HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում նորակառույց բնակարանները «կարգի» են բերվում

2009թ. դեկտեմբերի վերջին «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպությունը խոստացած 1056 բնակարանի փոխարեն շահագործման հանձնեց 0 բնակարան: Այն, ինչ կապալառու կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին ներկայացրել էր որպես հանձնվելիք բնակարանի ավարտուն տարբերակ, պարզապես «մերժվեց» երկրի նախագահի կողմից: Դա այն չէր, ինչ պետք է առաջարկվեր 21 տարի տնակներում համբերատար բնակարանի սպասող անօթեւաններին: Դեկտեմբերի 23-ին նորակառույց թաղամաս նախագահ Սերժ Սարգսյանի այցն ավարտվեց չնախատեսված խորհրդակցությամբ եւ բնակարանաշինության ծրագրի համար պատասխանատու մարմիններին տրված խիստ հանձնարարականներով: Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի տեղակալ Արտաշես Սարգսյանը խոստովանում է, որ 7-8 ամսում 1000 բնակարան հանձնելու խոստումն առնվազն «տղայություն» է, եւ փորձառու շինարարը դժվար թե նման բեռի տակ մտներ: «Եթե առիթ ունեցել եք հանդիպելու, ապա տեսած կլինեք, որ կազմակերպության ղեկավարները երիտասարդ տղաներ են: Դե ուզեցել են լավ բան անել, 8 ամսում հազար բնակարան հանձնել, բայց, իմ կարծիքով, որոշ բաներ ճիշտ չէին հաշվարկել, ամենակարեւորը` հաշվի չէին առել Գյումրու բնակլիմայական պայմանները,- կարծիք է հայտնում Արտաշես Սարգսյանը,- նախ` աշխատանքները սկսվել էին մայիս ամսին, եւ այդքան ծավալ հասցնելու համար 7ամիսը քիչ էր, հետո` ոչ փորձառու մարդիկ շատ էին ընդգրկված շինարարությունում, որովհետեւ հասցնելու խնդիր կար, հիմա բոլոր թերությունները շտկվում են, եւ մայիսից մեր անօթեւանները կարող են թեթեւ սրտով բնակարանամուտ տոնել»: «Գլենդել Հիլզի» Գյումրու կառուցապատման աշխատանքները ղեկավարող Միքայել Ներսիսյանը մասնագիտությամբ իրավաբան է, ոչ շինարար, նա ներկայումս էլ զբաղեցնում է այդ պաշտոնում: Իսկ ահա 2010 թ. հունվարից շինարարության ղեկավարը Գյումրիում փոխվել է: Նորանշանակ ղեկավարը` Հովհաննես Աբրահամյանը, մասնագիտությամբ շինարար է, Արտաշես Սարգսյանի հավաստմամբ` բավական փորձառու: Պարոն Սարգսյանի փոխանցմամբ` փոխվել է նաեւ շինարարություն իրականացնող բրիգադների կազմը, աշխատելու են հրավիրել առավել բազմափորձ շինարարների: Ցավոք, գյումրեցի փորձառու մասնագետները կրկին չեն ընդգրկվել շինաշխատանքներում: Այս պահին 700-ից 800 շինարար է աշխատում «Գլենդել Հիլզի» Գյումրիի մասնաճյուղում: Քաղաքաշինության նախարարի հանձնարարականով շինարարական աշխատանքները վերահսկող տեսչության պետի տեղակալ Արտաշես Սարգսյանի հավաստմամբ` այս պահին բնակարաններում ընթանում են սալիկապատման աշխատանքներ, վերացվում են ներքին հարդարման բոլոր թերությունները, որոնք նկատվել եւ արձանագրվել են դեկտեմբերին: «Սանհանգույցն իր ամբողջ կահավորմամբ, սալիկապատված կհանձնվի բնակչին: Անպայման կլինի ջեռուցման համակարգ: Ես չգիտեմ` «Արիստո՞ն» կտեղադրեն, թե՞ «Բաքսի», բայց դրանցից մեկնումեկը կլինի,- ասում է Արտաշես Սարգսյանը,- քանի որ էն ժամանակ թաց ստյաժկի վրա էին լամինատը խփել, հիմա որ սկսել են բնակարանները տաքացնել, որ աշխատանքները շարունակեն, լամինատը ուռել է, դրանք բոլորը հանում են եւ նորն են տեղադրում: Այսինքն` ինչ ժողովուրդը խոսում էր թերությունների հետ կապված, դրանք ճիշտ էին եւ հիմա վերացվում են»: Արտաշես Սարգսյանի հաշվարկներով` եթե բնակարանները անօթեւաններին տրամադրվեին այն տեսքով, ինչ տեսքով «Գլենդել Հիլզը» պատրաստվում էր հանձնել 2009 թ. դեկտեմբերին, ապա բնակիչն առնվազն 3000 դոլարի ծախս պիտի կատարեր: 2010 թ. հունվարի վերջին նորակառույց թաղամաս էին այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Արտաշես Սարգսյանի փոխանցմամբ` դիտել իդեալական տեսքի բերած մի քանի բնակարաններ, հավանել եւ հանձնարարել կառուցապատողներին շարունակել նույն ոգով ու ոճով: Ի դեպ, հունվարի վերջին «Հայսեյսմշինը» եւս ստուգումներ էր սկսել թաղամասում: Նպատակը` ճշտել շենքերի հիմնասյուների ամրանաբետոնյա պարունակությունը: Քանի որ նորակառույց թաղամասի ապագա բնակիչների անհանգստություններից մեկն էլ վերաբերում էր բնակարանների մակերեսին, «Հետքը» մի քանի հարցադրումներ էր ուղղել Քաղաքաշինության նախարարությանն ու ստացել դրանց պատասխանները: Անօթեւան ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակմակերեսները հաստատվել են ՀՀ Կառավարության 2009 թ. նոյեմբերի 26-ի թիվ 1402-ն որոշման 2-րդ կետով: Բազմաբնակարան շենքերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերում բնակարանների ընդհանուր մակերեսների նվազագույն եւ առավելագույն չափերն ըստ սենյակների քանակի, քաղաքաշինության նախարարության տրամադրած տվյալներով, ունի հետեւյալ տեսքը. 1 սենյականոց բնակարանը` 40-47 քմ 2 սենյականոց բնակարանը` 52-59 քմ 3 սենյականոց բնակարանը` 65-70 քմ 4 սենյականոց բնակարանը` 77-80 քմ 5 սենյականոց բնակարանը` 90-110 քմ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի 1 սենյականոց բնակարանների մակերեսները 40, 42, 47 քմ է, 2 սենյականոց բնակարանները` 54 եւ 56 քմ, եւ 3-սենյականոց բնակարանները 66 եւ 67 քմ ընդհանուր մակերեսներով են, որոնցում ներառված է նաեւ խոհանոցը: Նախարարությունից տեղեկացնում են, որ այս բնակմակերեսները համապատասխանում են Գյումրիում մինչ այդ այլ ծրագրերով կառուցված բնակարանների մակերեսներին: Այստեղ տեղին է հիշել նույն պետբյուջեով 2003-2004 թթ. կառուցված բազմաբնակարանների մասին: Այս շենքերում 2 սենյականոց բնակարանի բնակմակերեսը 72 քմ է, իսկ 3 սենյականոցը` 99 քմ: Ստացվում է, որ նույն պետբյուջեով կարելի է կառուցել նաեւ այլ ստանդարտներով բնակարաններ, առավել հարմարավետ, ընդարձակ, ապահովված ջեռուցման համակարգով եւ կահավորված սանհանգույցով: Այնուհետեւ Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Կառավարության 2009 թ. նոյեմբերի 26-ի թիվ 1402-ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթների համաձայն` կառուցված բնակարանների ընդհանուր մակերեսների տարբեր չափերի դեպքում ավելի մեծ մակերեսով բնակարանները հատկացվելու են ավելի մեծ կազմ ունեցող ընտանիքներին: Հիշեցնենք, որ անօթեւաններին բնակարանները բաշխվում են վիճակահանության կարգով եւ, ասենք, 1 սենյականոցի վիճակահանության ժամանակ թղթի վրա գրված թիվ 10 շենք, բնակարան 14-ը չի արտացոլում բնակարանի քառակուսին: Այսինքն` անձով ավելի շատ ընտանիքին կարող է բաժին հասնել ոչ թե 47 քմ, այլ 40 քմ կամ 42 քմ բնակմակերեսով բնակարան: Նախարարությունից ստացված պատասխանում նշված էր, որ հերթացուցակում կան 1000-ից ավելի 1 սենյականոց բնակարանի հավակնորդներ, որոնց ընտանիքները կազմված են 3 եւ ավելի անդամներից, ըստ այդմ` որոշվել է մինչեւ 3 անդամ ունեցող ընտանիքներին տրամադրել 40-42 քմ, իսկ 3 եւ ավելի անդամից կազմված ընտանիքներին` 47 քմ ընդհանուր մակերեսով բնակարաններ: Քաղաքաշինության նախարարությունից «Հետք»-ի հարցադրումներին տրված պատասխան-նամակում նշված էր, որ «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները վերահսկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարը եւ նախարարի տեղակալը բազմաթիվ շրջայցեր են իրականացրել, եւ ծագած խնդիրների լուծման նպատակով խորհրդակցություններ են կազմակերպվել: Եթե այդքան ինտենսիվ են եղել շրջայցերը, ինչպե՞ս է պատահել, որ վերահսկող կառույցը չի նկատել սառած գաջի վրա ներկ անող կամ դեռ չչորացած բետոնե հատակին լամինատ խփող շինարարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter