HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

ՀԱԿ-ը սկսում է հերթական ընտրությունների նախընտրական արշավը

2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, այսինքն` մոտ վեց ամիս առաջ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Իշխանափոխության մյուս ճանապարհը Սերժ Սարգսյանի հարկադրական հրաժարականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տեւական ալիքի բարձրացման միջոցով: Ինչպես հանգամանալից քննությամբ փորձել եմ հիմնավորել 2008 թ. դեկտեմբերի 21-ի իմ ելույթում, Հայ ազգային կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը... »: 2010 թ. մարտի 1-ին Մատենադարանի մոտ ՀԱԿ հրավիրած հանրահավաքում արդեն Տեր-Պետրոսյանը հակառակ պնդումներն է անում. «Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկխոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտությունը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մարտիմեկյան հանրահավաքում ունեցած ելույթում իշխանությունների հետ, ըստ էության, խոսում է բացահայտ վերջնագրերի լեզվով եւ պայմանների կատարման համար կոնկրետ ժամկետներ է մատնանշում: Ընդ որում` դրանք այնպիսի պայմաններ ու ժամկետներ են, որոնց գնալն ինքնին իշխանության համար հավասարազոր է սեփական կապիտուլյացիայի ճանաչմանը. «Անհապաղ ազատել քաղբանտարկյալներին, մարտ ամսին վերականգնել մարտի 1-ի սպանությունները քննող մարմինը, բայց այս անգամ` միջազգային դիտորդների մասնակցությամբ, մինչեւ ապրիլ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը վերադարձնել 2008 թ. փետրվարին գոյություն ունեցող տարբերակին, մինչեւ մայիս անցկացնել անհրաժեշտ մրցույթը եւ վերաբացել «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը, մինչեւ մայիսի վերջ բարեփոխել Ընտրական օրենսգիրքը` ընտրական գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով, հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: Ստացվում է, որ ՀԱԿ-ը ոչ միայն սկսել է հավատալ նախագահի հարկադրական հրաժարականին միայնակ հասնելու` դեռ վեց ամիս առաջ անհնարին համարվող գաղափարին, այլեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: «Դուք հասկանո՞ւմ եք, որ մենք գնում ենք դեպի մեր պայքարի թեժացումը: Ուրեմն պետք է, որ ժողովուրդն ակտիվորեն մասնակցի մեր բոլոր ակցիաներին. Ձեր վճռականությունից է կախված մեր հաջողությունը»,- դիմելով հավաքված բազմությանը` մարտի 1-ի հանրահավաքում ասում է Արարատ Զուրաբյանը: «Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդավարության վերականգնման, Ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթահարման եւ տնտեսական ճգնաժամի դիմագրավման մարտահրավերների առջեւ: Իսկ առջեւում մեզ սպասվում են ավելի դժվարին ժամանակներ` հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով: Հետեւաբար, ներկա հանգրվանում Կոնգրեսից պահանջվում է գործել առավել զգուշությամբ ու պատասխանատվությամբ` չբարդացնելու համար առանց այն էլ բարդ իրավիճակը: ...Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սպասվող լուրջ զարգացումների եւ մանավանդ տնտեսական ճգնաժամի խորացման ու սոցիալական ցնցումների ահագնացող վտանգի պայմաններում ալեկոծությունների հրահրումը հավասարազոր է խելագարության»,- ուղիղ մեկ տարի առաջ` 2009 թ. մարտի 1-ին անցկացված հանրահավաքում, հայտարարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեկ տարի անց մարտավարական դադար վերցնելու համար բերվող այս փաստարկներից եւ ոչ մեկը չի կորցրել իր արդիականությունը: Ընդհակառակը, դատելով այս հանրահավաքում հնչած ելույթներից` ՀԱԿ-ի գնահատմամբ թե´ տնտեսական ճգնաժամն է Հայաստանում խորացել, թե´ ԼՂ եւ հատկապես հայ-թուրքական հաշտեցման «նվաստացուցիչ» գործընթացներն են մտել մեզ համար անցանկալի շրջափուլ: Ըստ Տեր-Պետրոսյանի կողմից մեկ տարի առաջ պաշտպանվող տրամաբանության` հիմա առավելեւս «առանց այն էլ բարդ իրավիճակը էլ ավելի չբարդացնելու», «խելագարությանը հավասարազոր ալեկոծությունների հրահրումը» բացառելու խնդիր պետք է դրվեր: Մինչդեռ տեղի է ունենում կատարելապես հակառակը: Ընդդիմության վարքագծի նման հանկարծակի փոփոխությունն ունի երկու փոխշաղկապված պատճառ: Դրանցից մեկի մասին հենց հանրահավաքի ընթացքում եւ դրանից օրեր առաջ անուղղակիորեն խոսեցին իրենք` կոնգրեսականները: Փետրվարի 23-ին ասուլիսի ընթացքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Ես ասում եմ, որ իշխանությունները, այո, ձախողված են, այո, որ այդ ձախողման մասին պնդումներն արդեն միայն ընդդիմությանը չեն, այդ ընկալումներն արդեն տարածվել են իշխանական ճամբարի մեջ: Եվ ես ասել եմ, որ եթե ձախողումն այս տեմպերով շարունակվի, իշխանությունն ուղղակի կընկնի մեր գլխին, եւ պետք է պատրաստ լինել դրան»: Մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի զարգացրեց այս միտքը. «Որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույնն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները: Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան` երկրի կորուստները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար»: Փաստորեն, Կոնգրեսը սպասումներ ունի իշխանության ինքնափլուզման հետ կապված եւ, քաղաքական ակտիվություն ցուցաբերելով, փորձում է նախապես պատրաստվել դրան: Սակայն ուշագրավն այստեղ այն հանգամանքն է, որ Տեր-Պետրոսյանը շատ մշուշոտ է խոսում նման հնարավորության մասին: Ընդհանրապես նրա ելույթում այս իմաստով որեւէ կոնկրետություն չկա եւ պարզ չէ` այդ փլուզումը նրանք սպասում են շատ մոտ ապագայո՞ւմ, թե՞, օրինակ, երկու տարի անց, այսինքն` հերթական խորհրդարանական ընտությունների նախաշեմին: Նրա փոխարեն կոնկրետություն մտցնելու փորձ կատարում է Լեւոն Զուրաբյանը, այսինքն` ոչ Կոնգրեսի ղեկավարը: Դա տարօրինակ է հատկապես այն առումով, որ մինչ այս ծրագրային, անգամ իրավիճակային այս կամ այն որոշման, լուծման տարբերակի մասին առաջինը խոսում էր հենց Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ է, որ «գործառույթը» հանձնելով Զուրաբյանին` ՀԱԿ-ն իր առաջնորդին ապահովագրում է սխալ հաշվարկներից ու սկսած գործընթացների ձախողման համար պատասխանատվությունից: Ինքնին այս մոտեցումն էլ պատահական չէ: Արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին, այսինքն` նախագահի հրաժարականին եւ ԱԺ-ի լուծարմանը հասնելու համար հսկայական աշխատանք է պետք կատարել, մինչդեռ ՀԱԿ-ն ընդամենը նոր է դուրս գալիս մեկամյա նիրհից: Առկա ստարտային դրությունը հաշվի առնելով` ՀԱԿ-ի համար անգամ խիստ անիրատեսական են այն ժամկետները, որոնք նախատեսվել են արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Սրանք, սակայն, բավականին լավ մարտավարական քայլեր ու կռվաններ են` ավելի տեւական քաղաքական պայքար ծավալելու իմաստով: Ինքը` Տեր-Պետրոսյանը, իր վերջին ելույթում շատ թափանցիկ կերպով ակնարկում է այդ մասին. «...Կոնգրեսի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտ համարել»: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ի հրապարակած տնտեսական բարեփոխումների ծրագիրը ներկայացվում է որպես նախընտրական ծրագիր, որն առաջին հերթին պահանջում է հասու դարձնել հասարակական լայն շրջանակներին: ՀԱԿ-ը հիմա հենց դա է փորձում անել: Այսինքն` սա նախընտրական ծրագիր է ոչ այնքան արտահերթ, որքան հերթական ընտրությունների համար: Եվ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը ՀԱԿ-ի համար դառնում է հերթական ընտրություններին գնալու յուրօրինակ, մարտավարական տեսակետից լիովին արդարացված լեյտմոտիվ: Նման տակտիկան ՀԱԿ-ին հնարավորություն է տալիս պատրաստ լինել իրավիճակի ցանկացած շրջադարձի եւ ավելի մեծ շանսեր ու բարոյական իրավունք է տալիս իշխանության հնարավոր ձախողման դեպքում այն վերցնելու համար: Հրանտ Բագրատյանի կողմից գազի գնի թանկացման հարցը դատական կարգով վիճարկելու եւ քաղաքացիներին ուղղված` համահայցվոր դառնալու առաջարկություն-նախաձեռնությունը, 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման մրցույթ հայտարարելը, այս ամենից հետո նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնելը, ինչպես նաեւ Լեւոն Զուրաբյանի միջոցով մարտի 1-ից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար իշխանությանը կապիտուլյացիոն պահանջներ ներկայացնելը հետաքրքիր քարոզչական հնարքներ կարող են լինել եւ էֆեկտ տալ, եթե ընդդիմության ակտիվացումը զուտ պահի ազդեցության կամ արտաքին թյուր պատկերացումների արդյունք չեն: ՀԱԿ-ն, այսպիսով, նաեւ ներքաղաքական կյանքն աշխուժացնելու նախաձեռնություն է ցուցաբերում: Որովհետեւ նրա նախաձեռնողականությունը շղթայական ռեակցիայով ակտիվացնելու է ինչպես իշխանությանը` ինքնապահպանման բնազդից ելնելով, այնպես էլ ՀԱԿ-ի կիսաներկա կարգավիճակի պատճառով ընդդիմադիր դաշտում իրենց տեղը չգտնող իրական ու արհեստական ընդդիմադիր ուժերին: ՀԱԿ-ը սկսում է հերթական ընտրությունների նախընտրական արշավը եւ նույնը ստիպելու է անել նաեւ ողջ քաղաքական սպեկտրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter