HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Գործադուլը կապ չուներ

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» նախկին աշխատակից, ապարաբարձիչ-մեքենավար Արա Հարությունյանն արդեն 4 օր է, չի կարողանում մտնել ձեռնարկության  հաշվապահություն՝ պարզելու իր վերջնահաշվարկը։ Նրան պահակային ծառայության աշխատակիցները դարպասներից այն կողմ չեն թողնում՝ հրահանգ ունեն։ Արա Հարությունյանին, ինչպես նաև ևս 26 աշխատակցի, գլխավոր տնօրեն Ռ. Ֆալետան փետրվարի 3-ին ազատել է աշխատանքից՝ անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալու հիմքով։

«Ասում են` վատ եմ աշխատել, ցուցանիշներ չեմ ապահովել, թող ցույց տան նաև սաղ թղթերը, ինչն  էնպես չեմ արել։ Ոչ մի նկատողություն էլ  չեմ ստացել աշխատանքի համար»,- ասում է Ա.Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ձեռնարկության ղեկավարը աշխատանքից ազատել է հիմնականում այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել հունվարի 17-ից 20-ը կազմակերպված գործադուլին։ Սակայն ընկերության կառավարության և հանրության  հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը, պատասխանելով տեղական «Սոսի» և «Խուստուփ» հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին, տրամաբանական չի  համարել, որ  աշխատանքից ազատվել են միայն ակտիվ գործադուլավորները: «Գործադուլին մասնակցել են ավելի քան 200 հոգի։ Այդ տրամաբանությամբ բոլորը պիտի ազատվեին աշխատանքից։ Կրճատման ու ազատման գլխավոր պատճառը ծրագրերի շրջանակներում իրականացվող այն գործողություններն են, որոնք ուղղված են ձեռնարկության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Ն. Աղայանը։ Ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան պատճառաբանել էր, որ աշխատանքից ազատվել են աշխատանքում թերացողները, բայց իրականում բարձր ցուցանիշներ ապահովող  աշխատակիցներն էլ են ազատվել։ «Ինչքան էլ լավ աշխատող լինեն, բայց անկարգապահ, ապա պետք է ազատվեն։ Նրանք կարգապահական կանոններն են խախտել»,- նշեց պատասխանատուն։ Ինչ վերաբերում է գործադուլավորների պահանջների բավարարմանը, ապա ըստ Ն. Աղայանի, անկախ գործադուլից, աշխատավարձի բարձրացում նախատեսված է ձեռնարկության 2010 թ-ի բյուջեով։ Այսինքն` գործադուլ լիներ, թե չէ, ծրագրված էր դա։ Կրճատումները ընթացքի մեջ են, նախատեսված է մոտ 50-55 աշխատակցի կրճատում, 27 հանքագործներ արդեն համալրել են գործազուրկների բանակը։ Կառավարության և հանրության հետ կապերի պատասխանատուն իր խոսքում մասնավորապես ասաց, որ ձեռնարկությունը ունի զարգացման ծրագրեր ու եթե աջակցեն ղեկավարությանը, անընդհատ բողոքի ցույցեր չանեն, ապա հնարավոր կլինի շարունակել բիզնես-ծրագրերի իրականացումը։ Միայն այս դեպքում կվերսկսվեն  երկրաբանա-հետախուզական աշխատանքները, հնարավոր է` 2 ամիս հետո նոր աշխատողների կարիք լինի, ինչու չէ լրացուցիչ աշխատուժի անհրաժեշտության դեպքում կրճատվածները հետ կկանչվեն։ Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերի իրականացմանը, ապա անցած տարի 106 մլն դրամի սոցծրագրեր են իրականացվել Կապանում, այս տարի նույնպես դրանք կշարունակվեն։ Ընկերության հեռանկարային ծրագրերի մասին Նորայր Աղայանը նախընտրեց չմանրամասնել, դրանք դեռևս հստակեցման փուլում են ու հաստատվելուց հետո կներկայացվեն հանրությանը։ Նորայր Աղայանը «Հետքի»-ի թղթակցին ասաց, որ աշխատանքից ազատվածներին ոստիկանություն կանչելու փաստի հետ ընկերությունը կապ չունի։ «Պարզապես փետրվարի 10-ին խնդրել ենք չթույլատրել մեր աշխատակից չհանդիսացող անձանց մուտքը տարածք, երբ ի համերաշխություն իրենց ընկերների հանքագործները հանք չմտան։ Սակայն հաջորդ օրն արդեն նրանք աշխատավայրում էին»,- ասաց Ն. Աղայանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter