HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Հայ-իրանական հարաբերությունները մեծ պոտենցիալներ ունեն» 

Այսօր Իրանի իսլամական հեղափոխության 31-ամյակն է 1979 թվականի փետրվարի 9-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն: Ըստ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի` այդ հեղափոխությունը հիմնականում ուղղված էր Իրանի էթնիկ մշակույթի եւ ազգային ինքնության պահպանմանը: «Այն ժամանակ չկար գլոբալիզացիա հասկացությունը, բայց ըստ  ամենայնի` այդ հեղափոխությունը արեւմտյան արժեքների ներթափանցմանն ուղղված ընդվզում էր»,- կարծում է Գառնիկ Ասատրյանը: Բանախոսի խոսքերով` հեղափոխության հիմքում ընկած ազգային գաղափարախոսությունը կոչ էր անում երկրում ավելի մեծ տեղ տալ իրանական արժեքներին: Եվ այդ հեղափոխության արդյուքնում Իրանն այսօր համատարած գրագիտության երկիր է, ամբողջովին էլեկտրաֆիկացված է, ճանապարհները կառուցված են, ամենախուլ գյուղերը ապահովված են կյանքին անհրաժեշտ բոլոր պայմաններով` հեռախոս, էլեկտրաէներգիա, ինտերնետ, զարգացած է արդյունաբերությունը` հատկապես մեքենաշինությունը: «Այսքան տարիների Արեւմուտքի կողմից «շրջափակումը» Իրանին տվեց ներքին ուժը զարգացնելու հնարավորություն: Այսօր Իրանը զարգացած տնտեսական երկիր է` կրթական հզոր ներուժով: Բավական է ասել, որ Իրանն այսօր ունի 1000-ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատություն: Այն բարձրագույն կրթության երկիր է, նաեւ երիտասարդ երկիր է, այսինքն` բնակչության ավելի մեծ տոկոսը կազմում են երիտասարդները»,- ասաց Գառնիկ Ասատրյանը: Ըստ բանախոսի` այսօր  երկրների համար ավանդապաշտությունը խոչընդոտներ է ստեղծում: Օրինակ` Արեւմուտքի համար ավելի «հաճելի» են այն երկրները, որոնք բացում են իրենց դռները արեւմտյան մշակույթի առաջ: Արդեն 20 տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների մեջ է Իրանի հետ: Ինչպես նշում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, այսօր Հայաստանում չկա հայրենասեր մեկը, ով չկարեւորի Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները. «Իրանի եւ Հայաստանի 20-ամյա հարաբերությունների ամենամեծ ձեռքբերումը անցած տարի Իրանի նախագահի այցելության արդյունքում երկաթգծի կառուցման շուրջ ձեռք բերած համաձայնությունն է: Սա քաղաքական, տնտեսական մեծ ստրատեգիա ունեցող նախագիծ է, եւ ես հույս ունեմ, որ այն կիրականացվի»: Բանախոսը նշեց, թե ցավում է, որ երկու երկրների միջեւ չափազանց քիչ են մշակութային, գիտական եւ կրթական ինստիտուցիոն կապերը եւ համատեղ իրականացվող ծրագրերը. «Հայ-իրանական հարաբերությունները մեծ պոտենցիալներ ունեն, եւ մինչեւ հիմա էլ երկու երկրների կողմից այդ  պոտենցիալը ամբողջովին չի օգտագործվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter