HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մեղրեցիներին հուսախաբ ե՞ն անում

25-12_marzpet

Այս տարի այդպես էլ կառավարությունը չվերանայեց 2009 թ. սեպտեմբերի 17-ի իր որոշումը, որում լրացումներ եւ փոփոխություններից հետո պետք է միավորվեին «Մեղրիի բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲ ընկերությունները՝ ստեղծելով «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ: Մեղրեցիները դժգոհելով այս որոշումից մտադիր էին նոյեմբերի 17-ին հանրահավաք կազմակերպել ու փակել միջպետական 2 ճանապարհները: Սակայն հանրահավաքը չկայացավ: 

«Առողջություն ու բարեկեցություն» ՀԿ նախագահ, «Մեղրիի բժշկական կենտրոնի» ընտանեկան բժիշկ, նախաձեռնող խմբի անդամ Նվարդ Խաչատրյանը «Հետքի»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ հարցը կարգավորման փուլում է: Նվարդ Խաչատրյանը վկայակոչեց Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանին, ով էլ ավագանու նիստում հայտարարել էր, որ «Սյունիքի մարզպետը մեղրեցիների բողոքը հասցրել է կառավարություն, ու կվերանայվի որոշումը»: Այդ իսկ պատճառով, ըստ Ն. Խաչատրյանի, «չէին ցանկանա նախաձեռնող խմբին ընդունել որպես ընդդիմադիր ուժ և հարցը քաղաքականցնել»: Նախաձեռնող խումբը, որի 10 անդամներից 6-ը Մեղրիի համայնքի ավագանու անդամներ են, պարզապես որոշել էին հանրահավաքը հետաձգել ու սպասել կառավարության որոշմանը: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Սյունյաց երկիր» մարզային պարբերաթերթի դեկտեմբերի 17-ի համարում անդրադարձել էր խնդրին:

«Չգիտեմ` բողոքը հասե՞լ է Կառավարություն, թե՞ չէ: Արդեն նշեցի. փոխվարչապետի մոտ առողջապահության նախարարի եւ ԾԻԳ-ի տնօրենի հետ այդ հարցը քննարկել ենք: Հարցը շուտով վերջնական լուծում կստանա, խնդիրներ չեն լինի: Ի վերջո, այդ ամենն արվում է բնակչության առողջապահական սպասարկումը բարելավելու նպատակով»,-ասել է մարզպետը: Վերջինս նաև չի թերագնահատել Մեղրիի քաղաքապետի գործը:

«Ասում են` նոյեմբերի 17-ին այդ հանրահավաքը պիտի լիներ, բայց քաղաքապետը կարողացավ հարցը ճիշտ ներկայացնել ժողովրդին, եւ մարդիկ հասկացան, որ ազատվող շենքերի հարցում համայնքի շահը չի կարող անտեսվել ոչ մի պարագայում»,-նշել էր մարզպետը: Վերջինս համոզված է, որ Մեղրիի բժշկական շենքը կդառնա համայնքային սեփականություն:

«Եվ ավելացնեմ, որ Մեղրու համայնքը կոնկրետ շենքային պայմանների լուրջ խնդիր ունի: Այսօր Մեղրու քաղաքապետարանում բազմաթիվ ծառայություններ` հարկային, սոցիալական, կադաստրի, պետռեգիստրի, աշխատում են տարածքային սուղ պայմաններում, դրանք կարող են տեղավորվել ազատված շենքի մեջ. դա քաղաքապետի որոշելիք խնդիրն է»,-նշում է մարզպետը: Նախաձեռնող խմբի անդամները տեղյակ էին թերթի հրապարակումից: Սակայն նրանք առայժմ որևէ մեկնաբանություն չեն անում: «Առաջիկայում կհրապարակենք մեր տեսակետը»,-ասացին նրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter