HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երկրաշարժից 21 տարի անց. պատմությունը կրկնվելու սովորություն ունի

Հրավիրված էի Երեւանում կազմակերպված «Հակամարտությունների լուսաբանում» սեմինարին ու մի քիչ նեղվում էի, որ այն անցկացվելու է դեկտեմբերի 5-ից 7-ը: Սա առաջին դեպքն էր 21 տարվա մեջ, որ դեկտեմբերի 7-ին բացակայելու էի Գյումրիից:

Սեմինարի ժամանակ 5 րոպե տեւողությամբ մի ֆիլմ ցուցադրեցին: Պրոֆեսիոնալ լուսանկարչուհին մրցանակ է ստանում հակամարտության գոտում արած լուսանկարի համար: Մինչ մրցանակի հանձնումը նա հիշում է, թե ինչ գնով է որսացել այդ բացառիկ կադրը: Զինված տղամարդը հրացանի փողը պահել է աղջնակի գլխին եւ փորձում է խլել ձեռքի պարկը, իսկ ինքն ընդամենը մի քանի քայլ այն կողմ տենդագին լուսանկարում է կադրը կադրի ետեւից: Ֆիլմի ավարտն անսպասելի էր. աղջնակը սպանված է, իսկ լուսանկարչուհին մրցանակի է արժանանում հենց այդ «հաջողված» լուսանկարի համար: Ֆիլմը տեւեց 5 րոպե, սակայն ազդեցությունն այնքան մեծ էր, որ երկար ժամանակ ուշքի չէի գալիս եւ հրաժարվեցի մասնակցել քննարկմանը: Հիշեցի երկրաշարժը, փլված շենքերը, վշտից խելագարված դես ու դեն վազող մարդկանց: Հարազատի դիակը գտածներին աչքալուսանք տվող եւ իրենց կորուստը փնտրել շարունակող, անլաց, անարցունք, ցավից ընդարմացած դեմքով կանանց ու տղամարդկանց ու... փոշի, փոշի, ամենուր փոշու ամպեր: Ինձ վայրկյաններ առաջ էին դուրս բերել դպրոցի կիսափուլ շենքից, ու առաջին միտքը տուն գնալն էր: Դեռ չգիտեի, որ էլ տուն չունեմ, հետո պիտի իմանայի, որ աղետը զրկել է ինձ նաեւ հորից ու քրոջից: Սա էր ինձ համար իրականությունը: Այսպիսին էր 1988 թ. դեկտեմբերի 7-ի Գյումրիի կեսօրը հազարավոր մարդկանց համար: Բոլորն էին այն ժամանակ մեղադրում Գորբաչովին` համարելով, որ վրեժ են լուծում հայերից Ղարաբաղի, երկրում գլուխ բարձրացրած ընդվզման համար: Անիծում էին ու համոզված էին, որ դա երկրաշարժի բան չէր, որ պայթյուն է եղել: Բայց դա սկիզբն էր: Շատ ժամանակ չէր անցնելու, եւ մարդիկ խոսելու էին անբարեխիղճ շինարարների, առանց ցեմենտ կառուցված շենքերի եւ բազմաթիվ այլ բացթողումների մասին: Նորից ու նորից, որերորդ անգամ իմ կյանքում, հիշեցի շենքի փլատակների կույտի վրա կռացած հորեղբորս, որ դեկտեմբերի 7-ին, ցնցումից մեկ ժամ անց արդեն ավերակների վերածված մեր շենքի մոտ էր:

Նա շտկվում է` ձեռքին մի բուռ հող, իսկ աչքերից արցունքներ են հոսում. «Խիղճդ մեռնի, որ մեռել է, շենք սարքող, ըստեղ մի գրամ ցեմենտ չկա, սաղ ավազ է»: Կառուցողը գողանում էր, որովհետեւ այդ տարիներին պետությունից գողանում էին բոլորը: Մեկ վայրկյան հավանաբար չկասկածելով, որ իրենց գողացածը վաղը հազարավոր մարդկանց կյանք է արժենալու: Կառուցողներն էլ որպես արդարացում մեջտեղ էին բերում հայերի անհագ ցանկությունը բնակարաններն ընդարձակելու հարցում, խելքից ու մտքից դուրս արվող ձեւափոխումները: Մեղքի իրենց բաժինն էին ուզում պակասեցնել:

Դեկտեմբերի 7-ի երեկոյան վերադառնում էի Գյումրի ու հասկանում, որ սրտումս բուն դրած ծանրությունը հիշողություններից չէ, այլ ամիսներ առաջ քաղաքում ծայր առած ու ձնագնդի արագությամբ մեծացող խոսակցություններն են պատճառը, որոնց հստակ պատասխաններ տալու փոխարեն միայն թվեր են հրամցվում: Իսկ մարդիկ վախենում են. չէ՞ որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, եթե մոռանում ես նրա դասերը:

Աղետից 21 տարի անց մարդիկ Գյումրիում խոսում են նույն բանի մասին` «Մուշ-2» թաղամասում իրականացվող շինարարության որակի: Անհանգստանում են ու, որքան էլ տարօրինակ է, այնքան էլ ոգեւորված չեն տնակները լքելու մտքից: Ինչու՞, որտեղի՞ց այդ անվստահությունը կառուցողի նկատմամբ: Երկար ժամանակ կորսված վախի զգացումը կրկին գլուխ է բարձրացրել: Ինչու՞ են մարդիկ թերահավատ, ինչու՞ չեն ուզում լքել իրենց փտած տնակները: Հարցեր, որոնք իհարկե ունեն պատասխաններ, միայն թե պետք է հանդիպել այդ մարդկանց ու լսել նրանց պատմությունները: Սուսաննա Գ.-ն 21 տարի է ապրում է տնակում:

«Գլենդել Հիլզի» կառուցած բնակարաններից տիկնոջը խոստացել են տրամադրել իր կորցրած մեկ սենյականոցը:

«Բայց կհավատա՞ս, սիրտս կախ է, համ թաղի առումով, որ քաղաքից էդքան հեռու է, համ էլ լսածներիցս»,- ասում է տիկին Սուսաննան: «Ինչու՞,- հարցնում եմ ես,- էնքան վատ է, որ տնակի՞ց էլ վատ է»:

«Ախր ի՞նչ իմանամ, էնտեղ աշխատող ծանոթ շինարար ունինք, կըսե` առաջի սարքած շենքերը լավն են, բայց էս հետո-ի շենքերը հեչ բանի պետք են, մանավանդ որ ձեւափոխություն են արել, մեկ սենյականոցները միացրել են երկու սենյականոցներին: Հետո կըսեն, թե էս ցրտերին ոչ ցեմենտը կպահե, ոչ ներկը, ի՞նչ իմանամ, աղջիկ ջան, սթրես տարած մարդիկ ենք, աչքերս ամեն բանից կվախենա, բայց ըսքան որ կխոսան, ուրեմն մի բան կա»:

«Քրոջս տղան երկու շաբաթ աշխատել է էդ շինարարության վրա: Դրանից հետո եկավ, ասեց` եթե ձեզ «Գլենդել Հիլզի» շենքերից տուն կտան, չվերցնեք: Երեխեն զարմացած էր մնացել, թե ինչպես կարելի է պատը ծուռ շարել ու պատճառաբանել, որ կարեւորը արագ-արագ բնակարանները հանձնելն է: «Լինսը» որ անում էր, էսպիսի շուխուռներ չկային, չէ՞, մարդիկ որակ ապահովեցին,- հարցն ու պատասխանը ծանոթս, որ խնդրեց անունը չհրապարակել, հնչեցրեց միաժամանակ ու եզրափակեց,- թող չլինի 1056, լինի 350, բայց լինի որակով, ո՞վ է իրանց պարտադրել քանակ ապահովել էդքան կարճ ժամանակում»:

Թերթում եմ տեղական «Շրջապատ» շաբաթաթերթի դեկտեմբերի 9-ի համարը: «21 տարի անց անօթեւանության խնդիրը կա ու կա» փոքրիկ նյութում Ավտոկայանի տնակային ավանում բնակվող Ալբերտ Վահանյանը, ով հույս ունի, որ գոնե հաջորդ տարի բնակարանամուտ կտոնի, այնքան էլ ոգեւորված չէ ընթացող շինարարությունից եւ այդ մասին կարծիք է հայտնում: Ավելի ճիշտ` ներկայացնում է անձամբ տեսածը:

Մեջբերում եմ «Շրջապատ» թերթում տպված նյութից մի հատված. «Դրանք խցեր են, սենյակների մեծությունը ճիշտ այնքան է, որքան իմ տնակը: Չհաշված պատերի բարակությունը: Էդտեղ ի՞նչ ջերմություն պիտի մնա,- տարակուսում է Ալբերտ Վահանյանը,- էդքան տարի սպասեցինք, հույսով ապրեցինք, որ մի օր նորից մարդավայել կապրենք, իսկ իշխանությունը մեզ տեսեք ինչ է տալիս»: Գնում եմ «Ավտոկայան» կոչվող տնակային թաղամաս, որպեսզի հանդիպեմ Ալբերտ Վահանյանին: Դեկտեմբերի 18-ն է, հինգշաբթի: Տնակի դուռը բացում է նիհարիկ կազմվածքով մի պատանյակ եւ տեղեկանալով, որ Ալբերտին եմ ուզում, ներս է հրավիրում:

Ներկը` թաց գաջին, նոր խոսք շինարարության բնագավառում

63-ամյա Ալբերտ Վահանյանը 41 տարի աշխատել է տարբեր շինարարական կազմակերպություններում թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Այժմ չի աշխատում, սակայն գործերի բերումով երկու անգամ եղել է «Գլենդել Հիլզի» շինարարական հրապարակում, մտել «Մուշ-2» թաղամասում կառուցված բնակարանները: Նրա երկրորդ այցը դեկտեմբերի 14-ին է եղել: «Էս եղանակին գաջ կքաշեն ու վրեն կներկեն, փաստորեն առանց սպասելու, որ գաջը չորանա,- պատմում է Ալբերտ Վահանյանը,- ուրեմն մտա սենյակներից մեկը, պատերը դեղին գույնի էին ներկած, բայց 100 տեսակ գույն կար էդ պատի վրա: Էդ էլ նրանից էր, որ թաց գաջի վրա են ներկը քաշել, ուրտեղ ինչխ հասցրել, էդպես էլ չորցրել են պատը: Էդ անզեն աչքով էլ հնարավոր է տեսնել: Դու էլ տեսնիս, աղջիկ ջան, դու էլ կհասկնաս: 13 տարեկան թոռս էլ գիտե, որ թաց գաջին չի կարելի ներկ քսել, լավ, էդտեղ էդքան շինարար կա, իրանք չեն հասկընա՞: Էդ գաջը մինչեւ գարուն չի դիմանա, կթափի»:

«Հետո ես որ ընտեղ էի, պոլին լամինատ կխփեին, իրանց էրած գործից հասկցա, որ սենյակը ուղղանկյուն չէ: Լամինատի մի մասը պլենդուզին կիպ կավարտվի, սենյակի էն մյուս ծերը 10-15 սմ բաց կմնա: Կնշանակե` պատը ծուռ է շարած,- աչքով տեսածն է ներկայացնում բազմափորձ շինարարը,- ես, օրինակ, լամինատը 250 դրամով չէի խփե, իսկ ընտեղ էդ գնով մարդկանց կաշխատցնեն: Դրանից էլ որակ չկա: Եթե իրական գները կհարցնես, ուրեմն իրան հարգող, վարպետ, գործից հասկացող մարդը էդ գործը քառակուսի մետրը 850-1000 դրամով կվերցներ: Բացի դրանից, ես էնտեղ մարդկանց տեսա, որ լապատկի պոչ բռնել չիդեն, շինարարության «ա»-ն ու «բ»-ն չիդեն, բայց պատ կշարեն, ռեմոնտ կենեն: Հետո իմացա, որ ում ըսես` գործի կընդունեն, գլխներին էլ նորմալ հսկող վարպետներ չկան: 16 տարեկան երեխեքից բռնած` կաշխատին, դրանց սարքածն ի՞նչ պիտի էղնի»: Ալբերտ Վահանյանն անօթեւանի կարգավիճակ ունի: 4 անձից բաղկացած ընտանիքին երկու սենյականոց բնակարան են հատկացնելու, այսինքն` այնքան, որքան կորցրել է երկրաշարժին: «Ես չափել եմ դրանց երկու սենյականոցները, սաղ իրար հետ 28 քմ է, երկրաշարժին կորցրած բնակարանիս մենակ հյուրասենյակն էր 28 քմ: Էս բնակարանաշինությամբ, իմ կարծիքով, խախտվել է նաեւ մեր սահմանադրական իրավունքը,- պարզաբանում է Ալբերտ Վահանյանը,- անձին մինիմումը 9 քմ կհասնի, ճի՞շտ է, այսինքն` գոնե ինձ հատկացվող բնակարանը պիտի 36 քմ լինի, բայց չէ, մարդիկ որոշել են հանրակացարանի սենյակներ տալ 21 տարի դոմիկների մեջ ապրող մարդկանց: 4 հատ մահճակալ դնեմ էդ 28 քմ-ը կպրծնի»:

«Գլենդել Հիլզ»-ում աշխատող մի բանվոր էլ սենյակների փոքրության մասին բավական պատկերավոր արտահայտվեց` ասելով, որ երբ սեղանի շուրջ չորսով նստում են հաց ուտելու, հինգերորդ մարդը կողքից չի կարողանում անցնել տեղ չլինելու պատճառով: Այս տղան էլ հրաժարվեց իր անունից խոսել` աշխատանքը կկորցնի: Սա միակ դեպքը չէր, որ մարդիկ հրաժարվում էին հարցազրույց տալուց` վախենալով աշխատատեղ կորցնել, եթե խոսում էլ էին, ապա խնդրում էին անունները չնշել:

Երբ Ալբերտ Վահանյանին շնորհակալություն հայտնեցի համարձակության համար, քմծիծաղ տվեց. «Ի՞նչ պիտի անեն, պիտի գնդակահարե՞ն, թե՞ Սիբիր քշեն, 21 տարի է էս դոմիկների մեջ աքսորյալ ենք, էլի»: Բնակարան ստացողների այս տարվա ցուցակներում Վահանյանները չկան:

«Ես չեմ վռազնա, թե էս ձեւի պիտի տուն տան, ավելի լավ է 2-3 տարի էլ մնամ տնակում, քան էրթամ էդ խցերը ապրիմ,- հրաժեշտի ժամանակ շեշտեց Ալբերտ Վահանյանը,- շե՞նքն էլ պատշգամբ չունենա, նկուղ չունենա: Իմիջիայլոց, նկուղի տեղերը փորած եղել են, բայց հիմի հողով լցրել-ծածկել են: Մարդ ես, ձմեռվա համար կարտոֆիլ կառնիս, կաղամբի թթու կդնես, ու՞ր դնես, եթե նկուղ ու պատշգամբ չունի շենքը, հո հյուրասենյակի մեջ չես դնե: Կնշանակե` հանրակացարան կհանձնեն շահագործման, որ մարդը գա իրիկունը քնի, առավոտ զարթնի թողնի դուրս գա: Ուզե-չուզե` լենինականցին որ տուն ստացավ, պիտի ձեւափոխություն էնե: Սովետի վախտ էլ կէնեին, տեսաք ուր հասանք»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter