HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Վաղը հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

Այն Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:  Տեր Շմավոն Քահանա Ղեւոնդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսեց իր մտահոգությունը այսօրվա երիտասարդության սիրո մասին պատկերացումների վերաբերյալ` դրանք ավելի շատ նմանեցնելով զվարճանքի, ժամանակ անցկացնելու եւ ոչ թե իրական սիրո, նվիրվածության հետ: Իսկ Սուրբ Սարգսի տոնը կոչված է օրհնելու սերը ու մաքրությունը: Ըստ ժողովրդական ավանդույթի` Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Տեր Շմավոն Քահանա Ղեւոնդյանը, սակայն, նշում է, որ նման ավանդույթները պետք չէ կապել եկեղեցու հետ, քանի որ եկեղեցին ոչ խրախուսում է, ոչ էլ արգելում աղի բլիթի ավանդույթը: «Մինչեւ հիմա ոչ աղի բլիթ ուտողն է խերվել, ոչ էլ չուտողը դժբախտացել: Նման ավանդույթները շատ ճկվող են, քանի որ ժողովրդական ծագում ունեն եւ տարբեր շրջաններում տարբեր կերպ են նշվում: Ինձ հաճախ են դիմում նմանատիպ հարցերով, թե ով պիտի սարքի աղի բլիթը` կույս աղջիկ, պառավ կին, նորաթուխ հարս...ով ուզում է, թող պատրաստի, էական չի դա: Եկեղեցու համար էական է միայն մաքուր ու անարատ սերը, նվիրվածությունը: Իսկ թե ով կսարքի, ով կուտի, ում երազում կտեսնի, այդ ամենը էական չէ»: Տեր Շմավոն Քահանա Ղեւոնդյանը հերքեց այն կարծիքները, որ ամեն տարի եկեղեցում աղի բլիթ է բաժանվում: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան երբեք չի եղել: Ուղղակի եկեղեցու բակում հայտնվում են տատիկներ, կանայք, որոնք վաճառում են այդ բլիթները, մի հատ էլ ասում, թե հենց նոր եկեղեցում օրհնված են: Նման բան չկա»: Սուրբ Սարգսի օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Այս ավանդույթին եւս հայ առաքելական եկեղեցին ուրեւէ արժեք չի տալիս: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Հունվարի 30-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter