HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Գումարները չեն հատկացվել, բայց ճանապարհները մաքրվում են

Սյունիքի բոլոր ճանապարհները երթեւեկելի են` չնայած մարզում փետրվարի 4-ից սկսված ձյան առատ տեղումները նույն թափով շարունակվում են նաեւ այսօր: Ձյան շերտի հաստությունը Գորիսում դիտվել է 40 սմ, Գորիս-Սիսիանի բարձրադիր հատվածում` 43-46 սմ։ Երթեւեկելի է նաեւ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի մարզի տարածքով անցնող հատվածը, անցանելի է Մեղրի-Շիշկերտ-Կապան այլընտրանքային ճանապարհը։

Սյունիքի մարզի մարզային ու հանրապետական ճանապարհների պահպանման ու շահագործման, ինչպես նաև ձմեռային պահպանության համար պետբյուջեից 105 մլն դրամ է հատկացվել։ Դրանից 35 մլն դրամ ձմեռային պահպանության համար նախատեսված են անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր, ու այս տարվա հունվար-մարտ ամիսների համար։ Գումարները գործող կարգով բաշխվել են ըստ տարածաշրջանների` համամասնորեն,  կախված ճանապարհների երկարությունից։     Այս տարի նախատեսված է մոտ 220 կմ երկարությամբ ճանապարհների պահպանում ու շահագործում, իսկ 200 կմ ճանապարհի վրա էլ ձմեռային պահպանման աշխատանքներ կիրականացվեն։ Այդ աշխատանքները վստահվել են 3 տարի առաջ մրցույթում հաղթած կապալառու կազմակերպություններին: Կապանի տարածաշրջանում` Կապանի ճանշինին, կհատկացվի 9, 5 մլն դրամ, Մեղրիի տարածաշրջանում` Մեղրիի ճանշինին` 6 մլն դրամ, Գորիսի տարածաշրջանում «Ոսմար» ՍՊԸ-ին՝ 8 մլն 600 հազար դրամ և Սիսիանի տարածաշրջանում` Սիսիանի ճանշինին` 10 մլն 600 հազար դրամ։ Ճիշտ է` առայժմ գումարները չեն հատկացվել, սակայն Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը հավաստիացնում է, որ նշված ձեռնարկությունները իրականացնում են այդ աշխատանքները։ «Պայմանագրերը դեռ չեն կնքվել գնումների գործակալության հետ։ Ֆինանախարությունից տեղեկացանք, որ եռամսյակային բաշխում կանենք ու կկնքենք համաձայնագրեր կապալառուների հետ։ Չեմ կարծում, որ նրանք զլանան իրականացնելու ճանապարհների ձմեռացման աշխատանքները»,- ասաց Ա. Ուստաբաշյանը։ Ավելացնենք, որ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում ճանապարհներին, ու դրանք կլինեն հնարավորինս անցանելի ու բաց։ Ի դեպ, մարզպետարանը պարբերաբար ճանապարհների իրավիճակի մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter