HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

6 տարվա ազատազրկում` ընդամենը մեկի ցուցմունքով

Եկող տարվա հունվարին կլրանա 2 տարին, ինչ 36-ամյա Վահրամ Անտոնյանը գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվել է թմրանյութ իրացնելու մեղադրանքով, սակայն գործում, բացի Վահրամի համագյուղացու ցուցմունքից, որեւէ ապացույց չկա: Ընդ որում` նույն համագյուղացին նույն գործի շրջանակներում մեղավոր է ճանաչվել սուտ մատնության համար:

2009 թ. դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները Ջրառատ գյուղում` 1962 թ. ծնված Սամվել Պողոսյանի տանը հարակից հացատանը, հայտնաբերել են մոտ 25 գ թմրանյութ` 17,45 գ «մարիխուանա» տեսակի եւ 7,1 գ կանեփի բույս:

«Դրանից հետո Սամվելը տարբեր անուններ է տալիս, մարդկանց տանում են ոստիկանություն, ստուգում ու բաց թողնում: Մի քանի անգամ ոստիկանները մեր տունը խուզարկում են, բայց ոչ մի բան չեն գտնում: Մոտ մեկ ամիս հետո էլ 6-7 հոգով գալիս են, Վահրամը հիվանդ պառկած է լինում, անկողնուց խփելով-բանով հանում են ու տանում կալանավորում»,- պատմում է Վահրամի եղբայրը` Վրույր Անտոնյանը:

Սամվել Պողոսյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ 4 հոգու հյուրասիրել է չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Սակայն նշյալ անձանց հետ առերես հարցաքննության ժամանակ նա հրաժարվել է ասածներից, ինչի արդյունքում հետագայում դատապարտվել է նաեւ «Սուտ մատնության» մեղադրանքով: Ընդ որում` այս սցենարը նրա համար ամենից ձեռնտուն էր, որովհետեւ «Սուտ մատնության» պատճառով տուգանվել է (200 հազար դրամ), իսկ թմրամիջոց հյուրասիրելու պարագայում պետք է մի քանի տարի անցկացներ անազատության մեջ:

«Ոստիկանները թմրանյութը հայտնաբերել են ընթերակաների ներկայությամբ: Նրանք դատարանում պատմեցին, որ այդ պահին Սամվել Պողոսյանը հայտարարել է, որ այդ թմրամիջոցն իր եղբորինն է: Նա Վահրամի անունն ընդհանրապես չի տվել»,- ասում է փաստաբան Մնացական Սարգսյանը:

Հետագայում` առաջին ատյանի դատարանում, Սամվել Պողոսյանը հարցաքննության ժամանակ նշել է. «Ասենք, ես ըտենց մեկ-մեկ եմ օգտագործում` լյարդերիս ցավի համար: Ես չեմ առնում, հայաթում մշակում եմ, այդքանը» (տվյալ նիստի ձայնագրառման կրիչը «Հետքի» խմբագրությունում կա): Հետո միջամտել է մեղադրող-դատախազ Դավիթ Բարոյանը եւ, ստանձնելով դատավորի պարտականությունները, Սամվելին հիշեցրել, որ նա կարող է ցուցմունքներ չտալ, եւ դա որեւէ բացասական հետեւանք չի ունենա: Ս. Պողոսյանն էլ հայտարարել է, թե պնդում է իր նախաքննական ցուցմունքները:

Փաստաբան Մնացական Սարգսյանը մանրամասնում է. «Նախաքննության ժամանակ Ս. Պողոսյանը հակասական ցուցմունքներ է տվել: Մեկ նշել է, որ լյարդի ցավերի պատճառով հաճախ թմրանյութ է օգտագործել ու քանի որ իմացել է` Վահրամը զբաղվում է թմրանյութի վաճառքով, դիմել է նրան, վերջինս էլ ասել է` դու լավ տղա ես, վերցրու սա քեզ: Ինքն էլ դրա դիմաց Վահրամին 1 տուփ ծխախոտ եւ մեկ շիշ օղի է տվել: Մեկ ուրիշ ցուցմունքով էլ հայտնել է, թե 2009 թ. նոյեմբերի վերջին գյուղում պատահաբար հանդիպել է Վահրամին, վերջինս իրենից խմիչք է ուզել ու փոխարենը տվել թմրամիջոց»:

2010 թ. մարտին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, Արթուր Ադամյանի նախագահությամբ, «առանց իրացնելու նպատակի իր օգտագործման համար խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու» համար Սամվելին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման: Իսկ Վահրամին թմրամիջոց իրացնելու մեղադրանքով դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման:

Վահրամ Անտոնյանն ի սկզբանե իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանը գտել է, որ դրանով վերջինս պարզապես փորձում է պատասխանատվությունից խուսափել: Ուշագրավն այն է, որ դատավճռում Արթուր Ադամյանը, իբրեւ իր եզրահանգման հիմք, թվարկել է ամբաստանյալների հանցանքը հիմնավորող մի շարք ապացույցներ: Սակայն դրանցում Վահրամին առաջադրված մեղադրանքը հիմնավորող որեւէ ապացույց չկա` բացի Սամվելի մեղադրական ցուցմունքից:

2010 թ. հունիսին վերաքննիչ դատարանը նշյալ դատավճիռը բեկանել է: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն էլ, արդեն նոր կազմով, այս տարվա ապրիլին Վահրամին կրկին մեղավոր է ճանաչել, բայց պատժաչափը 6 ամսով կրճատել է` դատապարտելով 6 տարվա ազատազրկման:

Հունիսին վերաքննիչ դատարանը բեկանել է նաեւ այս դատավճիռը: Հիմա գործը պետք է նորից սկսի քննել առաջին ատյանը:

«Երբ եղբորս կալանավորեցին, գնացի քննիչ Արմեն Ումուրշատյանի մոտ: Ասաց` ես 200 հոգի վկա ունեմ, որ քո ախպերը բառիգ ա: Վերջ, էս ա եղել մեր խոսակցությունը: Թե ո՞ւր են էդ 200 հոգին, ինչո՞ւ գոնե մեկին չգտան, կարեւոր չէ: Լրիվ կեղծիքի վրա կազմված գործ ա. որոշել են, դատում են»,- ասում է Վրույր Անտոնյանը:

«Բնականաբար, մեկ հոգու ցուցմունքով չի կարելի անձին դատապարտել, մանավանդ, որ տվյալ անձը համամեղադրյալ է, նույն գործի շրջանակներում նույնիսկ դատապարտվել է ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար»,- ասում է փաստաբան Սարգսյանը եւ նշում, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հասնի իր պաշտպանյալի արդարացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter