HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Օպ-արտի հիմնադիր Վազարելիի աշխատանքները Գաֆէսճեան կենտրոնում (վիդեո)

«Յուրաքանչյուր ձեւ գույնի հիմք է, յուրաքանչյուր գույն` ձեւի հատկանիշ»,- ասել է Վիկտոր Վազարելին, ում աշխատանքներն այս օրերին ցուցադրվում են «ԳաՖէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» ցուցասրահում: 20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ, օպ-արտ ուղղության հիմնադիր և նախահայր Վիկտոր Վազարելիի  «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններին պատկանող 44 աշխատանքներ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ընտրանի հավաքածուից: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև տարվա վերջ: 

Օպտիկական արվեստը (օպ-արտ` անգլերեն optical art-ից) 20-րդ դարի երկրորդ կեսի արվեստի ուղղություն է, որն օգտագործում է տարբեր օպտիկական պատրանքներ, որոնք հիմնված են հարթ եւ տարածական առարկաները ընկալելու հատկանիշների վրա: Օպ-արտի խնդիրը աչքը խաբելն է, գոյություն չունեցող կերպար ստեղծելը: Տեսողական հակասական ձեւը կոնֆլիկտ է առաջացնում փաստացի եւ տեսանելի ձեւերի միջեւ: Օպ-արտը միտումնավոր հակադրվում է մարդկային ընկալման նորմերին: Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աչքը միշտ փորձում է կազմակերպել քաոտիկ ցրված կետերը պարզ համակարգի մեջ: Օպտիկական արվեստում, հակառակը, միատեսակ էլեմենտներն այնպես են տեղաբաշխված, որ մոլորեցնեն աչքը, թույլ չտան ստեղծել ամբողջական կառուցվածք: Այս ամենը հիանալի կերպով արտահայտված է այս ուղղության հիմնադիր Վազարելիի աշխատանքներում:

Նրա ստեղծագործական ուղին բաժանված է որոշակի շրջանների, որոնցից են «գրաֆիկական», «աբստրակտ», «սեւ եւ սպիտակ» կոչվող շրջանները:

20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ Վիկտոր Վազարելին, ուսումնասիրելով օպտիկական ազդեցության, գույն-ձև փոխհարաբերության հիմնախնդիրները, զարգացնում է երկրաչափական աբստրակցիայի իր ոճը` հիմք դնելով արվեստի նոր ուղղության: 1965 թ. Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում օպտիկական արվեստին նվիրված «Responsive Eye» (Զգայուն աչք) ցուցադրությունից հետո Վազարելին հռչակվում է օպ-արտի նախահայր:

Սահմանելով ձեւ-գույն միասնության սկզբունքը` Վազարելին ստեղծում է «գեղարվեստի այբուբենը», որի բաղկացուցիչ «հիմնատարրերը» գույնի եւ ձեւի վերադասավորումների ու փոխակերպումների արդյունքում առաջացնում են հորինվածքների անսահմանափակ համակցություններ: Մշակելով «գեղարվեստի այբուբենը» որպես գեղարվեստի համամարդկային լեզու` արվեստագետը ձգտում էր արվեստը հասանելի դարձնել յուրաքանչյուրին` նպաստելով արվեստի եւ հասարակության ներդաշնակ զարգացմանը:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը հայտնեց նաեւ, որ «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում կգործի երկու կրթական ծրագիր:   5-11 տարեկան երեխաները հնարավորություն ունեն ուսումնասիրելու եւ հմտանալու կերպարվեստում գույնի եւ ձեւի փոխակերպումների վարպետության մեջ: Դա «օպ-արտ» ուղղության հմտություններից է, եւ ԳաՖէսճեան արվեստի կենտրոնն այս կրթական ծրագիրն իրականացնում է ցուցադրությանը զուգահեռ` մինչեւ տարեվերջ:

«Օպ-արտ»-ի հմտություններում կարող են մասնագիտանալ նաեւ 12-32 տարեկան անձինք` ուսումնասիրելով տպագրական արվեստի ներածություն: Նրանց էլ «ԳաՖէսճեան» կենտրոնը կհյուրընկալի յուրաքանչյուր ուրբաթ: Այս դեպքում եւս կրթական ծրագիրն անվճար է եւ հասանելի բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կծանոթանան նաեւ մետաքսագրության սկզբունքներին ու տեխնիկային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter