HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Հայաստանի Բ պլանը

Վերջին շաբաթներին պաշտոնական Երեւանի «շարժը» դեպի Թեհրան ակնհայտ դարձրեց, որ Հայաստանը որոշել է գործի դնել իր Բ պլանը: Հիմա արդեն, երբ հայ-թուրքական փակուղում որեւէ ճեղքում արձանագրելու հնարավորություն չկա, Հայաստանում մտորում են պահեստային ծրագրերը գործի դնելու հնարավորության մասին:

Հունվարի վերջին, ինչպես հայտնի է, Իրանի Արտաքին Գործոց Նախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով Իրան էր այցելել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թեհրանում նախկին նախագահին ընդունել էին Մոթաքին եւ ԻԻՀ նահագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այստեղ, ինչպես բացահայտեցին իրանական լրատվամիջոցները, Քոչարյանը քննարկել է տարածաշրջանային խնդիրներ:

Իրանական մամուլը մասնավորապես մեջբերեց ՀՀ նախկին նախագահի արած հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա զորքերը խաթարում են տարածաշրջանի երկրների կայունությունը եւ անվտանգությունը: Այնուհետեւ Երեւան պաշտոնական այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱրտԳործ Նախարար Մանուչեհր Մոթաքին:

Այցի շրջանակներում քննարկվեցին երկկողմ համագործակցության` տնտեսական եւ էներգետիկ ծրագրեր: Նույն օրերին Երեւանում տեղի ունեցավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ` հայ-ռուս-իրանական հանդիպումը: Ինչպես Երեւանում հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականության բաժնի տնօրեն Սերգեյ Տուգարինովը, ռուսական կողմը դիտարկում է Իրան-Հայաստան երկաթգիծը Միջազգային տրանսպորտային միջանցքներում` մասնավորապես Հյուսիս-Հարավ միջանցքում ընդգրկելու հնարավորությունը:

Ճիշտ է, ռուսական կողմը իր վերջնական որոշման մասին կհայտնի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներից հետո միայն, սակայն հիշեցնենք, որ մինչեւ վերջերս Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում ընդգրկվելու ավելի մեծ հնարավորություն ունեցող ծրագիրը Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղին էր: Հանդիպման ընթացքում նաեւ հաստատվեց այն փաստը, որ Ասիական զարգացման բանկը 1 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել հայ-իրանական երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների համար:

Այս երկաթուղու կառուցման ծրագիրը, տնտեսական նշանակությունից բացի, ունի կարեւոր քաղաքական նշանակություն, որն ավելի է մեծանում տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում: Հայ-թուրքական փակուղու պատճառով տարածաշրջանում կրկին ակտիվանում է հյուսիս-հարավ (Մոսկվա-Երեւան-Թեհրան) առանցքը, որի արտաքին հիմքն են կազմում տնտեսական եւ էներգետիկ ծրագրերը:

Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի ակտիվացման համար, ըստ էության, երեք պետություններից յուրաքանչյուրն ունի իր պատճառը: Մոսկվան, օրինակ, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը խրախուսելով հանդերձ` առիթը բաց չի թողնում տարածաշրջանում իր ներգրավվածությամբ որեւէ այլընտրանքային ծրագիր իրագործել: Ռուսաստանը հայ-իրանական համագործակցությունից միայն շահում է:

Ռուս-թուրքական զարգացող գործընկերությունը (թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պայմաններում), ինչպես նաեւ ռուս-իրանական համագործակցությունը եւ ավելի խորը ներգրավվածությունը հայ-իրանական ծրագրերում միայն ավելի են ուժեղացնում Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում` այստեղից դուրս մղելով Արեւմուտքին:

Սակայն Երեւանի եւ Թեհրանի միջեւ այս նոր շարժը միայն քաղաքական նշանակության տնտեսական ծրագրերով չի սահմանափակվում: Իրանը վերջին շրջանում ավելի հաճախ է առաջարկում իր միջնորդությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ու թեեւ բոլորի համար էլ ակնհայտ է այս միջնորդության` անիրատեսական լինելու հանգամանքը, Իրանի ակտիվացումն այս հարցում մի շարք խնդիրներ է լուծում ինչպես իր, այնպես էլ Հայաստանի համար:

Նախ` Իրանը փորձում է վերադառնալ տարածաշրջան, որտեղից նա ակամա դուրս էր մղվել 2008-ի ռուս-վրացական պատերազմի եւ դրան հաջորդած զարգացումների արդյունքում: Միաժամանակ, Թեհրանը այս քայլով կրկին մրցակցության մեջ է մտնում Անկարայի հետ, որը եւս օրեցօր ավելացնում է Ղարաբաղյան կարգավորման գործում ազդեցություն ունենալու իր պահանջները:

Այսպիսով, Իրանը հաստատում է, որ ինքը նույնպես տարածաշրջանային գերտերություն է, ինչպես Թուրքիան: Իրանի միջնորդային հավակնությունները միաժամանակ ձեռնտու են Հայաստանին, քանի որ դրանք, ըստ էության, ի չիք են դարձնում Ղարաբաղի հարցում որեւէ ազդեցություն ունենալու` Թուրքիայի հավակնությունները:

Այսինքն` ստացվում է, որ Թուրքիան Ղարաբաղյան կարգավորման վրա ազդելու նույնքան հնարավորություն ունի, որքան Իրանը: Թեհրան-Երեւան-Մոսկվա առանցքի ակտիվացումը եւս մեկ դիվիդենտ է տալիս Հայաստանին Արեւմուտքի առջեւ` ենթադրաբար ստիպելով վերջինիս ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա հայ-թուրքական հաշտեցման գործընթացի տրամաբանական շարունակականությունն ապահովելու նպատակով:

Ակնհայտ է, որ այս առանցքի հետագա զարգացումը անխուսափելիորեն բերելու է օգոստոսյան պատերազմից առաջ տարածաշրջանում առկա ստատուս-քվոյին` այն տարբերությամբ, որ այլեւս շատ թույլ է դրան հակակշռող մյուս ավանդական եռանկյունին` Բաքու-Թբիլիսի-Անկարա դաշինքը, Թբիլիսիի` այլեւս անհուսալի գործընկեր լինելու եւ Բաքու-Անկարա դաշինքում առաջացած ճեղքերի պատճառով: Իսկ սա անթույլատրելի է Արեւմուտքի համար, որն օրեցօր ավելի է համոզվում, որ հայ-թուրքական հաշտեցումը նման զարգացումները կանխելու միակ տարբերակը կարող է լինել:

Հայկական կողմի մյուս կարեւոր նպատակն է շեղել ուշադրությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացից եւ դրանով իսկ կանխել կողմերի վրա գործադրվող ճնշումը` զիջումների գնալ եւ առաջընթաց արձանագրել:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առաջացած փակուղում պաշտոնական Երեւանը գործի է դնում Բ պլանը, այն է` Իրանի հետ համագործակցության խորացումը` դրանով ցույց տալով, թե որ ուղղությամբ կշարժվի ինքը, եթե շարունակվեն թուրքական նախապայմանները եւ ճնշումները Ղարաբաղի հարցում:

Այլ հարց է, թե որքանով Երեւանը կհաջողի իր Բ պլանը: Վերջին հաշվով, սկիզբ առած գործընթացը լավ առիթ է` վերաիմաստավորելու հայ-իրանական հարաբերությունները, դրանք պահեստայինից վերածելու ռազմավարական գործընկերության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter