Ճգնաժամը «Արմենիային» չի ազդել
«Արմենիա» հյուրանոցը Ղարաբաղի «ամենահյուրառատ» հյուրանոցը կարելի է համարել. եթե նախկինում նման համբավ ուներ «Նաիրի» հյուրանոցը, այժմ արդեն Ղարաբաղ մտնող զբոսաշրջիկներից մի զգալի մասը գիշերում է «Արմենիայում»: Հյուրանոցը գործում է ընդամենը մի քանի տարի, այստեղ են մնում նաեւ պաշտոնական այցերով եկած զբոսաշրջիկների մեծ մասը: Պարզվում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը այդքան էլ ազդեցություն չի ունեցել հյուրանոցի գործունեությանը:
Հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանի խոսքերով, 2009-ին կարողացել են ակնկալվող հասույթը ապահովել 100 տոկոսով. ծրագրով նախատեսված էր վաճառքի ծավալի 25 տոկոսանոց աճ` 2008-ի համեմատ:
«Եթե 2009-ը համեմատելու լինենեք 2008-ի հետ, կտեսնենք, որ այս ընթացքում մեզ հաջողվեց վաճառել շուրջ 11.000 մահճակալ /տեղ/, որը 50 տոկոսով ավելին էր նախանցյալ տարվանից, իսկ տարեկան միջին զբաղվածությունը` 24 տոկոսից հասցնել 35 տոկոսի: Յուրաքանչյուր օր հյուրանոցում զբաղված է եղել մոտ 20 սենյակ, ինչը շոշափելի թիվ է»,- «Ազատ Արցախին» տված հարցազրույցում նշել է հյուրանոցի տնօրենը:
Ընկերությունը, ըստ Ռոբերտ Սիմոնյանի, 2010-ին պլանավորել է հասույթի 25 տոկոսանոց աճ` 2009-ի համեմատ: Հյուրանոցի միջին տարեկան զբաղվածությունը նախատեսվում է հասցնել 40 տոկոսի եւ վաճառել ավելի քան 13.000 մահճակալ:
Մեկնաբանել