HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանցիներն ընդդե՞մ «Էկոլուր»-ի

«Էկոլուր» բնապահպանական տեղեկատվական կազմակերպության Կապանի «Օրհուս» կենտրոնում հերթական հանրային քննարկումը, կարծես այս անգամ, իր նպատակին չհասավ։ ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, երբ փորձեց ներկայացնել իր ղեկավարած կառույցի հետազոտությունները Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության բնապահպանական խնդիրների մասին, լրագրողները տեղի տվեցին։ Վերջիներիս հետաքրքրում էր, թե ի՞նչու տիկին Զարաֆյանը թիրախ է ընտրել հենց Կապանի կոմբինատը։

«Հանրապետությունում գրանցված 10 հազար ՀԿ-ներից մեկը իրեն իրավունք է վերապահել կապանցիների անունից հասնել Լոնդոն, այնտեղ հասարակական ճնշումը որպես հաղթաթուղթ օգտագործելով՝ ազդել եվրոպական բանկերի վրա՝ պահանջելով կոմբինատի ծրագրերում ներառել բնապահպանական խնդիրների լուծում։ Մանկամիտներին բացատրենք, որ այսպես կարելի է տապալել կոմբինատի գործունեությունը ու կոմբինատը փակել»,-այսպիսի տեսակետ հնչեց «Խուստուփ ԹԻՎԻ» հեռուստաընկերության դեկտեմբերի 28-ի «Կապանլուր» լրատվական ծրագրում։

Ավելին, ըստ հեռուստաընկերության, եթե հիմա «չսթափվենք, ապա մի օր կարող է պարզվել, որ «Էկոլուրը» այս կամ այն բանկին միջնորդել է Կապանի կոմբինատին վարկ չտալ»։

«Ինչու ոչ Ագարակի լեռնահարստացման, ԶՊՄԿ-ի, Գեղիի հանքերի վրա ուշադրություն չի դարձնում «Էկոլուրը».-հարցնում է հեռուստաընկերության լրագրողը։

Սյունիքի բնապահպանական տեսչության պետ Լևոն Պետրոսյանը քննարկմանը հայտարարեց, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը միակ ձեռնարկությունն է, որ շրջակա միջավայրի պահպանության գործում իսկապես աչալուրջ է։ «Խուստուփ ԹԻՎԻ» հեռուստաընկերությունը եզրահանգում է, որ «Էկոլուր»-ին Կապանի բնապահպանական խնդիրներ չեն հետաքրքրում։

«Նրանք ունեն իրենց շահը։ Այս դեպքւոմ, մեր պատկերացամբ, դա կարող է լինել ինչպես տնօրինության հետ կուլիսային գործարքի գնալու ցանկությունը, այնպես էլ անհատ ֆինանսավորողների ծրագրերի իրականացումը։ Տվյալ դեպքում գուցե այդ չհրապարակված անհատների ցանկությունը կոմբինատի փակուը կա սեփականատերերի փոփոխության հասնելն է»,-գտնում է հեռուստաընկերությունը։

Տեղական «Սոսի» հեռուստատեսությունը նույնպես անդրադարձել է հանդիպմանը՝ մասնավորապես կանգ առնելով «Հայաստանում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության էկոլոգիական ու սոցիալական նկարագիրը» վերնագրով հրատարակած գրքույկի վրա։ Այն «Էկոլուր»-ի մոնիտորինգի արդյունքներն են տպագրված «CEE BankWatch» միջազգային ոչ կառավարական կազմակերպության և «Global Greengrants Fund»-ի աջակցությամբ։ Ինգա Զարաֆյանին հարց ուղղվեց՝ ինչն է պատճառը, որ այս ժամանակահատվածում «Էկոլուրի» թիրախը «Դինո Գոլդ»-ն է, ո՞րն է նման նախաձեռնության իրական նպատակը և ինչ գործնական առաջարկներ կան բացթողումների շտկման համար։

««Էկոլուր»-ը տագնապի ազդանշան ստանալով սկսում է բարձրաձայնել թեժ կետերի մասին։ Լուրեր ենք տեղադրում կայքէջում, պարզում ենք, որտեղ է առավելապես շատ տուժում շրջակա միջավայրը, վերհանում ենք շրջակա աղտոտված միջավայրի սոցիալական ազդեցությունը»,- ասաց Ի. Զարաֆյանը։

Ըստ «Սոսի» հեռուստատեսության, բնապահպանական տեսչության պետ Լևոն Պետրոսյանը հակադարձեց բանախոսին։ «Սյունիքում չկան թեժ կետեր, բնապահպանները մշտապես վերահսկում են իրավիճակըՙ,- հավաստիացրեց տեսչության պետը։ «Էկոլուր»-ը պատրա՞ստ է պատասխանատվություն կրել սոցիալական լարվածության ու գործազուրկների համար, երբ բանկեր վարկեր չտրամադրեն կոմբինատին՝ հարցը, ըստ «Սոսի» Հ/Ը՝ մնաց անպատասխան։

«Ի տարբերություն Օրհուսյան մյուս հանդիպումների, երբ բանախոսը ներկայացնում է նյութը, լսողներն էլ երբեմն օժանդակող հարցերով հաստատում են իրենց ներկայությունը, պարտադիր ստորագրում հաշվետու թերթիկում ու հեռանում, այս անգամ կարծիքների բախում եղավ։ Տեղաբնակները, պարզվում է՝ ավելի քիչ են մտահոգ բնապահպանական խնդիրներով, քան երևանաբնակները։ Տարբեր միջազգային կառույցներից ու անհատներից սնվող ՀԿ-ները դրամաշնորհների ակնկալիքով մտագոհության դիմակով արագ արձագանքւոմ են թեժ կետերից հնչող տագնապի ազդանշաններից»,-նշում է հեռուստաընկերության լրագրողը։

Ամեն դեպքում փորձեցինք Ինգա Զարաֆյանից պարզել նաև, թե ինչ կարծիք ունի ինքը։ Տիկին Զարաֆյանը նախ ասաց, որ չի տեսել տեսանյութերը, գուցե հետո արձագանքի մեր հոդվածին, բայց նշեց որ ի սկզբանէ քննարկումը սխալ տարվեց։

«Ոչ թե գրքույկի ու մոնիտորինգի արդյունքներով հետաքրքվեցին, այլ փորձում էին պարզել, թե «Էկոլուրը» ինչու է հասել Կապան։ Այո, ըստ ՀՀ օրենսդրության կազմակերպությունը իրավունք ունի գործել ամեն տեղ։ իսկ մենք պատրաստ ենք հաշվի առնել և ընդունել բոլոր այն առաջարկները, որոնք կապված են Կապանի կոմբինատի բնապահպանկան աշխատանքների հետ»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց Ի. Զարաֆյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter