ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը 10%-ով ավելացել է
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009թ. երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը. անցյալ տարի առաջին անգամ Ղարաբաղ են այցելել զբոսաշրջիկներ Մոզամբիկից, Գայանայից, Մավրիտանիայից, Վենեսուելայից: Այցելուների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքմենստանի քաղաքացիները:
«Այս տվյալները վկայում են այն մասին, որ արտասահմանյան երկրների եւ նրանց քաղաքացիների մոտ շարունակում է աճել հետաքրքրությունը Արցախի նկատմամբ: Այդ գործընթացին նպաստում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի, երկրի պատմության, ԼՂՀ-ում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման մասին միջազգային տարբեր զանգվածային տեղեկատվության միջոցների հավաստի տեղեկատվությունը»,-այս կարծիքն է նշվում ԱԳՆ մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության մեջ:
Մեկնաբանել