HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանց այս ռեֆորմի մեր կենսաթոշակային համակարգը վաղը կանգնելու է ճգնաժամի առջեւ»

2011 թվականի հունվարից կմեկնարկեն կենսաթոշակային բարեփոխումները, ինչի արդյունքում մինչեւ 40 տարեկան աշխատող քաղաքացիները կկուտակեն իրենց կենսաթոշակները` իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով: Յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր կարգով կկուտակվի անձի անհատական հաշվին:

Նույնքան գումար Կառավարությունն իր կողմից կավելացնի անձի հաշվին: Բարեփոխումների այս ծրագիրը հակասական կարծիքների տեղիք է տվել: Որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ այն կարող է սնանկացնել երկիրը: Նշենք, որ այս համակարգով առաջին կեսաթոշակը կստանան 23 տարի հետո: «Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը

Այսօր Հայաստանում գործում է մի համակարգ, որը մենք ժառանգել ենք դեռեւս Խորհրդային Միությունից եւ որի պարզ անունը բաշխողական համակարգ է, ինչը ենթադրում է, որ այսօրվա գործող, աշխատող սերունդը աշխատավարձ է ստանում եւ սոցիալական ապահովության վճարներ է տալիս պետությանը, եւ այս միջոցները մենք ուղղում ենք այսօրվա գործող համակագի կենսաթոշակների վճարմանը: Այս համակարգը լավ էր գործում այնքան ժամանակ, քանի դեռ երեք աշխատողին բաժին էր ընկնում մեկ չաշխատող: Իսկ այն ժամանակից ի վեր, երբ այս ցուցանիշը սկսեց ընկնել, այն դարձավ ճգնաժամային համակարգ: Այսօր Հայաստանում մոտ 465 հազար աշխատողի բաժին է ընկնում մոտ 520 հազար կենսաթոշակառու: Ասել կուզի, որ այս համակարգն այս տեսակետից խորը ճգնաժամային է: 1995-ից տարբեր ժամանակներում փորձեր են կատարվել կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել մի քանի գործոնների բերումով: Սա ամենաերկարաժամկետ ռեֆորմն է, որ պահանջում է նախ` քաղաքական կամք, երկրորդ` բավականին ֆինանսական ռեսուրսներ, երրորդ` հասարակության լայն վստահություն: 2010-ը մենք դիտարկում ենք որպես այնպիսի տարի, երբ հանրային քարոզչություն կապահովենք, որով հասարակությունը կգիտակցի այս նոր համակարգի առավելությունները եւ կգնահատի այն թերությունները, որ, դժբախտաբար, կան ներկայումս գործող համակարգում: Նոր` կուտակային համակարգը ենթադրում է, որ Հայաստանի մինչեւ 40 տարեկան քաղաքացիները, ովքեր աշխատում են եւ աշխատավարձ ստանում, իրենց աշխատավարձերի հինգ տոկոսը կուղղեն կուտակային հիմնադրամներ, ինչպես նաեւ` Կառավարությունը կհամաֆինանսավորի մնացած հինգ տոկոսը, եւ աշխատավարձի 10 տոկոսի չափով մենք կունենանք կուտակումներ, որոնք կենսաթոշակի անցնելու դեպքում կտրվեն մեր քաղաքացիներին: Այս համակարգը թույլ կտա նախ ապահովել սոցիալական արդարությունը, որովհետեւ այսօր սոցիալական ապահովության վճարում կատարող շատ քաղաքացիներ հարաբերականորեն ավելի քիչ կենսաթոշակ են ստանում, եւ հակառակը: Այս դեպքում բացակայում է խթանների մեխանիզմը, եւ քաղաքացիներն իրենք շահագրգռված չեն, որպեսզի կատարեն բարձր սոցիալական ապահովության վճարներ: Երկրորդը քաղաքական հանգամանքն է, որ կենսաթոշակների աճը կամ չափն այլեւս պայմանավորված չի լինի Կառավարության, բյուջեի հնարավորություններով եւ անկախ կլինի քաղաքական որոշումներից: Ոչ թե պետությունը կորոշի կենսաթոշակի չափը, այլ քաղաքացին ինքը կձեւավորի իր ապագա կենսաթոշակը: Բարձր լինելու դեպքում ինքը գոհ կլինի իրենից, ցածրի դեպքում գոնե պետությունից չի դժգոհի:

Այն քաղաքացիները, ովքեր երբեք չեն աշխատի, ի՞նչ թոշակ են ստանալու:

Նրանք կստանան սոցիալական կենսաթոշակ` զրոյական մակարդակի: Ովքեր ստաժ չունեն կամ քիչ ունեն` մինչեւ 10 տարի, կստանան սոցիալական կենսաթոշակ: Ընդ որում` բարեփոխումների ծրագրով նախատեսված է, որ այդ սոցիալական կենսաթոշակը պակաս չպիտի լինի նվազագույն սպառողական զամբյուղից: Փաստորեն, կունենանք 3 մասից բաղկացած կենսաթոշակ` սոցիալականը, որը վճարվելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր կենսաթոշակ պիտի ստանան անկախ նրանից` ստաժ ունե՞ն, թե՞ ոչ: Հետո առաջին մակարդակը, որն ըստ աշխատանքային տարիների ստաժի թվի է լինելու եւ բազմապատկվելու է այն գործակցով, որը Կառավարությունը կորոշի` որպես փոխհատուցման գործակից, եւ երրորդը` կախված յուրաքանչյուր քաղաքացու կուտակած միջոցներից:

Կենսաթոշակային բարեփոխումների մասին կարծիքներ են հնչում, որ սա կլինի վերջին քայլը Կառավարության կողմից` պետությունը վերջնականապես սնանկ դարձնելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Իհարկե, ցանկացած ռեֆորմ ունի իր դրական եւ բացասական կողմերը, եւ մենք պիտի մի բան հասկանանք, որ այս ռեֆորմի հաջողությունը մի քանի հանգամանքից է կախված: Առաջին` երկրի տնտեսական վիճակը, երկրորդ` քաղաքական ուժերի վերաբերմունքը, որովհետեւ եթե նկատենք, որ առաջին կենսաթոշակ ստացողները 23 տարի հետո պիտի ստանան, ապա այդ շրջանում չի բացառվում քաղաքական ուժերի ռոտացիան: Բացի այդ, գաղտնիք չէ, որ այսօր մեծ թվով զբաղվածներ կան, որոնք թաքցնում են իրենց զբաղվածությունը, կամ գործատուներն են թաքցնում: Իսկ եթե չեն էլ թաքցնում, աշխատավարձի ֆոնդն է թաքցվում: Եվ եթե մենք հաջողություն չունենանք թաքնված ֆոնդի հրապարակ գալու հետ կապված, ապա կնկատենք, որ այս ռեֆորմը չի հաջողվում: Պետք է նկատել, որ սա կապված է նաեւ տնտեսական աճի ցուցանիշների հետ, եւ որպես այդպիսին ցանկացած երկրում այդ կենսաթոշակային բարեփոխումները բերում են տնտեսական աշխուժացման: Մենք այս բարեփոխումների մի քանի սցենարներ ենք դիտարկում` վատատեսական, լավատեսական եւ չեզոք: Բոլոր սցենարներն էլ հաշվարկված են, այդ ամենը նաեւ հանրային քննարկման ժամանակ կներկայացվի, եւ հասարակությունը կտեսնի, թե ինչպիսի զարգացումներ են հնարավոր:

Եվ ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր, հատկապես բացասական առումով:

Եթե երկրում տնտեսական աճ չլինի, քաղաքական անկայունություն լինի, բացասական զարգացումներ կլինեն: Բայց մենք լավատես ենք եւ դիտարկում ենք, որ այս տնտեսական անկումը կարճաժամկետ է եւ ավելի երկարաժամկետ տնտեսական աճ կունենանք: Իսկ քաղաքական տեսակետից` տա Աստված, Հայաստանը երբեւիցե չունենա քաղաքական անկայունություն: Հնարավոր է, որ այս կենսաթոշակային ռեֆորմը այլեւայլ հանգամանքների բերումով ձախողվի: Բայց մի բան ակնհայտ է` եթե մենք այս ռեֆորմը չանենք, ներկայիս համակարգն արդեն ինքնին ձախողված է: Այս կենսաթոշակային ռեֆորմը շանս է, որպեսզի մեր սերունդը` մինչեւ 40 տարեկան, վաղը ստանա արժանապատիվ կենսաթոշակ: Այսօր մենք համախառն ներքին արդյունքի 5.8 տոկոսը ուղղում ենք դեպի կենսաթոշակային համակարգ: Նույնիսկ կրկնապատկելու դեպքում արդեն մենք պիտի ուղղենք դրա մոտ 11 տոկոսը, իսկ այդպիսի ցուցանիշներ շատ քիչ երկրներ ունեն: Ընդ որում` այն երկրները, որոնք ունեն նման ցուցանիշներ, ձեռքը կրակն են ընկել: Սա բոլոր ռիսկերն ապահովագրելու ձեւ է: Առանց այս ռեֆորմի մեր կենսաթոշակային համակարգը վաղը կանգնելու է ճգնաժամի առջեւ, որն էլ իր հետ բերելու է ավելի վատ սոցիալական, տնտեսական եւ ինչու չէ` քաղաքական ճգնաժամեր: Դա են վկայում այն երկրները, որոնք դրա պատճառով լուրջ ճգնաժամեր են ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter