HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մենակ գալիս են ընտրությունների ժամանակ, էն էլ` իրենց աթոռի խաթր»

Հատկապես ձմռանը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղ գնալը իսկական փորձություն է: Ապարանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Վարդենիսի ճանապարհները տեղացած ձյունից պատվում են սառույցով: Համեմատաբար քիչ քանակությամբ ձյան դեպքում ճանապարհներն անմիջապես մաքրվում են, սակայն ձյունը լցնում են ճամփեզրին, ինչի հետեւանքով էլ անհնար է դառնում հակառակ ուղղությամբ ընթացող 2 ավտեմեքենաների երթեւեկը:

Վարորդներից մեկը ստիպված պետք է ավտոմեքենան մայթում կուտակված ձյան մեջ կանգնեցնի, հետո ուղեւորների հետ ավտոմեքենան հրելով` պետք է ճանապարհ դուրս բերի այն: Նման իրավիճակում հայտնվեցինք նաեւ մենք, երբ ճանապարհը զիջեցինք մեկ այլ ավտոմեքենայի: Մեկ հարկանի մի անշուք շենքի կողքին հավաքվել էին գյուղի տղամարդիկ: Անշուք շենքը վարդենիսցիները կոչում են «կուլտուրայի տուն»:

Երբ ներս մտանք, ծխախոտի ծխով լցված սենյակում հավաքված էր շուրջ 50 տղամարդ: Նրանք նարդի ու բլոտ էին խաղում: Նրանց շարքերում էին նաեւ Վարդենիսի 2 նախկին համայնքապետերը: Ջիվան Սարգսյանը համայնքապետ է եղել 1996-2002 թթ.: Այժմ նա գործազուրկ է եւ համագյուղացիների հետ նարդի խաղալով է օրն անցկացնում: Մեզ հետ զրույցում նա դրական գնահատեց գործող համայնքապետ Կամո Պետրոսյանի աշխատանքը, քանի որ «նա անում է ավելին, քան ինքը` համայնքապետ եղած ժամանակ»:

«Այսօրվա դրությամբ նորմալն այն է, որ ներկայիս գյուղապետը կարողանում է հարկերը գանձել: Իմ ժամանակ չէի կարողանում հարկերը հավաքել: Այսօր հարկահավաքությունը մեր գյուղում 103 տոկոս է կազմում»,-ասաց Ջ. Սարգսյանը:

Նրա համոզմամբ` հարկահավաքության նման բարձր ցուցանիշը պայմանավորված է պետության տրամադրած սուբսիդիաներով: Ըստ Ջ. Սարգսյանի` եթե պետությունը սուբսիդիա չտրամադրի գյուղերին, ոչ մի համայնքապետ չի կարողանա հարկերը հավաքել: 2002-2008 թթ. էլ համայնքապետ է ընտրվել Ջիվան Ասատրյանը: Նա էլ ասաց, որ 2 տարի առաջ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, քանի որ իր ուժերից վեր է սուղ միջոցներով համայնք ղեկավարելը:

«Եթե մեկի տուն հյուր ես գնում, առաջին հերթին նայում ես տանտիրուհուն ու տան մաքրությանը: Սա էլ մեր օջախն է, որովհետեւ ամբողջ գյուղն այստեղ է հավաքվում: Հենց ստեղից կարող եք կարծիք կազմել մեր գյուղացու վիճակի մասին»,- մատնացույց անելով իրենց «կուլտուրայի տունը»` ասաց Ջ. Ասատրյանը: Նրա պատմելով` Վարդենիսը շատ հոգսեր ունի, ու չգիտի, թե որտեղից սկսի ու վերջացնի: Վարդենիսն ունի մոտ 650 հա վարելահող, 100 հա բնական խոտհարք ու 500 հա-ից ավելի արոտավայր:

«Մեր հողերը շատ են, բայց գյուղացին հնարավորություն չունի սերմացու գնի, վար ու ցանք անի, հողը պարարտացնի, որ եկամուտ ստանա: Տանում ենք մեր տեղական սերմը գցում հողը ու անձրեւի հույսով սպասում, որ պիտի եկամուտ ստանանք: Ոռոգման ջուր ընդհանրապես չունենք, տնամերձ հողերն էլ խմելու ջրի ծորակներով ենք ջրում»,- ավելացրեց Ջիվան Ասատրյանը: Վերջինիս ներկայացմամբ` խոտ հնձելու ժամանակ ամբողջ գյուղը սթրեսի մեջ է ընկնում, երբ 1985 թ. արտադրության խոտհնձիչ կոմբայնը, դեռ 1 հեկտար չհնձած, խափանվում է ու օրերով անսարք կանգնում: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր չէ վարկով գյուղտեխնիկա գնել, պարոն Ասատրյանն ասաց, որ Վարդենիսում չկա մի բնակիչ, որ թեկուզ վարկով գյուղտեխնիկա գնելու հնարավորություն ունենա: Քանի որ նախկին համայնքապետը մի շարք խնդիրներ ներկայացրեց, նրանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք դրանց լուծման համար դիմել են իրենց պատգամավոր Լյովա Խաչատրյանին: «Նրանից ի՞նչ պահանջենք, ինքն անհատ մարդ է: Ճիշտ է, պետք է Ազգային ժողովում հարցեր բարձրացնի, արդեն երկրորդ նստաշրջանն է, որ պատգամավոր է, բայց ոչ մի հարց չի բարձրացնում: Ընդամենը 2007թ. 1.5 կմ գազիֆիկացում է գյուղում արվել, որտեղ Լյովա Խաչատրյանն էլ ներդրում ունի»,- ասաց նա: Նշենք, որ գազիֆիկացումը վարդենիսցիների ամենացավոտ խնդիրն է, որն արդեն 2 տարի չի լուծվում: Գյուղացիները աթարով են ձմռանը տաքանում, իսկ ֆինանսապես քիչ թե շատ ապահովվածները փայտ են գնում:

Զրուցեցինք նաեւ պարապությունից «կուլտուրայի տանը» հավաքված տղամարդկանց հետ: Վալերի Սաֆարյանն ասաց, որ գյուղում «չափից դուրս» անմշակ հողեր ունեն, որովհետեւ մշակելու հնարավորություն չունեն:

«Երիտասարդությունն էլ պարապ-սարապ ֆռֆռում ա: Ով հնարավորություն ունի` թողնում-գնում ա: Եթե հնարավորություն լինի, ամբողջ գյուղն էլ կթողնի, ստեղից կգնա»,- նշեց Վ. Սաֆարյանը:

«Մեր գյուղ ոչ մի պաշտոնյա չի եկել, չի հարցրել` այ ժողովուրդ, ո՞նց եք ապրում: Մենակ գալիս են ընտրությունների ժամանակ, էն էլ` իրենց աթոռի խաթր: Գալիս են, ժողովրդի աչքին երեւում ու 4 տարի անհետանում են»,- ասաց Հենդո անունով վարդենիսցին: «Բայց դիմե՞լ եք պաշտոնյաներին»,-հարցրի:

«Ցավդ տանեմ, դիմումը գրում տալիս ենք, հենց ոտներս քաշում ենք, մեր հետեւից դիմումը ճղում, գցում են ու անհետեւանք է մնում: Իրենց ինչի՞ն է պետք, որ կարդան: Ընտրությունների ժամանակ բերում փող են տալիս ու դրանով հարցը համարում են լուծված»,- պատասխանեց Հենդոն:

«Ինչքա՞ն գումար են տալիս» հարցին նա պատասխանեց. «Էնքան, ինչքան որ ձեզ են տվել` 5000 դրամ»: Վարդգես Մանուկյանն էլ ասաց, որ պատգամավոր Լյովա Խաչատրյանին շատ են դիմել, բայց առայժմ ոչ մի փոփոխություն գյուղում չկա: Նա մտահոգված էր գյուղի վթարային դպրոցի խնդրով: Վարդգեսի ասելով` վախենալով է իր առաջին դասարանցի թոռնիկին դպրոց ուղարկում, քանի որ նույնիսկ թեթեւ ցնցման ժամանակ կարող է փուլ գալ:

«Ամեն պաշտոնյա իր գյուղում է ներդրում անում: Խաչատրյան Լյովան իր գյուղում` Երնջատափում, մի հրաշալի մշակույթի տուն է կառուցում, գյուղն ամբողջությամբ գազիֆիկացրել են, իսկ մեր գյուղին ուշադրություն դարձնող չկա»,- ավելացրեց Վ. Մանուկյանը: Նա միակը չէր, ով վիրավորված էր պաշտոնյաների խտրական վերաբերմունքից:

«Մեր մարզպետը Թալինի շրջանից է: Գումարային բոլոր հատկացումները ամեն պաշտոնյա իր շրջանն է տանում, ինքն էլ իր հերթին: Եթե մեր հարգարժան նախագահը մեկին ուղարկի գյուղական վայրերն ուսումնասիրելու, հնարավոր է ինչ-որ բան փոխվի, մոտները խղճի խայթ առաջանա ու մի բանով գյուղացուն օգնեն»,- ասաց վարդենիսցի Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս պատգամավոր Տիգրան Թորոսյանը արմատներով վարդենիսցի է, սակայն երբեք չի խոստովանել այդ մասին ու համագյուղացիների խնդիրներով չի մտահոգվել: ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը չժխտեց իր կապը Վարդենիսի հետ, սակայն ասաց, որ դա եղել է 90 տարի առաջ` նախնիներն են եղել Վարդենիսից, ու հիմա այդ գյուղի հետ ինքը կապ չունի:

«Պաշտոնները որեւէ մեկին լավություն անելու համար չեն: Իրենք ունեն իրենց տարածքից ընտրված պատգամավոր, համայնքապետ, մարզպետ, թող այդ հարցերով իրենց դիմեն»,- «Հետքին» ասաց Տ. Թորոսյանը:

Ըստ պատգամավորի` երկրի դժբախտություններից մեկն էլ այն է, որ պատգամավորները ծրագրերն ու ֆինանսական միջոցները քաշում են իրենց ծանոթ բնակավայրերը, իսկ մնացածները զրկվում են դրանցից: «Բայց դուք էլ իրենց համայնքի միակ պաշտոնյան եք, ինչու՞ դուք էլ որեւէ ծրագիր չեք տարել Վարդենիս»,- հարցրինք պատգամավորին: «Քանի դեռ վարդենիսցիները չեն հասկացել, որ համայնքապետը պետք է զբաղվի իրենց հարցերով` միշտ էլ կմնան նույն վիճակին»,- պատասխանեց Տ. Թորոսյանը:

Վարդենիսի համայնքապետին չտեսանք: Նա գործերով Աշտարակում էր: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Փառանձեմ Գեւորգյանն էլ իրենց գյուղը ներկայացրեց այնպես, ինչպես ներկայացրել էին վարդենիսցիները: Ըստ նրա` հողագործությունն իրեն չի արդարացնում, քանի որ պետությունն այլեւս չի սուբսիդավորում պարարտանյութի համար, իսկ շուկայում վաճառվող պարարտանյութը թանկ է` պարկը մինչեւ 7500 դրամ:

«Էլ չեմ ասում, որ սերմեր չունենք: Պատգամավորը լավ գիտի, թե այս գյուղում ինչ է կատարվում: Շատ ենք դիմել, բայց ի՞նչ անի այդ մարդը»,- ասաց Փ. Գեւորգյանը: Համայնքապետարանի աշխատակիցը նշեց, որ իրենց վարելահողերի մեծ մասը` մոտ 400 հեկտար, չի մշակվում: Պատճառը մեկն է` «գյուղացին ի վիճակի չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter