HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Եկեք լինենք ուրախ, որ մեզ շրջապատող աշխարհն էլ ուրախ լինի»

Ամանորյա ակնկալիքներ

Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին մանկագիր Երվանդ Պետրոսյնաը, Թումանյանի անվան տիկնիկայինի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանն ու երգչուհի Սիլվա Հակոբյանը: Ասուլիսը վարում և իրենց ամանորյա հարցերը հյուրերին ուղղում էին երեխաները:

Ի՞նչ է ձեզ համար Նոր տարին:

Երվանդ Պետրոսյան. «Նոր տարին ակնկալիքների տոն է, ուզում ես, որ գալիք տարին ավելի լավը լինի, քան նախորդը»: 25_12-R-BabayanՌուբեն Բաբայան. «Սա այն տոնն է, որին մեծից փոքր, բոլորը սպասում են: Տարիների ընթացքում Նոր տարվա ընկալումը փոփոխվում է մարդու մոտ, երբ երեխա ես, ասում ես` ուռա~, մի տարով էլ մեծացա, իսկ երբ հասուն տարիքում  ես, արդեն նայում ես, թե ձեռքբերումներդ որքան էին, ինչ արժեքավոր բան ստեղծեցիր այդ տարի: Բայց մի բան կա, որ բոլոր տարիքի մարդկանց բնորոշ է. հույսն է եւ հրաշքի սպասումը: Անկախ մեր մտածելակերպից` սիրտդ սկսում է հաճելի սպասումից խփել ու մտածում ես, որ այս տարի հաստատ ինչ-որ բան կփոխվի»: Սիլվա Հակոբյան. «Սիրում եմ Նոր տարին: Այն գունավոր է եւ լուսավոր, հատկապես փոքրիկների համար: Ես մինչեւ հիմա էլ հավատում եմ Ձմեռ պապիկի գյությանը եւ բոլոր երեխաներին էլ կոչ եմ անում միշտ հավատալ: Բնականաբար, ինչ տրամադրությամբ եւ հագուստով դիմավորում եմ Նոր տարին, այնպես էլ այն անցկացնում եմ»: 25_12-N-Muradyan

Նաիրա Մուրադյան. «Ինձ համար հիմա Նոր տարին ավելի շատ իմ երեխաներին ու թոռնիկին ուրախացնելու համար է: Չեմ սպասում` ինձ նվեր կտա՞ն, թե՞ ոչ, այլ անպայման բոլորին պատրաստում եմ նվերներ: Պարտադիր պայման է մի մեծ աման խաղողի թփով տոլման եւ շատ այլ ուտելիքներ: Ինձ համար Նոր տարին պարտադիր կերպով կապվում է համեղ ուտեստների եւ ավելի շատ դրանք պատրաստելու հետ: Ինձ համար Նոր տարվա խորհրդանիշ է ձյունը, հույս ունեմ, որ այն կգա այս տարի»:

Ի՞նչ եք արել այս տարի երեխաների համար: 25_12-E-Petrosyan

Երվանդ Պետրոսյան. «Քանի որ իմ գործունեությունը մեծամասամբ կապված է երեխաների հետ, ուրախ եմ, որ ամեն տարի էլ ինչ-որ բան կարողանում եմ անել նրանց համար: Այս տարի տպագրել եմ «Պապ ու թոռ» գիրքը, ինչպես նաեւ բոլոր ժամանակների իմ տպագրած գրքերը հավաքել եմ մի «Գրքերի երամ» վերնագրով գրքում: Այդտեղ մի բանաստեղծություն կա, որում ասվում է, թե իմ ամեն մի գիրքը մի թռչուն էր, որ թռել, հեռացել էր, հիմա կանչում եմ, որ գան եւ կազմեն մի երամ եւ արդեն երամով թռչեն: Ինձ խոսք են տվել, որ մինչեւ Ամանոր այն լույս կտեսնի: Այն համարում եմ իմ այս տարվա հաջողությունը եւ ուզում եմ, որ իմ այդ ուրախությունը փոխանցվեր բոլոր մանուկներին. հենց իրենց է ուղղված իմ ողջ գործը»: Ռուբեն Բաբայան. «Ինձ համար երեխաների հետ աշխատելն առօրյա է: Այդ աշխատանքը ծանր չեմ համարում, որովհետեւ մեծ հաճույք եմ ստանում իմ գործունեությունից, որովհետեւ այն ուղղված է երեխաներին, այն հնարավորություն  է տալիս միշտ սթափ լինել: Մեծերը հաճախ կեղծում են, իսկ երեխաներն այդ հատկությունը չունեն»: Սիլվա Հակոբյան. «Ինձ համար երեխաները հրաշքներ են: Հավատացեք, որ յուրաքանչյուր երգ անելուց առաջ ինձ համար ամենակարեւորը երեխաների կարծիքն է լինում: Եթե նրանց դուրը եկավ, ուրմեն բոլորին դուր կգա, ուրեմն դու հաջողակ ես: Ես փոքր տարիքից եմ երգում եւ միշտ էլ շատ բարեգործական համերգների եմ մասնակցել: Երեխաներին մյուս տարի մեծ նվեր ունեմ, վերջապես երգ կձայնագրվի եւ տեսահոլովակ կնկարվի «Սիլոյի պար»-ի հիման վրա: Սիլոն ես եմ, պարն էլ երեխաների համար է»: Նաիրա Մուրադյան. «Որքան մեծանում ես, սկսում ես գիտակցել, որ երեխաների համար աշխատելն ավելի հետաքրքիր է: Երբ երիտասարդ էի, բոլոր ֆիլմերս մեծերի համար էր: Որքան մեծացա, այնքան մանկական թեման ինձ ավելի հետաքրքիր դարձավ: Սկսեցի հիշել մանկությունս, որը ցանկացած մարդու համար ամենաթանկն ու բարին է, ավելի հետաքրքիր ու վառ է: Երբ մանկությունից ես խոսում, բոլորի դեմքը պայծառանում է, հայտնվում են ժպիտներ: Այժմ աշխատում եմ մանկական ֆիլմի վրա: Հաջորդն էլ է լինելու մանակական: Այնպես որ, ես իմ ուղղությունը փոխեցի եւ մեծ հետաքրքրությամբ աշխատում եմ մանուկների համար»:

Ի՞նչ եք ցանկանում նվեր ստանալ Ձմեռ պապիկից:

Նաիրա Մուրադյան. «Ես ուզում եմ, որ մյուս տարի Ամանորը դիմավորեմ Ձորաղբյուրի իմ տանը»: 25_12-S-HakobyanՍիլվա Հակոբյան. «Ես Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ մյուս տարվա իմ Երեւանի մենահամերգը հաջողությամբ լինի: Եվ որ բոլոր երեխաներին Ձմեռ պապիկը լավ-լավ նվերներ բերի: Մի փոքր էլ քննադատությունը հանի մեր երկրցի, որովհետեւ շատ է վերջերս քննադատությունը մեր երկրում: Որպեսզի ապրենք ուրախ եւ անհոգ: Մի քիչ գլոբալ բան ասացի, բայց կարծում եմ, որ լավ է»: Ռուբեն Բաբայան. «Ցանկանում եմ, որ մեծերը ապրեն երեխաների պես` ավելի ազատ, անկաշկանդ եւ ուրախ լինեն, որովհետեւ ինչպիսին մենք, այնպիսին էլ մեզ շրջապատող կյանքն է: Եկեք լինենք ուրախ, որ մեզ շրջապատող աշխարհն էլ ուրախ լինի»: Երվանդ Պետրոսյան. «Ես ինքս էլ  Ձմեռ պապի պես մի Երվանդ պապ եմ: Թոռնիկներս էլ բոլոր երեխաների պես սպասում են հրաշքների: Մենք էլ պետք է սպասենք հրաշքների, որի շնորհիվ աշխարհն ավելի բարի ու լավը կդառնա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter