HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հանքափորները նորից հանքում են. նրանք սպասում են աշխատավարձերի բարձրացմանը

Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» աշխատակիցների բողոքի ցույցերն ու գործադուլները կարծես ավանդույթ են դառնում: Դրանք պարբերաբար կազմակերպվում են ու զարմանալիորեն արագ ավարտվում, երբ գործադուլավորներին հանդիպում է Սյունիքի մարզպետը:

Հերթական բողոքի ալիքը սկսվեց հունվարի 17-ին` Շահումյանի հանքի աշխատակիցների նախաձեռնությամբ: Շաբաթ օրվա գիշերային հերթափոխի ժամանակ հանքագործները հրաժարվել են աշխատանքի դուրս գալ: Ի տարբերություն նախկին գործադուլերի` այս անգամ աշխատողները դրա մասին սահմանված կարգով տեղյակ չեն պահել ղեկավարությանն ու արհեստակցական կազմակերպությանը: Վերջինիս նախագահ Սուրիկ Թումանյանին տեղյակ են պահել այն ժամանակ, երբ հանքում աշխատանքն արդեն դադարեցվել էր: Գործադուլային կոմիտե չկար, բայց արհմիությունն իր աշխատակիցների կողքին էր:

«Դե ամիսներ շարունակ դիմել էին ղեկավարությանը` պահանջելով բարձրացնել աշխատավարձերը, վերանայել դրույքաչափերը: Հակառակ դեպքում նշել էին, որ գործադուլ են անելու»,- ասում է Ս. Թումանյանը` նշելով, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան այդպես էլ չի պատասխանել իրենց գրություններին: Միայն խոստումներ է տվել: «Հիմա էլ է խոստումներ տալիս, բայց էլ չենք հավատում, խաբում է միշտ»,- ասում է Ս. Թումանյանը: Գործող կարգի համաձայն` նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլը սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Երբ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո միջազգային շուկայում մետաղի գներն անկում ապրեցին, հանքագործների աշխատավարձերն իջեցվեցին: «Ասացին` մետաղները գին չունեն, եկեք յոլա գնանք, ասացինք` հա, դե մարդ ենք: Ինչ ասացին` համաձայնեցինք: 100 հազար դրամով հանք ենք մտնում: Հիմա գները բարձրացել են, թող աշխատավարձերը փոխեն»,- ասում է Սոս Հախյանը: Հանքագործների խոսքով` եթե հնարավոր չէ վերականգնել մինչճգնաժամային աշխատավարձերը, ապա գոնե որոշ չափով համապատասխանեցնել դրանք հանքում աշխատելու պայմաններին ու դժվարություններին: Գործադուլավորների համար զարմանալի էր նաեւ այն, որ մարդկանց կրճատում են, իսկ մի քանի օր անց նոր մարդ ընդունում աշխատանքի: «Էստեղ արդեն կապանցիների մատն է խառը: Անգլիացիների հետ համագործակցում են, մեզ կրճատում, նրանց բարեկամներին վերցնում աշխատանքի: Դե եթե տեղ կար, փող կար, մեզ ինչու՞ կրճատեցին»,- ասում են դեկտեմբերի 1-ից գործազուրկ Կարինե Ավագյանն ու Գայանե Դալլաքյանը:

Արհկոմի նախագահը համաձայն է բոլորի հետ, սակայն գործադուլավորները նրան էլ են մեղադրում: «Ինչու՞ տեղյակ չի պահում Երեւանում գտնվող իր վերադասին, բա դրա համար էլ են մեր աշխատավարձից փող պահում, թող իմանան, գան: Սուրիկը ասում ա` էսօր կիրակի է, վերադասը չի աշխատում»,- ասում է Սոս Հախյանը: «Ով պետք է` տեղեկացվել էր: Ուղղակի պետք է գործադուլի օրենքով անեն, որ կարողանանք պաշտպանել, մինչեւ վերջ գնալ»,- ասում է արհկոմի նախագահ Ս. Թումանյանը:

Հունվարի 17-18-ին գործադուլավորները` հինգ մասնագիտություններով, առանձին խմբերով, գլխավոր տնօրեն Ռ. Ֆալետայի հետ քննարկել են իրենց պահանջներն ու աշխատավարձի բարձրացման առաջարկներ ստացել: Կարծես բոլորը գոհ էին, բացի ապարաբարձիչ մեքենավարներից: Վերջիներիս աշխատանքն ամենածանրն է: Աշխատավարձի վերանայում են պահանջում նաեւ ժամավճարով աշխատողները: Հունվարի 18-ի երեկոյան ձեռնարկություն է այցելել Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Հունվարի 19-ի դրությամբ գործադուլավորների եւ տնօրինության միջեւ համաձայնություն չէր կայացել: Լրագրողներին նույնպես ձեռնարկության տարածք ներս չէին թողնում` պատճառաբանելով, թե «պաշտոնապես ոչինչ դեռ չկա ասելու»:

Փոխարենը արհմիության նախագահին պատասխանել էին, որ տնօրենն աշխատավարձերի բարձրացման մասին իր առաջարկները ներկայացրել է սեփականատերերին: Դժվար է գուշակել սեփականատերերի պատասխանը, բայց մի փաստ ակնհայտ է: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այցից հետո գործադուլավորները, ովքեր մինչ այդ ընդվզում էին ու պահանջում բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, Կառավարության անդամների այց Կապան, հունվարի 20-ի կեսգիշերին արդեն հանք մտան: Մեր ունեցած տեղեկություններով` ձեռնարկության ղեկավարությունը, հատկապես անվտանգության ծառայությունը, «որոնողական աշխատանքներ» է տանում` հայտնաբերելու կազմակերպիչներին: Արդեն լուրեր են պտտվում, թե նրանք կոմբինատից դուրս են գտնվում: Իսկ գործադուլավորները դեռ սպասում են պայմանագրերի կնքմանը, չի բացառվում, որ մի քանի օրից վերսկսեն գործադուլը, եթե պարզվի, որ խոստումները սին էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter