունը կսկսվի»,-ասաց փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter