HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

Միգրանտներ. հայերը Պեր Լաշեզ են գնում սննդամթերք ստանալու համար

«Վաղը երեւի լավ բաներ կտան, տոներ են»,- հերթի մեջ հայերենով կողքի կնոջն ասաց մի տարեց կին: Հերթը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատան առջեւ էր: Ամեն օր երեկոյան ժամերին Փարիզի քաղաքապետարանը այստեղ սնունդ է բաժանում չքավորներին: Նրանց մեծամասնությունը միգրանտներ են. գերակշռում են չեչենները, եզդիները, նաեւ հայերը:

Հերթի մեջ կանգնած` մտածում եմ, որ հիմա Հայաստանում այս մարդկանց ծանոթ-բարեկամները երեւի նախանձում են իրենց. Ֆրանսիա են եկել: Մինչդեռ ձմռան այս ցրտին, ամանորյա տոների շեմին, ո՞վ գիտի` քաղաքի ո՞ր ծայրից հասել են այստեղ սննդամթերք ստանալու համար: Անդրանիկի շիրիմը չի նրանց Պեր Լաշեզ բերել, այլ հացի խնդիրը: Հայաստանում այս նույն մարդիկ հազիվ թե գնային գերեզմանատուն` մի փայաբաժին սնունդ ստանալու համար: «Մեզ էս մյուս բաները պետք չեն, հայ ենք, հաց շատ ենք ուտում, հացն էլ թանկ է: Մենք հիմնականում հացի համար ենք գալիս»,- ասաց դստեր հետ հերթում կանգնած մեկ այլ կին, որը հասանելիքը ստանալուց հետո ուրիշների հետ փորձեց հացով փոխանակել իր ստացած կաթնեղենը:

«Չեք ցանկանու՞մ Հայաստան վերադառնալ»,- հարցրի կանգնածներին: «Մի մեշոկ փող ենք տվել-եկել, ու՞ր վերադառնանք: Սկզբում չէի հարմարվում, հիմա հարմարվել եմ: Փոքր երեխաս դպրոց է գնում, երկրորդը` լիցեյ: Մեծն էլ լեզուներ է սովորում: Ութ ամիս է էստեղ ենք: Մերժել են մի անգամ, հիմա նորից ենք դիմել, սպասում ենք»:

Զրուցակիցներիցս մեկին Ֆրանսիա էին բերել առողջական խնդիրները: Բարեկամներով մի կերպ հավաքել էին գումարը Հայաստանում վիրահատելու համար, բայց հայտնվել էր «մեկը» ու ասել, որ լավագույն լուծումը Ֆրանսիա գնալն է: Հավատացել էին, ետ տվել բարեկամների գումարները, վաճառել տունը եւ արդեն մեկ ամիս է Փարիզում են: «Մեզ ասացին` հենց հասնեք, հենց օդանավակայանից լավ ա լինելու, նորմալ ընդունելու են, գումար են տալու, ապահովելու են տնով: Բայց մեկ ամիս է դեռ բժշկական ստուգում էլ չենք անցել: Մի հյուրանոցից մյուս հյուրանոցն ենք տեղափոխվում:

Փոշմանել ենք, որ եկել ենք, բայց դե էլ ու՞ր գնանք, տունը ծախել ենք»: Ըստ Ֆրանսիայի Իմիգրացիայի նախարարության տվյալների` 2008-ին բնակության քարտ է ստացել (առաջին հայտ) 1143 հայաստանցի:

Նախորդ տարիների պատկերը հետեւյալն է. 2007` 898, 2006` 941, 2005` 1128, 2004` 825, 2003` 523: 2008 թ. 535 ՀՀ քաղաքացի ապաստան կամ պաշտպանություն է ստացել, այդ թիվը գերազանցում է 2007 եւ 2006 թվականների տվյալները: 2008 թ. 115 հայաստանցու շնորհվել է Ֆրանսիայի քաղաքացիություն: 2008 թ. 980 հայաստանցի կնքել է Ընդունման եւ ինտեգրման պայմանագիր, որը կնքվում է այն անձանց հետ, ովքեր ժամանակավոր կամ մշտապես լքել են իրենց երկիրը եւ ցանկություն ունեն ինտեգրվելու ֆրանսիական հասարակությանը:

Պայմանագիրը հնարավորություն է տալիս օգնություն եւ խորհրդատվություն ստանալ, ինչպես նաեւ մասնակցել լեզվի ուսուցման դասընթացների: Նույն աղբյուրի համաձայն` 2009 թ. առաջին եռամսյակի տվյալներով այդ պայմանագիրը կնքել է 943 հայաստանցի:

Գործում է նաեւ ետդարձի ծրագիր: Կամավոր ետ վերադարձի դեպքում տրվում է սոցիալական օգնություն, համապատասխան ծրագրի առկայության դեպքում նաեւ մինչեւ 7000 եվրո արժողությամբ վարկ` երկրում ձեռնարկատիրական փոքր գործունեություն ծավալելու համար: Ֆրանսիական իմիգրացիոն եւ ինտեգրացիոն գրասենյակի տվյալներով` 2008 թ. 34 մարդ վերադարձել է Հայաստան, ընթացքի մեջ է եղել եւս 72 գործ:

«Մեզ սոցիալական ծառայությունում ասացին, որ մեր նախագահն ասել է՝ էլ մարդ մի ընդունեք: Ասում են` դեկտեմբերի 10-ից էլ հայերին չեն ընդունում»,- Պեր Լաշեզում պատմեց մեկ այլ կին:

Նախագահի նման որոշման մասին շշնջում էին նաեւ «France terre d,asile» (Ֆրանսիա` ապաստանի երկիր) կազմակերպությունում, որտեղ էլ սովորաբար ապաստան են խնդրում երկիր նոր ժամանած միգրանտները: Մեր այցելության օրը «հանձնվում էին» երեք հայ ընտանիքներ: Ֆրանսիա էին եկել Հայաստանի գյուղերից մեկից:

«Հլը որ փոշմանել եմ, որ եկել եմ: Գոնե Հայաստանում գիտես, որ քո երկրում ես: Ստեղ լեզուն էլ չգիտես: Եղունգ ունես, գլուխդ քորիր»,- ասաց նրանցից մեկը:

Ապաստան խնդրելուն զուգահեռ պետք է ներկայացնես երկիրդ լքելու պատճառները: Հիմնական բարդությունը սա է: Ղարաբաղյան պատերազմին հաջորդած տարիներին միգրանտներից շատերը ներկայանում էին իբրեւ այս հակամարտության իրական զոհեր` կրոնական ու ազգային խնդիրներ, թուրք ամուսին եւ այլն:

«Ասում ես, թե Սումգայիթում ես ծնվել ու պասպորտդ պահում ես, ասում ես, որ կորցրել ես: Ծննդական ես մենակ ներկայացնում: Դե, Հայաստանում ծննդական սարքում են, էդ հեշտ ա: Թե չէ` Ադրբեջանի պասպորտ որտեղի՞ց սարքես»,-պատմեց մեկ այլ հայ:

Սակայն միգրանտներից շատերի ասելով` այսօր այս հնարքն այլեւս չի գործում: 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո, իրենց իսկ վկայությամբ, շատերը սկսեցին ապաստան խնդրել իբրեւ այդ իրադարձության զոհեր: Այսօր իրեն սպառել է նաեւ այդ վարկածը: «Հիմա չգիտենք, թե ինչ գրենք հանձնվելուց: Պատճառ չկա: Պատճառ ենք ման գալիս: Հետո հայերի նկատմամբ շատ են խստացրել: Ասում են` նախագահն ասել ա` ինչու՞ եք հայերին ընդունում, մեր երկրում ամեն ինչ նորմալ ա»,- դժգոհեց զրուցակիցներիցս մեկը: Դ

ժվար է կռահել, թե այս անգամ մինչեւ ուր կհասնի հայերի հնարամտությունը: Համենայնդեպս, ետդարձն անհնարին է շատերի համար, քանի որ վաճառված է տունը, ծախսվել են մեծ գումարներ: Ոմանք էլ վստահեցնում են, թե կմնան այնքան, մինչեւ կարողանան մի քիչ գումար վաստակել, որ ետ գնան Հայաստան ու տանիք ունենան իրենց գլխին: Այնուամենայնիվ, հայրենիքը լքելու համար շատերն են զղջում:

«Գոնե սահմանը բաց լիներ, հեշտությամբ կարողանայինք գալ-գնալ: Կգայինք-կտեսնեինք, որ լավ չի, ետ կգնայինք, էդքան փող չէինք ծախսի, որ ստիպված մնայինք էստեղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter