HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հայ-թուրքական փակուղի. նոր միտումներ տարածաշրջանում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անդրդվելի մնաց նույնիսկ այն բանից հետո, երբ նրան Մոսկվայում հյուրընկալած Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ արեց միմյանց չկապել հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

«Ինչ էլ մարդիկ մտածեն, միևնույն է, հայ-թուրքական հարաբերությունների հարցը փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված է ղարաբաղյան խնդրի լուծումից: Եթե Երևանն իրոք ցանկանում է մեզ հետ բարելավել հարաբերությունները, թող նախևառաջ դուրս գա գրավյալ շրջաններից, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեր հարաբերությունների հաստատումը»,- հայտարարեց Էրդողանը Մոսկվայից վերադառնալու ճանապարհին:

Թուրքիայի այս դիրքորոշումը փաստացիորեն փակուղի է մտցրել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Ներկայումս վերլուծաբաններն առանձնացնում են իրադարձությունների զարգացման երկու հնարավոր ուղիներ. կամ Հայաստանը կհամաձայնի Թուրքիայի նախապայմանին եւ զիջման կգնա ղարաբաղյան հակամարտության հարցում (զիջում ասելով ընկալվում է զորքերի դուրսբերումը Ղարաբաղի հարակից շրջաններից` առանց Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որեւէ երաշխիքների), կամ Հայաստանը տեղի չի տա` թողնելով փակուղին այնքան ժամանակ, մինչեւ կրկին քայլ կկատարի Թուրքիան: Սակայն հաշտեցման սառեցման ֆոնին տարածաշրջանում այսօր ընթանում են գործընթացներ, որոնք կարող են անկանխատեսելի ազդեցություն ունենալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա:

Այդ զարգացումները մասնավորապես ի զորու են ինչպես փոխել ուժերի առկա հարաբերակցությունը, այնպես էլ կազմալուծել ներկայիս քաղաքական դաշինքները: Փորձենք դիտարկել այդ զարգացումներից յուրաքանչյուրը` պարզելով, թե ինչ ազադեցություն կարող են նրանք ունենալ վերոնշյալ գործընթացների վրա:

Ռուս-թուրքական մերձեցում

Վերջին երկու-երեք տարում Անկարան եւ Մոսկվան դարձել են ռազմավարական գործընկերներ, եւ այդ գործընկերության հիմքը էներգետիկ համագործակցությունն է: Մոսկվան Անկարային հետաքրքիր առաջարկներ է արել Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման վերաբերյալ:

Այս ծրագիրը, թեեւ հարված է հասցնում տարածաշրջանում Արեւմուտքի շահերին եւ էներգետիկ ծրագրերին, սակայն ավելի է մեծացնելու Անկարայի ազդեցությունը ինչպես հարավկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրոպայում: Այս գործընթացի հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման վրա ակնհայտ է:

Անկարան ամեն կերպ փորձելու է համոզել Մոսկվային ճնշումներ գործադրել պաշտոնական Երեւանի վրա` ղարաբաղյան հարցում զիջումների գնալու ուղղությամբ: Տարածաշրջանի խնդիրները ռուս-թուրքական համատեղ ջանքերով լուծելու տեսլականը թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման պայմաններում մոտ ապագայում միայն ավելի կխորացնի Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համագործակցությունը:

Ռուս-ադրբեջանական մերձեցում

Այս գործընթացը, ինչ խոսք, սկիզբ առավ ի նշան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հանդեպ Բաքվի անհամաձայնության, երբ Ադրբեջանը սպառնաց Թուրքային, ինչպես եւ հայ-թուրքական գործընթացը սատարող Արեւմուտքին գազային համաձայնության գալ Մոսկվայի հետ` խափանելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը:

Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական մերձեցմանը նպաստում է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունների նշանակալի վատացումը, ինչը կրկին պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից հայ-թուրքական հաշտեցման գործընթացի սատարման եւ խթանման հետ: Թեեւ Բաքուն այս քայլով հույս ունի միաժամանակ շահել Մոսկվայի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն այս ամենը ավելի շուտ սահմանափակվում է Թուրքիային եւ Արեւմուտքին շանտաժի ենթարկելու Բաքվի քաղաքականությամբ:

Թուրք-ադրբեջանական համագործակցություն

Թեեւ ի վերջո Անկարան տեղի տվեց Բաքվի բողոքներին եւ կրկին առաջ քաշեց հայտնի նախապայմանը, թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Իրականում թուրք-ադրբեջանական համերաշխությունը վերջին շրջանում ավելի ու ավելի ձեւական բնույթ է կրում:

Այս համագործակցությունը նախեւառաջ խրախուսվում է եվրոպական եւ ամերիկյան այն քաղաքական եւ վերլուծական շրջանակների կողմից, որոնք դեռ շարունակում են թուրք-ադրբեջանական համագործակցությունը դիտարկել տարածաշրջանում հակառուսական գործոնի ուժեղացման, Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու եւ էներգետիկ ռեսուրսներից հեռու պահելու համատեքստում:

Նույն շրջանակները գտնում են, որ Թուրքիան ոչ մի դեպքում չպետք է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը (ավելի ճիշտ` Արեւմուտքի շահերը տարածաշրջանում) զոհաբերի հանուն Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ունենալու հեղհեղուկ հեռանկարի:

Պատահական չէ, որ հայ-թուրքական գործընթացի` փակուղու մեջ հայտնվելուց անմիջապես հետո կրկին ակտիվացան Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի ծրագրի իրականացման մասին խոսակցությունները, որոնք դադարել էին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հեռանկարի պայմաններում, ինչպես նաեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության եւ ծրագրի տնտեսական աննպատակահարմարության պատճառով:

Միաժամանակ կրկին ակտիվացան Նաբուկկո ծրագրի իրականացման մասին խոսակցությունները: Սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում նկատվող միտումները գալիս են չեզոքացնելու Անկարա-Թբիլիսի-Բաքու եռանկյունու նշանակությունը տարածաշրջանային գործընթացներում` փոխարենը ձեւավորելով այլ անսպասելի դաշինքներ: Այս եռանկյունու կազմալուծմանն են նպաստում նաեւ ինչպես ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական մերձեցումները, այնպես էլ թուրք-իրանական զարգացող համագործակցությունը:

Թուրք-իրանական համագործակցություն

Իրանի հետ Թուրքայի հարաբերությունների խորացման հիմքում եւս էներգետիկ համագործակցությունն է: Բացի այդ, այսօր թուրք-իրանական հարաբերությունները ավելի ռազմավարական նշանակություն են ստանում թուրք-ամերիկյան եւ թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին:

Բոլորովին վերջերս Անկարան հրապարակայնորեն հանդես եկավ Իրանի պաշտպանությամբ` Արեւմուտքին մեղադրելով Թեհրանի հանդեպ երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառելու մեջ: Թուրք-իրանական համագործակցությունը Անկարայի մերձավորարեւելյան քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկն է եւ, ինչպես երեւում է, երկարաժամկետ բնույթ է կրում:

Անկարայի եւ Թեհրանի միջեւ էներգետիկ համագործակցությունը նույնիսկ ժամանակին առիթ տվեց վերլուծաբաններին դիտարկելու իրանական գազի` Եվրոպա մատակարարման հեռանկարի հնարավորությունը: Եւ թեեւ այս հնարավորությունը դեռ անիրագործելի է մնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում, այն դեռեւս ոչ ոք չի բացառել:

Հետաքրիքիր է, որ, հաշվի առնելով ռուս-թուրքական եւ թուրք-իրանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ հայ-իրանական եւ ռուս-հայկական առկա գործընկերությունը, վերջերս կարծիքներ հնչեցին նաեւ Անկարա-Մոսկվա-Երեւան-Թեհրան նոր առանցքի ձեւավորման հնարավորության մասին: Այսպիսով ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի քաղաքականությունը ենթարկվում է նոր փոփոխությունների, որոնք կոտրում են տարածաշրջանում հաստատված քաղաքական կարծրատիպերը:

Նախկինում գործող դաշինքերը փոխակերպվում են կամ փլուզվում եւ դրանց փոխարեն առաջանում են նորերը: Եւ անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա հայ-թուրքական փակուղին, վերոնշյալ գործընթացները այնուհետ էլ կզարգանան` ավելի փոխելով տարածաշրջանի քաղաքական պատկերը:

Նման պայմաններում, տեղի ունեցող փոփոխություններին անարձագանք է մնում պաշտոնական Երեւանը, որն սպասողական դիրք է բռնել հայ-թուրքական հարաբերություններում` միաժամանակ գտնվելով Ղարաբաղի հարցում «առաջընթաց» արձանագրելու ճնշումների ներքո:

Ստեղծված իրավիճակը թելադրում է Երեւանին վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունը, որը պետք է համապատասխանի այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել հայ-թուրքական հաշտեցման սառեցման հետեւանքով:

Հարկ է նշել, որ հայ-թուրքական հաշտեցման ողջ ընթացքում ընդհանուր առմամբ անտեսված են մնում հայ-իրանական համագործակցության հեռանկարները, որոնք կարող էին մեծ առավելություններ տալ Երեւանին տարածաշրջանային նոր գործընթացներում: Սակայն այս մասին առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter