HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Ավանդական մշակույթ կրողներս այս երկրում անելիք չունենք, մի ճեղք չկա, որի մեջ կարելի է խցկվել, բոլոր ճանապարհները փակ են»

«Շողակն» համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանը ծնվել է Երեւանում՝ մշեցի գաղթականների ընտանիքում, որտեղ ժողովրդական երգն ու պարը առօրյա պարտադիր ու ցանկալի սննդի նման մի բան էին: Տանը յուրաքանչյուրն իր երգն ուներ:

Աշուղական արվեստը ծնողների բաժինն էր, երեխաները հիմնականում երգում էին մանկական ժողովրդական երգեր: «Մտքովս էլ չէր կարող անցնել, որ կան տներ, որտեղ երգ ու պար չկա, որտեղ չեն հավաքվում ու ժամերով չեն երգում, պարում: Հետո, երբ մեծանալով գնում էի ընկերուհիներիս տուն ու տեսնում, որ այնտեղ ոչ երգում են, ոչ պարում, շատ էի զարմանում»,- պատմում է Հասմիկ Հարությունյանը: Հասմիկը երբեք չէր մտածում, որ կարող է երգչուհի դառնալ, առավել եւս` վճարվել դրա համար: Դպրոցի «զարդը» լինելը Հասմիկին բերել էր այն մտքին, որ ինքն ամենի ինչի կարող է հասնել: Ու մի օր, ընկերների հետ Առնո Բաբաջանյանի երաժշտական ուսումնարանի մոտով անցնելիս, «գլուխ գովելու համար» հայտարարեց, որ այդտեղ է ընդունվելու: «Բոլորը, իհարկե, ծիծաղեցին, որովհետեւ մաթեմատիկական թեքումով դպրոցում էի սովորում, եւ բոլորը մտածում էին, որ բացի խնդիրներ լուծելուց` ուրիշ բան չգիտեմ անել: Բայց հետո որոշեցի, որ ընդունվելու եմ: Ընտանիքս շոկի մեջ էր, քանի որ մեզ մոտ ընդունված էր պետական համալսարան ընդունվել: Ընդունվեցի, սովորեցի: Իհարկե, դա այդքան էլ իմ տեղը չէր, ինձ համար տարօրինակ էր հատկապես դասական արվեստը: Այնտեղ արհեստականորեն փոխում էին բերանի բացվածքը, ինչ-որ ձեւեր ու իմիտացիաներ էին անում, որոնց վրա ես բարձրաձայն ծիծաղում էի: Ես բախտավոր եմ նաեւ, որ իմ մշեցի պապերը գաղթելով հայտնվել են Ապարանում, այդտեղից էլ ձեռք եմ բերել ապարանցուն հատուկ «կողը», ինձ չկարողացան ծռել, ձայնս փչացնել: Ես միշտ էլ իմ ուզած ձեւով էի երգում»:

Հայկական օրորոցայինների վերածնողը

28_12-h_harutyunyan-1

Ուսումնարանն ավարտելուց հետո Հասմիկ Հարությունյանը չէր էլ մտածում երգչուհի դառնալու մասին, աշխատանք չէր գտնում: Ասում է, որ իրեն աշխատանքի չէին վերցնում, որովհետեւ իր համար երբեք զանգողներ չեն եղել: Տանը խնամում էր եղբայրների երեխաներին: Նրանց համար երգում էր օրորոցայիններ:

«Պահ եկավ, երբ երեխաները սկսեցին պահանջել նոր երգեր, ու ես ամաչեցի, որ իմ իմացածից ավելի ոչինչ չեմ կարող նրանց համար երգել: Եվ սկսեցի փնտրել, հետաքրքրվել, գտնել տարբեր աղբյուրներից: Այդ երեխաների օրորոցների մոտ ես կարողացա այդ երգերը երգել, հասկանալ` ինչպես ընդհանրապես ճիշտ երգել օրորոցայինները: Ես բեմերից հնարավորություն չունեի դրանք երգելու, ոչ էլ տեղ կար, որտեղ գնայի եւ ինձ այդ ամենը սովորեցնեին: Մենք ահավոր մեծ, ֆանտաստիկ ժառանգություն ունենք բոլոր ժանրերում, այդ թվում նաեւ օրորոցային ժանրում: Պարզապես դրանք մի տեղ հավաքված չեն, որ գնաս, մի գիրք վերցնես ու բոլորը գտնես, պետք է փորես, պեղես, գտնես: Դա դարձավ իմ կյանքի գործը: Ու շատ-շատ փնտրեցի, հավաքեցի հին ձայնագրություններ, ուր գնում էի, ում հանդիպում էի` միանգամից հարցնում էի, թե իր համար ինչ են երգել»:

Հասմիկի խոսքերով` հաճախ մարդիկ չեն հասկացել, որ իրենց համար երգվածները օրորոցայիններ են եղել, որովհետեւ հայկական օրորոցայիններում մայրերն իրենց կյանքն էին պատմում, իրենց հայրենիքի պատմությունն էին անում, մեկ էլ հանկարծ մի փոքրիկ տողով ասում էին` օրոր-օրոր, որովհետեւ օրորոցայինի իմաստն էլ հենց գիտելիքի փոխանցումն է եւ սերունդների կամուրջը կապելու խնդիրը: «Օրորոցային երգը կամուրջ է ստեղծում սերունդների միջեւ` մոր ու մանկան: Իսկ օրորոցայիններում խոսում է ժողովուրդը, իսկ ժողովրդի իմաստությունից ավելի իմաստուն հո չենք կարող լինել: Բա այդ հոգեւոր կամուրջը, սերունդների կապը որտեղի՞ց պետք է ստեղծվի այս աղբարկղ հեռուստատեսության հիման վրա»,- վրդովվում է երգչուհին: Սկսվեց երգչուհու ճամփորդությունը դեպի օրորոցայինների աշխարհ: Օրորոցայինը նա դասում է երաժշտական ամենամաքուր ժանրին: Հասմիկի խոսքերով` մարդիկ այնքան են աղտոտված, որ չեն կարողանում ընկալել այդ մաքուր երաժշտությունը. «Սերունդը պոկված է եւ արմատից եւ երկրի տիեզերական կապից: Օրորոցայիններում ասում են` ի՞նչ մայր է քեզ բերել, չեն ասում` ու՞մ աղջիկն ես, քանի՞ հատ մատանի ունես, ի՞նչ մեքենա ես քշում: Այլ նշանակում է, թե ի՞նչ հոգեւոր ներաշխարհով մայր է քեզ ծնունդ տվել: Այ դա է մաքրությունը»:

Հասմիկի կատարմամբ օրորոցայինների մեջ կա մոր ողջ քնքշությունն ու սերը, չնայած չի կարողացել դրանք երգել իր երեխաների համար:

«Երեխաներ չունեցա ուշ ամուսնանալուս պատճառով, բայց ունեմ հրաշալի ամուսին եւ դրանով ինձ անչափ երջանիկ եմ համարում: Ամուսինս սփյուռքահայ է, երբ իրեն հարցնում են, թե ինչը պահեց իրեն, որ մնա Հայաստանում, պատասխանում է` տոլման, թթի օղին եւ Հասմիկի ձայնը»,- ժպտալով նշում է երգչուհին:

«Ակունք»-ից` «Շողակն»

28_12-h_harutyunyan-2

1980-ականներին Հասմիկը երգում էր Հայրիկ Մուրադյանի մեծ համբավ ձեռք բերած «Ակունք» համույթում: Այստեղ եւս մեծ փորձառություն է ստանում, սակայն կրկին նրան կաշկանդում էր երգչախմբային ձեւաչափը: Ու չկարողացավ իրեն դրսեւորել որպես մեներգչուհի: Համույթի ղեկավարի` Մարո Մուրադյանի մահից հետո «Ակունքն» այլեւս ոտքի չկանգնեց: Երգչուհին եւ մի խումբ երաժիշտներ համախմբվելով ստեղծեցին «Շողակն» համույթը, որը սկսեց իր հաղթական քայլերթը: «Շողակն»-ը 2000 թ.-ից աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական դահլիճներում եւ բեմերում ընդունված համույթ է: «Շողակն»-ը ձայնագրեց հայկական ավանդական պարերի երաժշտություն:

Նյու Յորքի «Ավանդական խաչմերուկներ» ընկերության կողմից, որը աշխարհին մատուցում է տարբեր ժողովուրդների մաքուր էթնիկ երաժշտություն, «Շողակն»-ը ստացավ ձայնագրության պատվեր: Ընկերության տնօրենը, գալով Հայաստան, ձայնագրեց առաջին «Armenia Anthology» ձայնասկավառակը: Այն «Շողակն»-ի համար մեծ ճանապարհ բացեց: Նրանց հրավիրեցին Վաշինգտոն` «Մետաքսի ճանապարհ» փառատոնին, որից հետո համույթի մենակատար դուդուկահարը հրավիրվեց «Մայ» նվագախումբ` շրջագայելու եւ նվագելու: Հետո «Շողակն»-ը ձայնագրեց «Արարատ» ֆիլմի երաժշտությունը: Բազմաթիվ համերգներ ունեցան Ամերիկայի Միցյալ Նահանգերում, Եվրոպայում: 2004 թ.-ին 45-օրյա համերգային շրջագայությամբ հադես եկան 11 նահանգներում: Հասմիկն ասում է, որ հետաքրքրությունը մեծ էր բացառապես ոչ հայկական միջավայրում: 2006 թ.-ին «Շողակն»-ը մենահամերգով ելույթ ունեցավ Փարիզի «Theatre de la ville»-ում:

«Շողակն»-ի բոլոր ձայնագրություններն իրականացրել են օտարերկրյա ընկերություններ, քանի որ Հայաստանում դրա համար միջոցներ չգտնվեցին: «Մենք սովորաբար չենք մերժում ոչ մի առաջարկ, եթե նույնիսկ ֆինանսական հետաքրքրվածությունը մինիմում է, որովհետեւ ուրիշ ձեւ չունենք աշխարհին ներկայանալու, որովհետեւ «Շողակն»-ի յուրաքանչյուր երաժիշտ իր վրա զգում է այս մշակույթը պահելու, փոխանցելու, հնարավոր ճանապարհներ բացելու հսկայական պատասխանատվություն»:

Ազգային երգը մերկացնում է մարդուն

«Այսօր աշխարհը կամաց-կամաց սթափվում է: Բայց դա էլ մեկ ուրիշ ցավալի խնդրի առջեւ է մեզ կանգնեցնում: Ամբողջ աշխարհը ձգտում է դեպի քեզ, ուզում է քո երկրի երաժշտությունը լսել, բայց քո հայրենակիցը չի ուզում քեզ լսել: Մեր հայրենակիցներին հիմա ինչքան էլ տաս, չի կարող կուլ տալ այդ մաքուր սնունդը: Իր քիմքը արդեն այլանդակված է, երաժշտական երանգները զգալու անկարողությունը նրանց այլանդակել է: Ժողովրդական երգը անկեղծություն է պահանջում, իսկ այսօր ո՞վ է ուզում անկեղծանալ: Անկեղծանան ինչո՞վ կանգնեն մեր առջեւ, իրենց ողջ տգիտությա՞մբ, մերկությա՞մբ: Ժողովրդական երգը մարդուն իջեցնում է այնպիսի խորքեր, որտեղ չի երեւում, թե դու որ կուսակցության անդամ ես, թե քո ծնողներն ովքեր են, ինչ են արել, փոխարենը դու պիտի քո մեղքերով հանդերձ տկլոր կանգնես: Այ, հենց դա է կատաղեցնում մարդկանց, հենց դրա համար չեն ուզում անկեղծանալ»:

«Մենք աշխարհին ինչո՞վ պիտի զարմացնենք, մեր սիմֆոնիկ նվագախմբո՞վ: Եթե ես սիմֆոնիկ երաժշտություն ուզենամ լսել, կգնամ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբին կլսեմ, հաճույք կստանամ: Թուրքը տարեկան երեսուն-քառասուն ֆոլք-անսամբլ է ուղարկում աշխարհով մեկ համերգներ տալու: Ամբողջ հայկական անատոլիական մշակույթը նվագում են, իրենց սիրել են տալիս: Եւ երբ դրսում ասում ես` թուրքը էս ա, էն ա, ասում են` դե լա~վ , էնքան մաքուր, սիրուն երաժշտություն ունեն, ո՞նց կարող է տենց բան լինի...Դե արի, ասա աշխարհին, թե թուրքը ինչ է արել ու ինչու է մեր ավանդական ազգայինը ներկայացնում որպես իրենը: Թուրքերը ամբողջ աշխարհի էթնիկ մշակութային բեմերը գրավել են: Իսկ մենք անվերադարձ կորցրել ենք մեր մշակութային արժեքները: Եւ եթե այս աշխարհում կանգնելու եւ բերաններս բացելու մի բան ունենք, դա Կոմիտասի շնորհքն է, եւ ուրանալ այդ ամենի առաջ եւ կիսագրագետներին թողնել, որ եթերից ասեն` ես հիմա Կոմիտաս եմ մշակում...տո դու ո՞վ ես, որ Կոմիտաս ես մշակում: Մեր ազգային երգը տարբերվում է խոսքի մեկնաբանությամբ, նրա մեջ երեւում է ազգիդ ամբողջ կյանքն ու պատմությունը, ողջ դիմագիծը: Եթե ազգդ պատմություն չունի, իր խոսքը զարգացած չէ, ապա հնարավոր չէ երաժշտական նախադասություն արագ կազմել: Հնարավոր չէ, որ դատարկ տեղը հայ կինը մի օրորոցային հորինի, որովհետեւ ամեն բառի ու նոտայի մեջ խորը իմաստ է դրված: Մեր երաժշտական մտածողությունը շատ զարգացած է, տրամաբանական է, որովհետեւ մենք դեպքերին, իրադարձություններին, բնության երեւույթներին տրամաբանությամբ ենք մեկնաբանություն տվել: Դա ակնհայտորեն երեւում է երգերից: Նախաքրիստոնեական, նախապատմական, քրիստոնեական մեր գոյության բոլոր շերտերը դրվել են իրար վրա, դրվել, շարվել եւ հիմա թողնել այդ ամենը, համարել, որ հին է, ժամանակակից չէ եւ ոտաբոբիկ գնալ գցվել ուրիշ ժողովուրդների գի՞րկը, ուզենալ ավելի ժամանակակի՞ց լինել: Աշխարհի երաժշտության օրրանը պետք է այստեղ լիներ: Մենք աշխարհի քաղաքակրթության մեջ մեր բաժինն ենք դրել: Բարձրարժեք մշակույթը մի տարում, տասը կամ հարյուր տարում չի ստեղծվում, այլ դարերի ու հազարամյակների պատմական շերտերում: Եվ որքան խորն են պատմական շերտերը, այդքան ավելի խորն ու հարուստ է դառնում ազգային երաժշտությունը: Մենք մի բան ավելի ուտելու, մի բան ավելի հագնելու համար ընդունում ենք դրանց նվիրատվությունները ու փոխարենը զիջում մեր արժեքները: Մենք` ավանդական մշակույթ կրողներս, այս երկրում անելիք չունենք, մի ճեղք չկա, որի մեջ կարելի է խցկվել, բոլոր ճանապարհները փակ են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter