HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Վավերացնե՞լ, թե՞ չվավերացնել արձանագրությունները

Այն բանից հետո, երբ  «Չեթթըմ Հաուսում» նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական  երկու արձանագրությունների վավերացման գործընթացը սկսելու համար դրանք  խորհրդարան ուղարկելու մասին, պարզ դարձավ, որ Հայաստանի մարտավարությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացում փոխվել է: Լոնդոնից նախագահի վերադարձից անմիջապես հետո իշխող  քաղաքական ուժը` Հանրապետական կուսակցությունը, աստիճանաբար շրջանառության մեջ  դրեց արձանագրությունները Հայաստանի  կողմից առաջինը վավերացնելու գաղափարը: Ընդ որում, ՀՀԿ-ն դա արեց չափազանց զգույշ: Նախ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե կարելի է խորհրդարանի  համապատասխան մշտական հանձնաժողովում արձանագրությունների վավերացման հարցը  քննարկման դնել դրանք նախագահականից  ԱԺ ուղարկելուց անմիջապես հետո£ Ապա մեկ այլ ՀՀԿ-ական` Ռաֆիկ Պետրոսյանը, ուղղակի հայտարարեց, թե պետք է արձանագրությունները վավերացնել` չսպասելով թուրքական Մեջլիսում դրանց վավերացմանը` նշելով, թե դա ասում է ոչ թե Հանրապետականի, այլ անձամբ իր անունից: Նիկոյանի եւ Պետրոսյանի այս հապշտապ դիտարկումներն, անշուշտ, ինքնագործունեության արդյունք չէին: Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն այնքան անլուրջ թեմա չէ, որպեսզի առանձին պատգամավորներ, այն էլ իշխող կուսակցությունը ներկայացնող, պետական քաղաքականությունից շեղվող անլուրջ մոտեցումներ հայտնեին: Այս հայտարարությունների  հիմնական նպատակը հասարակական շրջանակների  եւ հատկապես կոալիցիայի անդամ մյուս  կուսակցությունների տրամադրությունները շոշափելն էր, ինչպես նաեւ նման զարգացումներին հանրությանը նախապատրաստելը: Դատելով, սակայն, վերջին իրադարձություններից ու իշխանությունից եկող ազդակներից` արձանագրություններն առաջինը վավերացնելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է: ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի  տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը օրերս տվեց իշխանության այս դիրքորոշման գիտատեսական հիմնավորումն ու «դրական եզրակացությունը». «Այլընտրանքը ո՞րն է: Այսինքն, մենք չենք վավերացնում եւ սպասում ենք Թուրքիայի վավերացմա՞նը: Բայց դա մեզ ի՞նչ է տալիս: Եթե մենք մտադրված ենք արձանագրությունները հասցնել իրենց տրամաբանական ավարտին, կարծում եմ` Թուրքիայի զարգացումները չպետք է մեզ կանգնեցնեն»: Հայաստանի խորհրդարանի  նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն  հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները  ԱԺ-ի քննարկմանն է ներկայացնելու  միայն դրանց վերաբերյալ ԱԺ արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի`  միջազգային պայմանագրերը քննարկման  ներկայացնելու համար խորհրդարանի  նախագահին պարտադիր չէ գլխադասային  հանձնաժողովի եզրակացությունը: Սակայն նման որոշում  կայացվել է, թերեւս, որպեսզի շրջանցվի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պահանջը` արձանագրությունների վավերացման հարցի կապակցությամբ ԱԺ լսումներ կազմակերպել: Իշխանությունը, թերեւս, վախեցավ, որ այդ լսումները կբացահայտեն  Հայաստանի նոր մարտավարությունը Թուրքիայի հետ հարաբերություններում, կբացեն հայկական կողմի խաղաքարտերը, ինչպես նաեւ ներքաղաքական նոր լարումների տեղիք կտան: Իսկ դրա համար առավել քան նպաստավոր պայմաններ կան: «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցություններն արդեն  հայտարարել են, որ ցանկացած պարագայում դեմ են քվեարկելու արձանագրություններին, եթե դրանք քննարկման ներկայացվեն առանց վերապահումների: Մինչդեռ, ըստ ամենայնի, Հանրապետական կուսակցությունը արձանագրությունները  խորհրդարանի դատին կհանձնի առանց  դրանց տեքստերում որեւէ լրացում  կամ մեկնաբանություն անելու: «Ես չեմ կարծում, թե վերապահումները ճիշտ ճանապարհ են: Ավելի ազնիվ ճանապարհ է` հրաժարվել վավերացումից, քան անել վերապահումներ երկկողմանի պայմանագրերում»,- օրերս ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը: Խնդիրը, սակայն, միայն  ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-«Ժառանգություն» տանդեմի  սկզբունքային մոտեցումների տարբերության մեջ չէ: Խորհրդարանական ներկայիս ընդդիմությունն այն ներուժը չունի, որպեսզի կասեցնի խորհրդարանում իր համար անցանկալի որեւէ օրինագծի կամ որոշման քվեարկությունը կամ  ազդի դրա արդյունքների վրա: Խնդիրն ավելի  շատ արձանագրությունները Թուրքիայից առաջ վավերացնելու պարագայում ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերությունների հնարավոր վատթարացումն  է: Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը Լոնդոնում հայտարարեց արձանագրությունները խորհրդարան ուղարկելու մտադրության մասին, ԲՀԿ-ն հանդես եկավ շատ հստակ ու կոշտ հայտարարությամբ. ԲՀԿ-ն դեմ է արտահայտվելու, եթե Հայաստանի խորհրդարանն առաջինը վավերացնի դրանք: Մի քանի օր անց  ԲՀԿ-ն, ի դեմս կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանի, հրապարակայնորեն  մասնակցեց արձանագրությունների  վավերացմանը դեմ հանդես եկող կուսակցությունների մի հավաքի, որի ժամանակ վերահաստատեց իրենց այս դիրքորոշումը: Ծառուկյանը հստակ  հայտարարեց, որ ԲՀԿ-ն հանդես է գալիս  առանց նախապայմանների եւ ողջամիտ  ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին եւ որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժ կողմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո: Եթե ԲՀԿ-ն հետեւողական  լինի իր այս դիրքորոշման մեջ, ապա  ՀՀԿ-ն ստիպված կլինի արձանագրությունների  վավերացմանը գնալ` կոալիցիոն մեծամասնությունը փլուզելու գնով, ինչը կարող է իշխանական ամբողջ համակարգի քայքայման լուրջ պատճառ դառնալ: Սրա մասին դեռ կխոսենք: Ներկայումս ՀՀԿ-ն  փորձում է իր կոալիցիոն գործընկերներին համոզել, որ առաջինը վավերացման գնալով` Հայաստանը քաղաքական, իրավական եւ դիվանագիտական առումներով որեւէ կորուստ  չի ունենում: Դրա համար բերվում  է երկու փաստարկ: Առաջին` արձանագրությունների  վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն ընկած է լինելու  վավերացման հիմքում: Այսինքն, արձանագրությունները  վավերացնելով` Հայաստանը չի ստորագրում Թուրքիայի կողմից դրանցով պարտադրվող նախապայմանների տակ: «Սահմանադրական  դատարանն ի սկզբանե սահմանափակում  է փորձերը` այլասերել արձանագրությունների  էությունը»,- ասում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Երկրորդ` ստորագրությունը  ետ վերցնելու համար Կառավարությունը  փոփոխություններ է կատարում «Միջազգային  պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում, ըստ  որի ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը կարող են հանդես գալ միջազգային պայմանագրերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ: Այսինքն` Հայաստանը  իրավական մեխանիզմ է մշակում` ցանկացած պահի արձանագրությունները չեղյալ հայտարարելու եւ միակողմանիորեն դրանցից դուրս  գալու համար: Սակայն թե մեկ, թե երկրորդ փաստարկներն այնքան էլ համոզիչ  չեն: Առաջինը` որովհետեւ ՍԴ որոշման  հիմնական մեխն այն է, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Իսկ մնացած «իրավական  դիրքորոշումները» զուտ մեկնաբանություններ են, որոնք հեշտությամբ կարող են քաղաքականապես «կոտրվել» դիվանագիտության  մեջ: Երկրորդ նախաձեռնությունը տվյալ դեպքում լրիվ անիմաստ է, քանի որ առանց այդ մեխանիզմի էլ ակնհայտ է, որ երկկողմանի պայմանագրերը ուժ չունեն, մինչեւ դրանք չընդունվեն երկու կողմից էլ, եւ մինչեւ տեղի չունենա դրանց փոխադարձ ճանաչման արձանագրային գործընթացը: Միակ դեպքը, որտեղ  օրենսդրական այս փոփոխությունը կարող է օգնության գալ, Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը չափից ավելի ձգձգելն է: Սակայն երբ Հայաստանը  կոնկրետ ժամկետներ չի սահմանում  Թուրքիայի առջեւ արձանագրությունները  վավերացնելու համար եւ սահմանափակվում է ընդամենը «ողջամիտ ժամկետներ» առաձգական արտահայտությամբ, օրենսդրական այս փոփոխությունը ձեռք է բերում քաղաքական նշանակություն: Բացի ներքին խնդիրներ հարուցելուց, արձանագրությունների  շուտափույթ վավերացումը կարող է  նաեւ լուրջ խնդիրներ առաջացնել արտաքին  քաղաքականության ոլորտում: Եթե Հայաստանը վավերացնի այդ փաստաթղթերը, իսկ Թուրքիան կարողանա դիմակայել ԱՄՆ-ի ուժեղ ճնշումներին եւ չվավերացնի արձանագրությունները նաեւ ապրիլի 24-ի նախօրյակին եւ դրանից հետո, ապա հետագայում Հայաստանի համար դժվար կլինի հիմնավորել, թե ինչու է հրաժարվում ոչ այնքան արձանագրություններից, որքան դրանցով սահմանված` Թուրքիայի հետ սահմանները ճանաչելու եւ հատկապես Ցեղասպանության հարցը երկկողմ պատմական հանձնաժողովի քննարկման առարկա դարձնելու մեխանիզմներից: Բացի դրանից`  Հայաստանն իրեն չի ապահովագրում անկանխատեսելի  զարգացումներից, որովհետեւ սահմանափակում է մանեւրելու իր հնարավորությունները: Ի վերջո, մինչեւ ապրիլի 24-ը դեռեւս 8 շաբաթ կա: Իսկ դա այս տարածաշրջանի համար հավասարազոր  է 8 տարվա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter