HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Ուզում ես մինչեւ մարզպետ, վարչապետ հասի, մեկ ա` բան չի փոխվելու»

Կապանի Հ. Ավետիսյան թիվ 2 շենքի բնակիչները 6 տարի է պայքարում են շենք մտնող ջրատարի դեմ: Վթարված մասում մեծ փոս է գոյացել: Տարիներ առաջ քանդել են ու չեն կարողացել վերացնել վթարը, փոսն էլ չեն ծածկել: Այդ իսկ պատճառով մի քանի տարի է ինքնաշեն կամրջակ է տեղադրվել, որպեսզի բնակիչները կարողանան անցնել շենքի ետնամուտք:

Պատճառը շենքի խմելու ջրագծի սովորական դարձած վթարներն են: Այնպիսի տպավորություն է, որ շենքում անընդհատ «հորդառատ անձրեւ է տեղում»: «Սա փեսայիս տունն է: Հենց վթարվում է, գալիս եմ այստեղ, օգնում նկուղից հանել ջրերը: Փոքրիկ երեխաներ ունեն, բա ի՞նչ անեմ, թողնեմ երեխեքը հիվանդանա՞ն: Հարյուր անգամ զանգել եմ, օգուտ չի»,- ասում է տիկին Նվարդը: Վերջինիս դստեր բնակարանը առաջին հարկում է, ու նկուղում կուտակված ջրի պատճառով բնակարանը խոնավ է: Բնակիչներն ասում են, որ ահազանգելուց էլ են հոգնել: «Եթե արհամարհված ենք, ի՞նչ անես, ուզում ես մինչեւ մարզպետ, վարչապետ հասի, մեկ ա` բան չի փոխվելու»,- ասում է Զոյա Խաչատրյանը:

Բազմիցս նրանք հանգանակություն են արել ու իրենց ուժերով վերացրել վթարը, բայց հիմնավոր նորոգում է պետք, ինչի համար ֆինանսական միջոցներ բնակիչները չունեն: Ստիպված լուռ համակերպվել են: «Բախտներս բերել է, որ այս տարի ձմեռը խիստ չէ, ու ջուրը չի սառչել: Թե չէ` անցյալ տարի տուժած ենք ունեցել: Ջուրը սառչել էր, ու մեր հարեւաններից մեկը մուտք մտնելիս ոտքը կոտրեց»,- ասում է Հենրիկ Մելիքսեթյանը: Այս շենքում է ապրում նաեւ Կապանի նախկին փոխքաղաքապետ Նորիկ Հարությունյանը: Վերջինս անընդհատ հավաստիացնում էր, որ հարցը կլուծվի, ջրատարը կփոխվի: Սակայն ապարդյուն: Շենքի բնակիչները, այլեւս հույս չունենալով, որոշեցին դիմել լրատվամիջոցներին: Մտածում են` մի տեղ կարդալով գուցե հիշեն իրենց մասին: «Ջրմուղը ծախեցին ֆրանսիացիներին, սրանց տնօրենն էլ հա ասում ա ներդրում ենք արել, անում ենք: Լավ, էդ հազարավոր եվրոներից մեր տուժած շենքին չի հասնու՞մ»,- հարցնում է 54-ամյա տիկին Սվետան: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասում ասացին, որ դա իրենց գործը չէ: «Շենքերի մուտքերի հետ մենք ոչ մի կապ չունենք: Մենք ջրաղբյուրից հասցնում ենք մինչեւ մուտք, մուտքից մինչեւ բնակարան պատասխանատուն համատիրությունն է»,- ասաց տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը: «Հունան Ավետիսյան» համատիրության նախագահ Ալբերտ Կոստանդյանն էլ նշեց, որ խնդրին տեղյակ է, բայց դա իր պարտականությունների մեջ չի մտնում: Ա. Կոստանդյանի խոսքով` ինքը խոսել է Հայաստանի համատիրությունների նախագահների ընկերության տնօրեն Արկադի Անտոնյանի հետ, վերջինս հաստատել է, որ դա համատիրությունների խնդիրը չէ: Ա. Կոստանդյանը բողոքեց բնակիչներից` ինքը համատիրության աշխատակցի միջոցով փորձել է գանձել սպասարկման վարձերը, սակայն ապարդյուն: Շենքի բնակիչներն էլ ցանկություն ունեն փոխելու համատիրության նախագահին, որպեսզի նոր ընտրվածը մտածի շենքի մասին: «Գումար կհավաքենք, գործը գլուխ կբերենք, միայն թե նախաձեռնող լինի: Ինքը չի կարողանում: Հո մենք չենք ուզում այս պայմաններում ապրել»,- ասում է բնակիչներից մեկը: Նախաձեռնող խումբը Սյունիքի մարզկենտրոնում արդեն ստորագրահավաք է սկսել նոր, մեծ համատիրություն կազմավորելու համար:

Ինչպես տեղեկացրին Կապանի քաղաքապետարանից, քաղաքում գործող «Սյունիք» համատիրության հիմքի վրա նոր, մեծաթիվ անդամներով համատիրություն կստեղծվի: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը մտադիր է այս կերպ մեղմել բազմաբնակարան շենքերի պահպանման օրեցօր սրվող խնդիրը: Քաղաքում գործող 21 համատիրությունները իրենց չեն արդարացնում: Սա ոչ միայն համայնքապետի, այլեւ բնակիչների կարծիքն է: Նախաձեռնող խմբի անդամները նոր պայմանագրերը ներկայացնում են բնակիչներին, մանրամասնում են առաջարկվող պայմանները, վթարային բրիգադի ձեւավորման ծրագիրն են ներկայացնում: Արդեն 200 ընտանիք ստորագրել է պայմանագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter