HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երկրաշարժից 21 տարի անց. պատմությունը կրկնվելու սովորություն ունի

սկիզբը` Երկրաշարժից 21 տարի անց. պատմությունը կրկնվելու սովորություն ունի - 1

Դեկտեմբերի 19-ին կրկին այցելում եմ Գյումրիի Մուշ-2 թաղամաս: Շինհրապարակից դուրս զրուցում եմ ընդմիջման գնացող մի շինարարի հետ: Երիտասարդը Երեւանից է, պատմում է, որ ընդամենը 3 օր է, որ իրենց բրիգադով գործ են անում շենքերի վրա (շինարարի անունը չենք նշում, որպեսզի չզրկվի աշխատանքից): Նա պատմեց, որ իրենց խումբը մինչեւ Գյումրի գալը Ռուսաստանում է աշխատել:

Հարցնում եմ` ի՞նչ ծուխ է բարձրանում շենքի տանիքից: «Վառարան են վառում, որ պատերը չորանան, դրա համար հատուկ մարդկանց են վարձում, որ գիշերը մնան ու հետեւեն վառարաններին, որովհետեւ հասցնելու խնդիր կա,- ասում է Կ.Կ.-ն,- բայց օգուտ չունի, մեկ ա ճաքում ա, որովհետեւ թաց սվաղի վրա է արած ներկը: Ներսում աշխատող լենինականցի տղաներ կան, ասում են, որ եթե իրենց էս շենքերից տուն տան, չեն գալու ապրեն»: «Ինչու՞»,- հարցնում եմ: «Դե, որովհետեւ տենում են, էլի, ոնց ա սարքած,- պատասխանում է երիտասարդը,- սենյակները փոքր են, թաց ստյաժկի վրա լամինատ են խփում, սառած գաջի վրա ներկ են անում, էդքան բան տեսնողը կգա՞ ապրի էս տներում: Դրսից պատերին գույն են տվել, թվում ա` ուրախ բան են արել, բայց ներսում պատկերը տխուր ա: Դուք երեւի էստեղ տուն եք ստանալու, հա՞, որ հետաքրքրվում եք»:

Հետո էլ ավելացնում է. «Մի բան ասեմ. որտեղից ասես էստեղ աշխատող կա, բայց մենակ լենինականցիներն են խղճով աշխատում, դե մարդիկ երկրաշարժ են տեսել, գիտեն դա ինչ ա, վախենում են,- կարծիք է հայտնում երեւանցի երիտասարդը,- եւ հետո` շինարարության հետ կապ չունեցողներն էլ են շատ»:

Շինհրապարակի դիմացի շենքի բնակարաններից մեկի դուռը թակելուց հետո առանց ներկայանալու հարցնում եմ` կարելի՞ է ներս մտնել: 50-ն անց սպիտակահեր մի կին ներս է հրավիրում: Ասում եմ, որ լրագրող եմ, այնուհետեւ բացատրում եմ, որ ցանկանում եմ իրենց պատշգամբից լուսանկարել «Գլենդել Հիլզի» կողմից կառուցապատվող թաղամասը:

«Նկարեք, հարց չկա, գիտենք, ներս չեն թողնում, էն օրն էլ մի տղա եկել էր կամերան դրել էր էն բարձր տեղն ու նկարում էր, իրան էլ ներս չէին թողել»,- պատշգամբի դուռը բացելուն զուգահեռ տեղեկացնում է տիկին Հասմիկը: Հյուրընկալ տանտիրուհին գովեստով է խոսում անմիջապես իրենց շենքի դիմաց կառուցված երկու նորակառույցների մասին:

«Էդ երկու շենքը հիմքից տեսել ենք ինչխ են սարքել, աղջիկ ջան,- ասում է տիկին Հասմիկը,- բետոնը տեղը-տեղին լցրին, ու գիտե՞ս` էդ շենքերի վրա մենակ վարպետներ կաշխատեին: Մինչեւ առաջի հարկի աշխատանքները կվերջացնեին, կռիշն արդեն կապել էին: Ամեն դեպքում, ով էդ երկու շենքից տուն ստանա, կփրկվի,- ծիծաղում է տիկին Հասմիկը,- որակով գործ են արել մարդիկ, բայց մնացածը... եսիմ, կըսեն` էդքան էլ որակով չեն»: Խոսակցությանը միանում է Հասմիկ Մկրտչյանի ամուսինը, ով աշխատում է Գյումրիի շինարարական կազմակերպություններից մեկում: Նա պատմում է, որ շենքերի տանիքներից մի 10 օր է` գիշեր-ցերեկ ծուխ է բարձրանում: Մկրտչյան ամուսինները հաստատեցին, որ լոգասենյակներում սալիկապատման աշխատանքներ չեն տարվում, իմացել են, որ պատերն ու հատակը սվաղելու են, հանձնեն բնակչին: Շինհրապարակում գործի բերումով ել ու մուտ ունեցող տիկին Հասմիկի ամուսինը պնդում է, որ փորձառու վարպետների թիվը եւս քիչ է շինհրապարակում, բազմաթիվ փորձառու շինարարներ հեռացել են` «Գլենդել Հիլզի» առաջարկած գործարքային ցածր գներին չհամաձայնելով: Շինարարությունում անփորձ տղաներ են աշխատում, ովքեր փորձառությունը տեղում են ձեռք բերում: «Ճիշտ է, մեր շենքը պանելային է, երկրաշարժից հետո ռուսները կառուցեցին, բայց գոնե պատշգամբ ունի,- շարունակում է տիկին Հասմիկը,- մեր բնակարանը 3 սենյակ է, 3 հատ էլ պատշգամբ ունենք: Էս խեղճերը որ տուն ստացան, լվացքն ու՞ր պիտի փռեն, իրանց առած մե մեշոկ կարտոշկեն ու՞ր պիտի դնեն: Հեռուստացույցով մե մարդմ էլ էդ տուն ստացողներից կըսեր, թե տունը որ ստացանք, կձեւափոխենք»:

Հնարավոր է, որ սրանք զուտ հայկական մտահոգություններ են, ամեն դեպքում, երբ դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, եւ երկրաշարժից անմիջապես հետո քաղաքի ծայրամասում կառուցվում էին Անի եւ Մուշ թաղամասերը, հարմարավետության բոլոր տարրերը հաշվի էին առնվել: Ճիշտ է, շենքերը պանելային էին եւ ձմռան ցրտերին դժվար էր լինելու բնակարանները տաքացնելը, սակայն դրա լուծումն էլ էր տրվել: Մայիսյան գյուղի ճանապարհին կառուցված հսկա կաթսայատունը թաղամասն ապահովելու էր կենտրոնացված ջեռուցմամբ:

Իսկ 21 տարի տնակներում բնակարանի սպասողներին «Գլենդել Հիլզի» ղեկավարները հայտարարում են, որ հանձնում են ոչ թե բնակարան, այլ բնակմակերես, առանց որեւէ գույքի, առանց սանհանգույցի, առանց ջեռուցման համակարգի, միայն պատերը: Բնակարանների վիճակահանության օրը դահլիճում էր փլված հանրակացարանի բնակիչներից մեկը, մի տարեց կին, ով օրվա ապրուստը հայթայթում է Գյումրիի փողոցներում հազար ու մի մանրուք վաճառելով: Ակամայից մտածեցի` արդյոք այս կինը կարողանալու՞ է սալիկ, զուգարանակոնք կամ լոգարան գնել, խոհանոցի գույքը մի կողմ թողնենք: Ամառ-ձմեռ տղամարդու կիսաճտքավոր կոշիկներով փողոցներում շրջող կինը տեղյա՞կ է, որ իր ստանալիք բնակարանում պետքերը հոգալու տեղ չունի:

Գյումրիում անօթեւանի կարգավիճակ ունեցող 4000 ամենաաղքատ ընտանիքներն են մնացել, որ տարիներ շարունակ չեն կարողացել որեւէ ձեւով բնակարանի խնդիր լուծել, մշտապես հուսալով, որ այդ բեռն իր վրա կվերցնի պետությունը: 2009 թ. սկսված շինարարական աշխատանքների հետ շատերն էին մեծ հույսեր կապում: Սակայն որքան շինարարական աշխատանքների ծավալները մեծանում էին, զուգահեռ ծավալվում էին թերությունների վերաբերյալ խոսակցությունները:

«Բաներ կան, աղջիկ ջան, որ անհնար կլինի ապացուցել, օրինակ` սյուների մեջ ցեմե՞նտ է, թե՞ շինարարական աղբ: Ես իմացել եմ, որ շինարարական աղբ է լցրած, դա ստուգելու համար հատուկ սարք կա, մոտեցնում ես էդ սյուներին ու լրիվ ցույց է տալիս, որպեսզի ապացուցես` էդ սարքն է պետք: Երեսապատման սալիկների տակ սվաղ չկա, շուռուպով է ձգած, էդ էլ է սխալ: Դե էն մնացած թերություններն էլ հենց գարունը գա` կերեւա, սառած գաջը պոկվելու է թափվի, չնայած կարող ա ավելի շուտ էլ ի հայտ գա, եթե մարդիկ սկսեն նոր ստացած բնակարանները տաքացնել,- զգուշացրեց «Ավտոկայան» տնակային թաղամասի բնակիչ Ալբերտ Վահանյանը,- բայց հազիվ թե մարդիկ ուզենան մինչեւ մայիս ամիսը տեղափոխվել չջեռուցվող բնակարաններ: Եթե սկսեցին ապրել, մի հատ գնացեք տեսեք` ինչ վիճակ է լինելու»:

Բայց մինչեւ մայիս ամիսը դեռ դեկտեմբերի 23 կար: Այդ օրը, մեր ունեցած տեղեկություններով, շինարարական կազմակերպությունը պիտի Կառավարությանը հանձներ 1056 բնակարան, երկրի նախագահը պիտի բանալիներ հանձներ վաղօրոք ընտրված 96 անօթեւան ընտանիքներին, ամենայն հավանականությամբ պիտի հնչեին ծափեր, լինեին ուրախության արցունքներ, շնորհավորանքներ եւ շնորհակալական խոսքեր:

Դրա փոխարեն դեկտեմբերի 23-ին, ժամը 11-ին նորակառույց թաղամասի հարեւանությամբ անհասկանալի իրարանցում էր: Մի երիտասարդ իրեն կորցրած գոռում էր` մատնացույց անելով միկրոավտոբուսների մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ. «Արա, էդ որ անասունն ա սրանց էստեղ բերել, տարեք, հետ տարեք դրանց, ասեք, որ ժամը 5-ին թատրոնի շենք գնան, էստեղ դրանց բանալի տվող չկա»:

Երեք միկրոավտոբուսով Մուշ թաղամաս հասած մարդիկ տարակուսած իրար էին նայում: Դեկտեմբերի 19-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում կայացած վիճակահանության ժամանակ քաղաքաշինության նախարարն էր հայտնել, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 11-ին երջանիկ բնակարանատերերին բանալիներ կհանձնի անձամբ երկրի նախագահը: Իսկ հիմա բավական կոպիտ ձեւով իրենց պարզապես քշում են տարածքից: Պարզել չհաջողվեց, սակայն պարզից էլ պարզ էր, որ արհամարհական տոնով արտահայտվող եւ հրամաններ տվող երիտասարդը կապալառու կազմակերպության աշխատակիցն է, ով արդեն տեղյակ էր, որ կառավարական պատվիրակությունը ուղեւորվել է ոչ թե Գյումրի, այլ Լոռու մարզ, եւ նախագահն էլ բանալիներ հանձնելու մտադրություն չունի: Նույն փորձը` թաղամասի մերձակա տարածքից հեռացնել տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պսակվեց անհաջողությամբ: Կապալառու կազմակերպության երկու աշխատակիցներ ընդառաջ գալով առաջարկեցին լքել թաղամասի հարակից տարածքը` պատճառաբանելով, թե իրենք փողոցն ու մայթը պիտի լվանան, իսկ մենք խանգարում ենք: Ստիպված էինք բացատրել, որ ազատ երկրում ենք ապրում եւ կուզենք` ցեխի մեջ կկանգնենք, կուզենք` իրենց լվացած մայթին, եւ մայթն էլ նորակառույց թաղամասում չէ, այսինքն` «Գլենդել Հիլզի» սահմանափակումների ոլորտը նրա վրա չի տարածվում: Սպասման 2 ժամերն անցան բավական հետաքրքիր: Մինչեւ նախագահի ժամանելը որոշում ընդունվեց արագ կարգով քանդել եւ կարկատել նախորդ գիշեր ասֆալտած փողոցի մի հատվածը: Ափսոսանքի արտահայտությունը գծագրվել էր միայն աշխատանքներին հետեւող մեծահասակ շինարարի դեմքին: Վերջինս ասֆալտապատում իրականացնող կազմակերպության ներկայացուցիչն էր, ով հաստատեց, որ թաղամաս տանող ճանապարհի ասֆալտապատումն ավարտել են դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը:

«Մենք չէինք ուզում անել, ստիպեցին, ըսեցին` ըդպես է պետք, էս 10 օր է թաղամասի տարածքում ասֆալտ կենեինք էս եղանակին, երեւի արդեն 22 հազար քառակուսի մետր արել ենք, բայց դե էս հեչ, մեկ է` գարունը նորից սրա վրա նոր շերտ պիտի քաշենք,- մտահոգ տոնով հայտնեց զրուցակիցս,- ուղղակի ափսոս էր էսքան ասֆալտը, արեցինք, մեկ է մինչեւ գարուն չի դիմանա»:

Դեկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի` նորակառույց թաղամաս այցից հետո միայն հնարավոր եղավ հասկանալ, թե քաղաքաշինության նախարարությունն ու կապալառու կազմակերպությունը ինչ էին պատրաստվում հանձնել անօթեւան գյումրեցիներին: Տարվա սկզբից մինչեւ դեկտեմբերի 5-ը «Գլենդել Հիլզի» պատասխանատուների շուրթերից մշտապես լսվել է հետեւյալ արտահայտությունը, թե իրենք պարտավորվում են ստանձնած ժամկետում հանձնել այսքան թվով բնակարան (բնակարանների թիվն ու հանձնման օրն այլեւս չեմ նշում, որովհետեւ դրանք փոփոխվել են մի քանի անգամ) եւ առանց գույքի, այդ թվում` առանց սանհանգույցի, քանի որ սանհանգույցը եւս գույք է, իսկ իրենք պատվիրատուի, այս դեպքում` Կառավարության հետ նման պայմանավորվածություն չունեն: Իսկ դեկտեմբերի 19-ին գյումրեցի լրագրողներին տված հարցազրույցում քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը վստահեցնում էր, թե բնակարաններում սանհանգույցի առկայությունն ապահովված է, ու կապալառու կազմակերպության արած հայտարարությունը թյուրիմացություն է:

Ամեն դեպքում, դեկտեմբերի 23-ին նախագահի ուշադրությանը ներկայացրած 6 բնակարաններում տեղադրված էր զուգարանակոնքը, հատակին լինոլիում էր, խոհանոցում էլ լվացարան էր տեղադրվել: Ներկի սուր հոտը վկայում էր, որ գործն ավարտին են հասցրել առնվազն նախորդ գիշեր, ամեն ինչ արված էր հապճեպ եւ անորակ: Այդ հանգամանքը չվրիպեց անգամ նախագահի աչքից: Կրկին հիշում եմ սեմինարի ժամանակ տեսած ֆիլմի հերոսուհուն: Ի դեպ, նա այդպես էլ մրցանակը չի վերցնում, երեւի դժվար է ապրել այն մտքով, որ քո մրցանակն արյան գին ունի: Եվ հիմա արդեն վստահ կարող եմ ասել, որ շինարարի տոնը նշող ու շքանշաններ ստացող, 5-ամյակը 4 տարում կատարող խորհրդային շինարարը մեկ վայրկյան անգամ չի մտածել, որ իր պարգեւը օրերից մի օր գին է ունենալու, սարսափելի գին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter