HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ավագանին փորձում է անկախ երեւալ

Կապան համայնքի ավագանու ուրբաթ` հունվարի 29-ին,  հրավիրված արտահերթ նիստի օրակարգում 6 հարց կար: Հիշեցնենք, որ անցած տարի` դեկտեմբերի 28-ին, հրավիրված վերջին նիստը, ըստ էության, չկայացավ: Ավագանու անդամները դիմում էին ներկայացրել քաղաքապետին` խնդրելով տեղափոխել նիստը, քանի որ չեն հասցրել ծանոթանալու օրակարգին: Սակայն հաջորդ օրը` դեկտեմբերի 29-ին ավագանու անդամները ստորագրել ու հաստատել էին որոշումները` առանց նիստ հրավիրելու:

Հունվարի 29-ի նիստի օրակարգի առաջին հարցը 2009 թ.-ի դեկտեմբերի 29-ին ընդունված համայնքային բյուջեում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին էր: Ավագանու անդամները  հետաքրքրվեցին նախկին պարտքերով։ Նախատեսված  է 2010-ին մարել Կապանի մուտքը խորհրդանշող կառույցի պարտքը` 503 հազար դրամ, ջերմամատակարարման ընկերության աշխատողների 2000-2001 թ.-ից չվճարված աշխատավարձի պարտքը, որի մասը անցած տարի մարվել է։

«Կապանի կոմունալ» և «Կապանի սանիտարական սպասարկում» ընկերությունների 2008թ-ի պարտքերը նույնպես ամրագրվեցին 2010-ի բյուջեում։ Թվում էր, որ ավագանու անդամները հանգիստ ու սահուն կանցնեին բոլոր հարցերի վրայով, կհաստատեին ու կգնային նշելու 2010 թ.-ի անդրանիկ նիստը: Սակայն, 11 անդամից նիստին մասնակցող 8 հոգուց 4-ը դեմ քվեարկեց  Կապանի դրամատիկական թատրոնի համար 204 հազար արժողությամբ գազի սարքավորումների ձեռքբերման ու  350 հազար դրամ Կապանի թիվ 1 դպրոցին` ֆրանսերենի նախասիրական պարապմունքի կազմակերպման նպատակով պահուստային ֆոնդից հատկացում կատարելու որոշմանը: «Թատրոնը պետբյուջեից ֆինանսավորվել է նորոգման համար, ինչո՞ւ չպիտի էդ էլ տային: Հետո էլ մեր մանկապարտեզներում շատ խնդիրներ կան, գրադարաններում նույնպես, թող էդ գումարը գնա այդ նպատակով»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Կարեն Շահինյանը:

Ֆրանսերենի պարապմունքները վերջին մի քանի տարիներին մշտապես ֆինանսավորվել են հենց համայնքային բյուջեից: Դեմ քվեարկող ավագանու անդամները համարյա նույն բանը ասացին` մարզային կառույցներ են, թող մարզպետարանն ու կառավարությունը մտածեն: ՀՅԴ անդամ Ստեփան Բալայանը, որն արդեն մի քանի անգամ ընտրվում է, նախկինում կողմ էր քվեարկել այս որոշմանը: Այս անգամ դեմ էր` ժամանակներն են փոխվում: Դաշնակցականը ձեռնպահ քվեարկեց համայնքի վարչական սահմաններում քաղաքացիների կողմից առանց իրավաբանական ձևակերպման փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն համարվող բնակելի կառուցապատման հողամասերը՝ առանց մրցույթի, ուղղակի վարձակալության իրավունքով տրամադրելու մասին որոշմանը:

«Ինչո՞ւ մենք պիտի չիմանանք  թե ում է հողհատկացում անելու, թաքո՞ւն բան կա»,-ասաց Մուրադ Մելիքյանը, ով մեզ հետ ունեցած զրույցում փորձում էր ապացուցել, որ ինքը «Կապանի ու կապանցու մասին է մատծում»:

Այս հարցն էլ չստացավ ավագանու հավանությանը` 1 ձեռնպահ, 3 դեմ:  Դեմ քվեարկող ավագանու անդամներից զարմանալի էր Արմեն Գասպարյանի պահվածքը: Վերջինս նախ պատասխանեց մեր հեռախոսազանգին, իմանալով, որ «Հետքից» ենք ու մի քանի հարց ունենք` միանգամից անջատեց: Հետո ընդհանրապես չպատասխանեց մեր զանգերին: ՕԵԿ ներկայացնող ավագանու անդամ Գարիկ Միրզոյանը, որ նիստերի ժամանակ  հայտնի է իր ընդդիմադիր պահվածքով, այս նիստին բոլոր որոշումներին կողմ քվեարկեց:

«Ես  առաջին տարին չէ, որ ավագանի եմ ընտրվում, եւ ունեմ իմ սկզբունքները: Հարգում եմ գործընկերներիս, սակայն ես միշտ ինքնուրույն եմ որոշում կայացնում, իհարկե, նախապես վերլուծելով իրավիճակը, ծանրութեթև անելով քննարկվելիք հարցը»,-ասաց Գ. Միրզոյանը:

Ընդհանրապես ավագանու նիստերում այն հարցերն են միաձայն անցնում, որոնցում ավագանու որեւէ անդամ շահագրգռվածություն ունի։ Մասնավորապես, Գ. Միրզոյանը առաջարկեց օրակարգ մտցնել   «Հայաստանի լեռանափրկարար ծառայություն» ՓԲԸ-ին  Ռ. Մինասյան փողոցում մոտ 140 քմ հողատարածքը(որի վրա հենց ծառայության վարչական շենքն է) 109 մլն դրամ արժողությամբ ուղղակի վաճառքով օտարելու մասին   հարցը, որը ստացավ 8 կողմ: Նախորդ նիստերից մեկում էլ ավագանու անդամներն ընդառաջելով իրենց  մեկ այլ գործընկերոջ խնդրանքին կողմ քվեարկեցին մանկապարտեզում նրա  կնոջ կրճատված հաստիքի վերականգնմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter