HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ետդարձի վտանգ, առաջընթացի սպառնալիք

Միամիտ կլինի կարծել, թե Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները չգիտեին` իրականում ի՞նչ կար նրանց մտադրություններում հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթղթերի հայտնի բովանդակությունները մշակելիս եւ սեփական խորհրդարանների վավերացմանը հանձնելիս:

Մինչեւ վերջերս իրական խնդիրները նրանք ներկայացնում էին միմյանցից անվտանգ հեռավորության վրա` հանդես գալով սեփական եւ միջազգային լսարանների, բայց ոչ երբեք մեկը մյուսի հետ հրապարակային դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում:

Միջնորդավորված այդ բանավեճը անհրաժեշտ էր հավակնությունների շղարշը միմյանց դեմքերից հեռացնելու համար, ինչպես նաեւ` փորձարկելու այն առավելագույն հնարավորը, որը երկրների ղեկավարները կարող են իրենց թույլ տալ` առանց վնասելու ազգային եւ սեփական իշխանական շահերին:

Մինչ այսօր մեկմեկու համար անհաճո հայտարարությունները կողմերը չէին կարող ընդունել որպես պաշտոնական դիրքորոշում, անգամ եթե դրանք հասարակական եւ քաղաքական լայն շրջանակներից ոչ պակաս հաճախությամբ հայտարարում էին երկրների առաջին դեմքերը:

Նման օրինակներ կարելի է բերել առանց մեծ ճիգերի. ընդամենը մեկ-երկու ամսով ետ գնալը բավարար է բազմաթիվ օրինակներ բերելու համար:

«Թող Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրը լուծվի, դադարեցվի Ղարաբաղի օկուպացիան, այդ դեպքում իր լուծումը կգտնի նաեւ թուրք-հայկական հարցը: Եթե Հայաստանը բարի մտադրություններ ունի, թող ապացուցի դա` ազատելով Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները: Եթե նա (Հայաստանը) հեռանա այդ շրջաններից, ապա կսկսվեն դրական գործընթացներ»:

Այս մոտեցումները հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը մի քանի օր առաջ, եւ ինչպես տեսնում ենք, Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտարարությունները գնալով վերգտնում են իրենց նույնականությունը, ինչպես առաջ էր, հայ-թուրքական արդի գործընթացից շատ առաջ:

Թուրքիան, այսպիսով` իր հետ հարաբերություններ կարգավորելու հնարավորությունը նորից սկսել է ընկալել որպես «բոնուս», որը Հայաստանը կստանա միայն ու միայն Ադրբեջանի պահանջները կատարելու եւ Ղարաբաղն իր հարակից տարածքներով վերադարձնելու համար:

Կարծես, ոչ մի աղերս չունեն ոչ հայ-թուրքական կարգավորումն ու Թուրքիայի շահերը, ոչ էլ ընդհանուր բան կա կարգավորման խնդրո առարկաների հայկական եւ թուրքական ընկալումներում: Այն սկանդալը, որ «հաջողվեց» շրջանցել հոկտեմբերի 10-ին արձանագրությունների ստորագրման ժամանակ, միեւնույն է, հնարավոր չէր լինելու ընդհանրապես զսպել:

Հիմնականում այն պատճառով, որ երկիմաստ ձեւակերպումները թույլ էին տալիս կողմերից յուրաքանչյուրին մտքում փայփայել սեփական նպատակները եւ ժամանակ առ ժամանակ դրանք բարձրաձայնել վերաբերմունքի խորքային դիտարկումներ անելու համար:

Հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը սկզբնավորեց հայ-թուրքական գործընթացի նոր փուլը. Հայաստանում եւ Թուրքիայում պաշտոնական «ընթացք տվեց» այսպես կոչված վավերացման փուլին, Թուրքիային ապագայի համար պարզաբանեց այն սահմանները, որոնցից այն կողմ Հայաստանը քայլ անել չի կարող, իսկ այս փուլի համար` կոնկրետացրեց կարգավորման խնդրո առարկան:

Հոկտեմբերի 10-ի ԱԳ նախարարների ստորագրման արարողությունից հետո ՀՀ ՍԴ ընդունած որոշումն առաջին գրավոր փաստաթուղթն է այս գործընթացում: Ուստի լավ առիթ է կողմերի միջեւ անմիջական պարզաբանումների, չի բացառվում նաեւ` գործընթացի շատ հնարավոր տապալման մեջ հակառակ կողմին մեղադրելու համար:

Վերջինը` ամեն դեպքի համար, քանի որ մի բան է մտնել գործընթացի մեջ, մեկ այլ բան` ժամանակին դուրս գալ դրանից առանց մեծ վնասների: Չէ՞ որ չափազանց դժվար է ինչպես առաջ մղել, այնպես էլ կասեցնել հայ-թուրքականի նման ցանկացած զարգացում, որը տոգորված է ոչ միայն անմիջական դերակատարների, այլեւ մի շարք օտար, բայց ավելի հզոր շահերով:

Դեռ մի քանի ամիս առաջ արդեն ակնհայտ էր, որ դուրս գալ գործընթացից չի նշանակում վերադառնալ նախկին ստատուս-քվոյին, այն առանց կողմերի մասնակցության էլ վաղուց արդեն նախկինը չէ: Հունվարի 18-ին Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ Թուրքիայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը ներկայացրեց ՀՀ ՍԴ որոշման իր ընկալումը:

Այստեղ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման գրավոր հիմնավորումները գնահատվեցին որպես արձանագրությունների բուն էությանը հակասող եւ դրանց դրույթները սահմանափակող, քանի որ կառուցված են նախապայմանների վրա:

«Որոշումը հակասում է արձանագրությունների հիմնական նպատակին եւ մեզ համար անընդունելի է»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին, այդ թվում` արձանագրությունների հիմնական դրույթներին: Նման հավատարմություն մենք ակնկալում ենք նաեւ Հայաստանի Կառավարությունից»:

Հունվարի 19-ի երեկոյան հայտնի դարձավ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի արձագանքի մասին: Նա պատրաստվում էր հեռախոսազրույց ունենալ իր թուրք պաշտոնակցի հետ եւ պարզել, թե Սահմանադրական դատարանի ընդունած որոշման մեջ ի՞նչն է նախապայմանի տպավորություն թողել թուրքական իշխանությունների վրա:

Հունվարի 20-ին կայացած հեռախոսազրույցի մասին առաջինը հաղորդեցին թուրքական եւ ադրբեջանական աղբյուրները: Ոչ մի հղում չանելով հայ նախարարի արտահայտած մտքերին` հաղորդվում էր այն մասին, որ Դավութօղլուն մեկ անգամ էլ վերաշարադրել է իր գերատեսչության տարածած հաղորդագրության բովանդակությունը, իսկ գործընթացն անհարկի ձգձգելու մեղադրանքին ի պատասխան հայտնել է, որ այդ հայկական կողմն է ետ մնում. արձանագրությունները Թուրքիայում արդեն հանձնվել են թուրք խորհրդարանականների դատին, մինչդեռ Հայաստանում դա դեռ չի արվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter