HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական փլավ` եվրոպական սեղաններին

Ի հիասթափություն, թե հուրախություն նրանց, ովքեր մեզանում «հայկական գործոնի» նշանակությունը միջազգային գլոբալ քաղաքականության մեջ գնահատում են հակադիր ծայրերից (կամ համարում են Թուրքիայի վրա ազդելու գլխավոր միջոց, կամ էլ` ամերիկա-եվրոպական թեթեւ «մտրակ»)`պետք է ամրագրենք մեկընդմիշտ, որ հայերի ու թուրքերի համար այդքան կարեւոր Ցեղասպանության հարցը թուրք-ամերիկյան լարվածության պատճառներից մեկն է, ոչ գլխավորը, բայց միեւնույն ժամանակ նաեւ այնպիսին, որը գործում է անխափան, առանց նշանակետից դույզն-ինչ շեղվելու:

Մարտի 4-ին ամերիկյան մի խումբ կոնգրեսականներ մտադիր են ԱՄՆ Կոնգրես մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հերթական բանաձեւը (ինչպես դա արվեց 2000, 2005, 2007 թվականներին):

Այդ առիթով հնչած թուրքական բոլոր հակադիր ու կռահելի արձագանքներից խիստ տարբերվեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` փետրվարի 4-ին հնչեցրած առաջարկ-հակադարձումը: Եվրասիական երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա առաջ քաշեց մի նոր նախաձեռնություն, այն է` Եվրամիության օրինակով ստեղծել Եվրասիական միություն, քանի որ դրա համար կան բոլոր պայմանները. «Եվրասիան կարող է դառնալ համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը եւ իր ներուժով կարող է հաղթահարել հակամարտությունները», քանի որ «եթե Եվրասիայում չլինի խաղաղություն եւ բարգավաճում, ապա դրանց հնարավոր չի լինի հասնել նաեւ ողջ երկրագնդում»:

Որոշակիորեն վերաձեւակերպելով մոլի ռուսատյաց Զբիգնեւ Բժեզինսկու թեւավոր դարձած արտահայտությունն այն մասին, որ «Ով տիրանա Եվրասիային, նա էլ կտիրանա ողջ աշխարհին», Դավութօղլուն, ըստ էության, կոչ է անում կամ «միավորվել մեր շուրջը», կամ` «նպաստել մեր միավորմանը», եթե աշխարհում խաղաղ եւ բարգավաճ ապրելու ցանկություն կա:

«Տարածաշրջանում բացվում են համագործակցության նոր հնարավորություններ»,- նկատի ունենալով Թուրքիայի շրջակա նավթագազային պաշարներով հարուստ տարածությունները` ասել է Դավութօղլուն: Իհարկե, շատ լավ իմանալով, թե իրականում ինչ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար Եվրասիան որպես մայրցամաք, որպես էներգապաշարների հարստագույն շտեմարան, որպես համաշխարհային քաղաքական գործընթացներ մտահղանալու եւ միաժամանակ դրանք փորձարկելու մի լայնատարած դաշտ, որպես քաղաքական մի լաբորատորիա, որտեղ տեղի ունեցող ցանկացած անհաջողություն, մեծ թե փոքր պայթյուն միեւնույն է անմիջապես չի անդրադառնալու ԱՄՆ-ի վրա:

ԱՄՆ-ն Եվրասիայից անհրաժեշտ անվտանգությունը չսասանող հեռավորության վրա է: Ռուս-թուրքական համագործակցության մեջ աշխարհաքաղաքական բաղկացուցչի ուժեղացմանը միտված այս առաջին հերթին անիրագործելի թվացող ծրագրին (Եվրասիական Միության ստեղծմանը), իհարկե, այս պահի դրությամբ քչերն են լրջորեն վերաբերվում:

Այնպես, ինչպես դեռ մեկ-մեկուկես տարի առաջ փորձագիտական ու քաղաքական լայն շրջանակներում առհասարակ անհնարին էր թվում ռուս-թուրքական երկարատեւ մերձեցումը, ինչպես երկու տարի առաջ անիրատեսական էր համարվում Կայունության եւ անվտանգության Կովկասյան պլատֆորմի գաղափարը:

Մինչդեռ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարի պատճառով այսօր առավելեւս չարժի Դավութօղլուին կասկածել քաղաքական տեսությունը պրակտիկայից չտարբերողի կամ էլ քաղաքական ռոմանտիզմով տառապելու մեջ: Նա ոչ մեկն է, ոչ էլ առավելեւս` մյուսը:

Իսկ եթե նկատի ունենանք նաեւ բոլոր այն աշխատանքները, որ Ռուսաստանը տանում էր անցած տարիների ընթացքում Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի երկրների հետ տնտեսական եւ հարակից մի շարք հարցերում կոոպերացման ուղղությամբ (Եվրազես, Շանհայան համագործակցության կազմակերպություն Չինաստանի եւ Իրանի ակտիվ մասնակցությամբ), պարզ կդառնա, որ այդ միության ստեղծումը տնտեսական գերակա հրամայականների հիմքով կարող է իրականանալ նաեւ արդեն պատրաստի այդ առանցքների օգտագործմամբ:

Նույնիսկ առանց մեջտեղ բերելու դասական ԵՄ երկրները: Ինչո՞վ չեն նույն Ռուսաստանն ու ԱՊՀ մի քանի պետությունները (Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Կովկասյան եռյակը) Եվրոպա: Կարեւորը գործընթացը նախաձեռնելն է, աղմուկ բարձրացնելը, համընդհանուր շարժ սկսելը, ինչպես դա եղավ Կովկասյան պլատֆորմի դեպքում:

Հունվարի 30-ին Բուլղարիայի նախագահ Բոյկո Բորիսովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուից ավելի ուղղախոս Ռեջեփ Էրդողանը խիստ քննադատության ենթարկեց ԵՄ քաղաքականությունն առհասարակ եւ Թուրքիայի անդամակցության գործընթացի 50-ամյա ողջ պատմությունը:

Կարելի՞ է, արդյոք, 50 տարի շարունակ սպասել եվրոպական նախամուտքերում, երբ քեզանից հետո այնտեղ հայտնված երկրներն ավելի արագ են ընդունվում եվրոպական պատվավոր շարքերը: Ահա Թուրքիայի վարչապետի հայտարարության իրական բովանդակությունը:

Իր իսկ` գրեթե հռետորական հարցին ի պատասխան` Էրդողանը նախազգուշացրեց, որ Թուրքիան շարունակելու է առաջ տանել եվրաինտեգրման գործընթացն այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք իրենց միանշանակ «ՈՉ» չի ասել եւ վերջնականապես ցույց չի տվել ելքի տեղը:

«Այսպիսի որոշումից հետո մենք ինքներս կգտնենք ելքը»,- նշել է նա: Ելք կարող են դառնալ նույնիսկ նոր միության ստեղծման մասին խոսակցությունները: Թուրք-ամերիկյան լարումը օրեցօր մեծանում է, թուրքական միջազգային պահվածքը գնալով ավելի է նմանվում «ազատության» մեջ երկար մնացած եւ այլեւս շշի մեջ վերադառնալ չցանկացող Ջինի պահվածքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter