HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Այս տարի կկառուցվի նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի մնացած հատվածը

Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել են հանրապետական, միջհամայնքային ու տեղական նշանակության ճանապարհների վերականգնման ու պահպանության հարցերը: Վարչապետը իրավասու կառույցների պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ վերահսկողություն իրականացնել հանրապետության մայրուղիներում` ձեռնարկելով նաեւ անվտանգ երթեւեկության համար անհրաժեշտ միջոցներ, իսկ նորաստեղծ «Արցախուղի» ընկերությանը` ունեցած տարածքային ստորաբաժանումների կարողությունների արդյունավետ օգտագործմամբ հասնել նրան, որ շրջաններում չլինեն անանցանելի ճանապարհներ: Ինչպես նշվեց խորհրդակցության ժամանակ, 2010թ. ճանապարհաշինական ծրագրերը դեռեւս ճշտման կարիք ունեն: 2009-ին ճանապարհաշինության բնագավառում կատարվել են 2 մլրդ 120 մլն դրամից ավելի աշխատանքներ, որոնք ուղղված էին ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների հիմնանորոգմանը, շահագործմանը եւ գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը: ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանի խոսքերով` ավարտվել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի երկրորդ փուլի հիմնանորոգման, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի կամրջի վերակառուցման աշխատանքները, Ասկերան-Խնապատ ճանապարհի հիմնանորոգումը եւ Աղդամ-Մարտակերտ` 2կմ ասֆալտբետոնե ծածկով ավտոճանապարհի վերանորոգումը: Մյուս հատվածների նորոգման աշխատանքները կշարունակվեն այս տարի, որոնց, ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Արա Հարությունյանը, կհաջորդի Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածի նորոգումը: Վերանորոգվել են նաեւ Դրմբոն-Քարվաճառ ավտոճանապարհի վթարային հատվածները, Մատաղիս-Թալիշ ճանապարհը: Հիմնանորոգվել է Ստեփանակերտ-Կիչան ճանապարհը: Ավարտման փուլում են Կարմիր Շուկա-Ճարտար-Խնուշինակ-Գիշի-Մարտունի ավտոճանապարհի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները: Հողային աշխատանքներ են սկսվել Գիշի-Մարտունի հատվածում, որը վատթար վիճակում է: Հանրապետությունում, ըստ վարչության պետի, ընդհանուր առմամբ այս տարի ասֆալտապատվել է 15,630 կմ ավտոճանապարհ: Մեր այն հարցին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցած «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի վրա կա՞ն դեռեւս չկառուցված հատվածներ, Կարեն Շահրամանյանը պատասխանեց, որ նման հատված կա Մարտակերտի շրջանում: Այս հատվածի կառուցման աշխատանքները եւս կիրականացվեն այս տարի: Ըստ Կարեն Շահրամանյանի` այժմ քննարկվում է, թե ինչ միջոցներով է դա արվելու` պետությա՞ն, թե՞ հիմնադրամի: Տարվա ընթացքում զգալի աշխատանք է կատարել «Արցախուղի» ընկերությունը. նյութատեխնիկական բազայով եւ ճանապարհաշինական մեխանիզմներով հագեցած ընկերությունը ստեղծել է իր մասնաճյուղերը Քաշաթաղի, Շահումյանի եւ Հադրութի շրջաններում: Բոլոր շրջաններում ճանապարհների պահպանման նպատակով կատարել է 300,0 մլն դրամի աշխատանքներ: Այս տարի այդ նպատակով կհատկացվի շուրջ 400,0 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter