HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Ղարաբաղ Տելեկոմ»` միշտ հասանելի՞ եւ մատչելի՞

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նախագահ Պիեռ Ֆատուշի եւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Հանդիպմանը, ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում ընկերության ընթացիկ եւ հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը, կարեւորելով ընկերության դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հույս է հայտնել, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Հիշեցնենք, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ը Արցախում հեռախոսային ծառայություններ է մատուցում 2002 թվականի փետրվարից, իսկ հոկտեմբերից արդեն` ինտերնետ ծառայություններ: Ինչպես նշվում է ընկերության կայքում` 2003-ին արդեն ինտերնետը հասավ հանրապետության շրջաններ, իսկ նույն տարվա ապրիլից ընկերությունը բացեց առաջին ինտերնետ-սրահները: 2008 թվականի հունիսին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշեց «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը հանրային ամրակցված հեռախոսակապի, բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար համարել մենաշնորհ եւ տվյալների հաղորդման ու ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում: Ընկերությունը հանրապետությունում նաեւ բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում. ընկերության հովանավորությամբ խաղահրապարակներ են կառուցվել Արցախի մի շարք բնակավայրերում, մեծ ներդրումներ է կատարվում առողջապահության ոլորտում: «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ծառայություններից օգտվողների թիվը, վիճակագրական տվյալների համաձայն, տարեցտարի ավելանում է, ինչը միայն չի խոսում այն մասին, որ բոլոր բնակիչները գոհ են ընկերության մատուցած ծառայություններից: Ինչպես մեր զրուցակիցներից շատերն են նշել, պարզապես ստիպված են օգտվել այդ ծառայություններից, քանի որ այլընտրանք չունեն, հատկապես` հեռախոսային ծառայություններից օգտվելու դեպքում: Իսկ ծառայությունների որակի եւ սակագների մասին բազմիցս է դժգոհություններ արտահայտվել, չնայած ընկերության ներկայացուցիչները քննարկումներից մեկի ժամանակ պնդել են, որ բնակիչների կողմից իրենց ուղղված բողոքներն այնքան էլ շատ չեն: Ընկերության մատուցած ծառայությունների սակագները վերջին տարիներին մի քանի անգամ փոփոխության են ենթարկվել, հիմնականում սակագներն իջեցվել են, սակայն գործող սակագներից դարձյալ դժգոհում են: Գոհ չեն նաեւ ընկերության` անցյալ տարվա աշնանը ինտերնետ ծառայությունների սակագներում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում իջել է ինտերնետ կապի որակը. սա խոստովանում են ինտերնետից օգտվողները: Սակագների վերաբերյալ մի քանի անգամ դժգոհություններ են արտահայտել նաեւ Ազգային ժողովի նիստերի ժամանակ. վերջին անգամ հարցը բարձրացվել է նաեւ անցյալ տարվա աշնանը, սակայն վիճակը մինչ օրս չի փոխվում: Ոլորտում երկրորդ օպերատորի մուտք գործելու մասին հարց բարձրացվեց նաեւ ԼՂՀ վարչապետի տարեվերջյան ասուլիսի ժամանակ, որին ի պատասխան` վարչապետը հայտնեց, որ 2010-ին երկրորդ օպերատոր մուտք չի գործի: Նա միաժամանակ հայտնեց, որ ընկերության հետ հնարավոր է բանակցեն սակագների փոփոխման շուրջ: Ստացվում է, որ ղարաբաղցիները հեռախոսակապի ոլորտում, համենայնդեպս` այս տարի հնարավորություն չեն ունենա օգտվել այլ օպերատորի ծառայություններից, եւ կառաջնորդվեն այն պայմաններով, որոնք թելադրում է ընկերությունը: Հետեւաբար սակագների իջեցում եւ կապի որակի բարձրացում նույնպես չի կարելի ակնկալել, կամ լավագույն դեպքում` չնչին մասով: Բոլորի համար էլ պարզ ու հասկանալի է, թե ինչ դեր ունի ոլորտում մենաշնորհ համարվող ընկերությունը, եւ ինչ փոփոխություններ են կատարվում սակագների եւ կապի որակի առումով մրցակցային պայմաններում, ինչի վառ օրինակը տեսնում ենք Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter