HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Եթե լույս լինի, դպրոց լինի, մանկապարտեզ լինի, պարզ չի՞` մեծամասնությունը հավաքվելու են տարածքի վրա»

«Ես գիտակցել եմ, էլի, որ սա դառնալու է մեր իսկական, հիմնական Տիգրանակերտ քաղաքը»,- կատակեց Հարութ Բաղիրյանը: Բաղիրյանների ընտանիքը արդեն 11 տարի բնակվում է Տիգրանակերտում (նախկին Աղդամ): Այն բանից հետո, երբ քաղաքում հնավայր պեղվեց, եւ մասնագետները պարզեցին, որ քաղաքը կառուցել է Տիգրան Մեծը, Հարութ Բաղիրյանը իր բնակության վայրի ընտրությունը հաջող է համարում: Հարութը ներկայացավ որպես Տիգրանակերտի հսկիչ: Հարցին, թե հատկապես ո՞ր տարածքներն է հսկում, պատասխանեց. «Ընդհանրապես ես հսկում եմ մեր հնության, շինարարության ասպարեզում, լոխ տերիտորիան: Ինչքան տարածք կա, չէ՞, մեր տարածքները ես եմ հսկում, որ չթողեմ էդտեղ ծառ կտրեն, ինչ-որ բան անեն կամ քանդեն: 10 տարուց ավել է ես էստեղ իմ հսկողության տակ պաhում եմ, իմ հոժար կամքով»: Մեկ ու կես տարի է Հարութը ձեւակերպվել է որպես հսկիչ եւ ստանում է 60 հազ. դրամ աշխատավարձ: Նա ընտանիքի միակ աշխատողն է, ապրում է կնոջ` տիկին Ալվինայի, զոքանչի, որդու, հարսի, թոռնիկի հետ, իսկ աղջիկը ծնողների հետ ապրում է դպրոցական արձակուրդների ժամանակ: Տիգրանակերտում դպրոց չկա, այդ պատճառով դասերի ժամանակ աղջիկն ապրում է Ասկերանում` մորաքրոջ մոտ: Բաղիրյանների ընտանիքը Արցախ է տեղափոխվել 1994 թվականին, ապրել Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում (նախկին Դաշբուլաղ): «Դրանից առաջ ապրել ենք Չարդախլու` մարշալ Բաղրամյանի, Բաբաջանյանի գյուղում: Փախստական ենք: Շարժումից հետո տեղափոխվել ենք Հրազդան, Հրազդանից` Ղարաբաղ: Ամուսինս էս պատերազմներին որ մասնակցել է, ասել է. «Ինչի՞ պիտի ես շարժմանը մասնակցեմ, թողնեմ-գնամ ուրիշ տեղ մնամ»: Էդ ձեւով էլ տեղափոխվել ենք Ղարաբաղ»,- ասաց 50-ամյա տիկին Ալվինան: Իսկ Աստղաշենից Տիգրանակերտ Բաղիրյանները տեղափոխվել են, որպեսզի կարողանան իրենց ապրուստը հոգալ: Ընտանիքը պահում է ուրիշների անասունները, իրենց համար էլ են պահում կով, ոչխար, հավ, հնդկահավ: Նաեւ պարտեզ ունեն, որտեղ ամեն բերք հնարավոր է աճեցնել: Ալվինա Բաղիրյանի խոսքերով` իրենք անընդհատ զբաղված են անասնապահությամբ, հողագործությամբ եւ ազատ րոպե անգամ չունեն: Տունը, որտեղ ապրում են Բաղիրյանները, երկու սենյակ ունի: Երկրորդ սենյակն անցյալ տարի են ավելացրել, որպեսզի կարողանան տեղավորվել: «Դե, ուզած-չուզած` մի կերպ պիտի անես, որ հարմարվես, որ էրեխեքին օգնես, գոյությունդ պաշտպանես, դժվարություն է շատ»,- ասաց տիկին Ալվինան: Քանի որ տունը մոտ է Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհին, նրա խոսքերով` կարողանում են օգտվել տրանսպորտից: Բաղիրյանների տունը ապահովված չէ էլեկտրականությամբ: «Մենք 10 տարի է` առանց հոսանք ենք, ընտանիքով լամպի լույսի տակ ենք մնում: Էս մի տարի է, որ դվիժոկ ենք օգտագործում, մենակ գիշերը` մի 2-3 ժամ, միացնում ենք, որպեսզի հոսանքից օգտվենք»,- ասաց Ալվինան: Տանը հեռուստացույց կա, բայց քանի որ «Երեւանի ալիքը չի բռնում», միայն վիդեո են նայում: Տիկին Ալվինան տեղեկատվություն ստանում է «էս մեկից, էն մեկից: Մենակ էդ է, որ, ասենք, մի թեթեւակի գլուխդ հանգիստ է լինում, ամեն ինչի համար չես մտածում»: Տիկին Ալվինայի խոսքերով` Տիգրանակերտում մոտ 25 ընտանիք է ապրում, բայց մեծամասնությունը գնում-գալիս է Տիգրանակերտ: «Քանի որ հոսանք չկա, մարդիկ չեն կարում օգտվեն ամեն ինչից: Օրինակ` չեն մնում նրա համար, որ դպրոց չկա. դպրոցական երեխաներ ունեն: Եթե լույս լինի, դպրոց լինի, մանկապարտեզ լինի, պարզ չի՞` մեծամասնությունը հավաքվելու են տարածքի վրա: Ազատագրած տարածք է. պիտի գանք, չէ՞, որ պաշտպանենք մեր ազատագրած տարածքը, որ բնակչությունը շատանա»,- ասաց նա: Տիկին Ալվինան չի լքի Տիգրանակերտը, անգամ եթե հնարավորություն ունենա վերադառնալու հարազատ գյուղ` Շամխորի շրջանի Չարդախլու, որը հարկադրված է եղել լքել: «Կարող է` շատ-շատերը հնարավորություն կունենան հետ գնան, բայց ես չեմ գնալու, որովհետեւ ես էստեղ աղջիկ ունեմ մահացած: Ջուրն է ընկել էստեղ` 16 տարեկան հասակում: Հեն է նկարը: Հնարավոր է` գնամ գյուղ, նորից հետ գամ` եթե էդ ձեւ հնարավորություն ունենամ, բայց ես էստեղից չեմ գնա ոչ մի տեղ, ես իրան էստեղ չեմ թողնի»,- ասաց Ալվինան: Բաղիրյանների ընտանիքը տարածք է ընտրել Տիգրանակերտում, որտեղ Արցախի իշխանությունները խոստացել են 2010 թ.-ին տուն կառուցել նրանց համար: Աստղաշենում Բաղիրյանների տունը քանդվել է քամուց: Տիկին Ալվինայի բողոքին իշխանությունները պատասխանել են, որ չեն վերանորոգի տունը, փոխարենը ընտանիքի համար նոր տուն կկառուցեն Տիգրանակերտում: «Խոստացել են, որ լույս է լինելու, շինարարություն է լինելու, տուն են տալու մեզ: Ասկերանի վարչակազմի ղեկավարն է եղել (անունը չեմ էլ հիշում): Դիմում էլ եմ գրել իրան, նորից նույն ձեւի է պատասխանս եկել, որ «կօգնենք», բայց հլը որ ոչ մի բան չեն օգնել: Ու էդքանից հետո սպասում ենք, դե որ խոստումը տվել են, ես էլ ի հավատ` սպասում եմ: Էլի ոչինչ` գոհ ենք, էս ձեւի եթե մնա. մենակ նորից խառնաշփոթություն, եսիմ ինչ չլինի, որ մեր էրեխեքն ապրեն խաղաղ երկնքի տակ: Երազանքներս էդ է»,- ասաց տիկին Ալվինան: Նրա ամուսինը` Հարութը, սկզբից մինչեւ վերջ մասնակցել է ազատագրական պատերազմին: «Հլը ավելի շուտ եմ եղել` ջոկատների ժամանակ էլ. 90 թվի մայիսի 3-ից որ ես տեղափոխվել եմ էստեղ, էլ ոչ մի տեղ չեմ գնացել. անընդհատ էստեղ եմ: Թեկուզ ինչքան դաժան օրեր են էղել, բայց էլի ուրախ եւ իրար հետ «ջան»-ով ենք եղել, իրար հետ շատ համախմբված. էդպես էլ հաղթանակը տարել ենք: Բայց հաղթանակը տարել են մեր պարտիզանական ջոկատները, ոչ թե բանակով. պարտիզանական ջոկատների ժամանակ եթե բանակը լիներ, Բաքուն էլ էինք վերցրել: Ես 100 տոկոս համոզված եմ, որ հողը տալը չի լինելու, բայց հնարավոր է` առաջ գնանք մինչեւ Քուռ գետը, մեր իսկական հայկական հողերը ազատագրելու: Դա` հա, համոզված եմ»,- ասաց Հարութը: Հարութը եւս ակնկալիքներ ունի` կապված 2010 թվականի հետ: Տիգրանակերտում գտնվող Փանախ խանի բերդում մեկ տարի է շինարարական աշխատանքներ են ընթանում: Բերդը 2010 թ. պետք է բացվի` արդեն որպես թանգարան: Տիգրանակերտում զբոսաշրջիկներ շատ են լինում: «Մեր իշխանություններն ասել են էն ժամանակ, որ «էստեղ ամեն ինչ պիտի լինի»: Հետո նոր Զբոսաշրջության նախարարությունից եկել են էստեղ, ծրագրել: Արդեն տարուց ավելի է, ինչ էդ ծրագրերը քաշել են, եւ իսկականից էլ արժանի ծրագիր է, որ դա քաշել են»,- ասաց Հարութը: Նրա հիմնական պարտականությունն է նաեւ ուղեկցել զբոսաշրջիկներին, տեղեկություններ տալ տեղանքի մասին: Փանախ խանի ամրոցը 18-րդ դարում կառուցել են պարսիկները: Բայց 80-ականներին ադրբեջանցիները շինությունը ռեստորանի են վերածել: Հարութ Բաղիրյանն ասաց, որ մոտ 150 մեքենա աղբ են հանել «ռեստորանից»: «Լավ, հետաքրքիր թանգարան է լինելու: Սա հետաքրքիր շենք է, մեր հայկական հնությունն է: Էս տարածքը շատ սիրուն տարածք է լինելու` ծաղկանոցով, սիրուն սարքելու են վերջացնելուց հետո: Էս գյուղի էս հատվածը լինելու է տուրիստական մեծ հանգստյան վայր, որ մեր տուրիստները գալիս են, էլ չընկնեն էստեղ-էնտեղ. գան սիրուն էստեղ հանգստանան. շահագրգռված ամեն տեղից մարդիկ ամեն ժամ կգան: Եվ ամեն ինչով է լավ էստեղ: Եթե տարվա մեջ 2-3 անգամ բերք են տալիս ծառերը, ո՞նց կլինի»,- ասաց Հարութը: 2006 թ. սկսված պեղումների արդյունքում Տիգրանակերտում հայտնաբերվել է մոտ 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի, ինչպես նաեւ հնագույն հայերեն արձանագրությունը` 7սմ տրամագիծ ունեցող կավե սկավառակի վրա: Մասնագետներն այս արձանագրությունը համարում են մեծագույն գտածոներից մեկը Տիգրան Մեծի կառուցած քաղաքում: Հարութ Բաղիրյանը նշեց, որ Տիգրանակերտում նախատեսված է բացել նաեւ սրճարան ու բար: «Մեր հյուրերին հյուրասիրելու համար տեղեր ենք սարքելու ամեն ինչով, որ պարզերես հյուրեր ընդունենք, որ մենք էլ վստահ լինենք, որ էս տարածքը կլինի ամենալավ, հիշելի տարածքը ամենքի հուշերում: Հյուրեր շատ ենք ընդունելու, բայց հյուրերին պիտի լավ ընդունել, ծիծաղելով, ասել-խոսալով, որ իրանց էլ դուր գա: Ինչքան հյուր եկել է, չէ՞, գոհ են գնացել ինձանից»,- ասաց հսկիչ Հարութը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter