HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կրկին բողոքի ալիք Կապանում

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) հանքի աշխատակիցները հունվարի 17-ից բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք կիրակի առավոտվանից աշխատանքի դուրս չեն եկել ու տնօրինությունից պահանջում են աշխատավարձի բարձրացում: «100 հազար դրամ է տալիս, ինչո՞ւ պիտի մտնենք հանք: Նախկինում 220-230 հազար էինք ստանում»,- ասում է Սոս Հախումյանը:

Ըստ բողոքողների` տնօրինությունը խոստացել էր, որ աշխատավարձը կբարձրացնի, բայց առաջընթաց չկա: «Մետաղների գները բարձրացել են, թող մեր աշխատավարձն էլ բարձրացնի: Տնօրենը ասում էր, որ համբերենք, լավ կլինի, մետաղների գներն ընկել են: Էդ ժամանակ աշխատավարձը իջեցրեց, թող հիմա էլ բարձրացնի: Թե՞ մենք իր ստրուկներ ենք»,- ասում է Ս. Հախումյանը:

Կարինե Ավագյանն ու Գայանե Դալաքյանը կոմբինատի հանքում բուժքույր էին աշխատում: Նրանց դեկտեմբերի 1-ից կրճատել են: «Հասկացանք, բայց մեր տեղը ուրիշի վերցրին գործի: Բա որ ավելորդ էին մեր հաստիքները, ինչո՞ւ նոր մարդ վերցրին: Սա անարխիա է, անգլիացին ոնց ուզում, անում է»,- ասացին կանայք: Բողոքողների պատմելով` «տնօրենի կինն է որոշում, թե ինչ անի ամուսինը»: «Տիկին Ֆարիդան օրը 6 հաց է առնում, տալիս փողոցային շներին, մեզ էլ ասում է` յոլա գնացեք: Մենք աշխատենք, ինքը մեր փողով շներին պահի, բա սա կյա՞նք է»,- ասում են հանքագործները: Նշենք, որ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի կինը` Ֆարիդա Ֆալետան, ի պաշտոնե գլխավոր տնօրենի օգնականն է։ «Մինչև կնոջ այստեղ տեղափոխվելն ամեն ինչ հանդարտ էր, ու տնօրենը հասկանում էր մեզ: Նրա գալուց հետո ամեն ինչ փոխվեց»,- ասում են հանքագործները: Ըստ բողոքողների` սա գործադուլ չէ, պարզապես իրենց իրավունքները ոտնահարվում են, և իրենք տնօրինության ուշադրությունն են ուզում հրավիրել դրա վրա: Արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյանի խոսքով` տնօրինությունը խոստացել է փետրվարի 1-ից աշխատավարձերը վերանայել: «Հանքագործները չեն հավատում, ասում են` շատ են խաբվել, հիմա թող պայմանագիր կնքի, ու հստակ նշվի աշխատավարձի չափը»,- ասում է Ս. Թումանյանը: «Հանրապետության ղեկավարության ենք դիմում, մտածեք մեր մասին: Բա ասում էին` նոյեմբերից աշխատավարձերը կբարձրացնեն, ի՞նչ եղավ: Անգլիացին ձեզ էլ է խաբում: Բոլորիս ազատում, իր մարդկանց է բերում: Ի՞նչ է մտածում նախագահը»,- ասում է Ս. Հախումյանը:

Բողոքողները մտադիր չեն աշխատանքի անցնել, մինչև հստակ պատասխան չստանան: Տնօրինությունն առայժմ ոչինչ չի ասում: Բացի բողոքի ցույցից, մեր ունեցած տեղեկություններով` ձեռնարկությունում ներքին կոնֆլիկտ է հասունանում: Վարչական աշխատողներից ոմանք, ֆինանսական տնօրեն Արա Մարկոսյանի  նախաձեռնությամբ,  աշխատանքներ են իրականացնում` ազատվելու գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայից։ Շրջանառվող լուրերի համաձայն` Ռոբերտ Ֆալետան մտադիր չէ երկարաձգելու ձեռնարկության համայնքի և լրատվամիջոցների հետ պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի պայմանագիրը: Չի բացառվում, որ Ռոբերտ Ֆալետային նման խորհուրդ տված լինի կինը, քանի որ վերջինս դեմ էր տիկին Մարտիրոսյանի ներկայացրած որոշ ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք առնչվում էին համայնքի խնդիրներին: Այդ իսկ պատճառով մեզ չհաջողվեց տնօրինությունից ճշտել տեսակետը: Բողոքի ցույցը շարունակվելու է այնքան, մինչև իշխանության ներկայացուցիչները արձագանքեն:

«Մեծ-մեծ խոսելու փոխարեն, թող գան, հասնեն Կապան, տեսնեն` ինչ է կատարվում»,- ասացին նրանք:

Հ.Գ. Ձեռնարկության տնօրինությունը արգելել էր պահակային ծառայությանը թույլ տալ լրագրողների մուտքը ձեռնարկության տարածք: Սակայն բողոքողների հորդորով` պահակները տեղի տվեցին, ու լրագրողները կարողացան մտնել ձեռնարկության բակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter