HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Նռանյան. «25 տարի հետո քաղաքացիները պարզելու են, որ չեն ստանում այն կենսաթոշակները, որ ակնկալում էին»

2011 թ. նախատեսվող կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը` կենսաթոշակների կուտակային համակարգի անցումը, բավականին հակասական կարծիքներ է առաջացրել: Մասնավորապես` ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն իր ասուլիսներում մի քանի անգամ հայտարարել է, թե այս ծրագիրը կարող է վերջնականորեն սնանկացնել պետությունը:

«Հետքի» հետ զրույցում Ա. Նռանյանը

ներկայացրեց հնարավոր ռիսկերը, որ պարունակում է այս ծրագիրը:

Կառավարության կողմից ծրագրվող կենսաթոշակային բարեփոխումները, որոնք, ըստ էության, իրենցից ներկայացնում են կենսաթոշակային հիմնադրամի մասնավորեցում, բավականին լուրջ ռիսկեր են կրում: Սա նախագիծ է, որն առնչվում է ոչ թե մի քանի հազար մարդու, այլ ամբողջ հայ ժողովրդին ու ապագա սերունդներին: Այս նախագծի վտանգավորությունն այն է, որ դրա արդյունավետությունը կարելի է գնահատել միայն 25 տարի հետո: Սա նշանակում է, որ մենք տասնամյակների ընթացքում կուտակված գումարների կորստի լուրջ վտանգ կարող ենք ունենալ: Նոր ծրագրով Կառավարությունն առաջարկում է գնալ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների այն ճանապարհով, որը ենթադրում է կուտակային համակարգի ներդրում: Սակայն Կառավարությունը գնում է կուտակային համակարգի ծայրահեղ նեոլիբերալ մոտեցման կիրառման ճանապարհով: Այնինչ մեր քաղաքացիների մոտ առկա է շփոթություն պայմանական կուտակային համակարգի եւ այն ռեալ կուտակային համակարգի միջեւ, որն առաջարկում է Կառավարությունը: Կառավարությունն ասում է, որ այսօր հաշվի առնելով, որ կենսաթոշակային տարիքի քաղաքացիների թիվը գրեթե հավասար է աշխատողների քանակին, մենք ի վիճակի չենք աշխատավոր զանգվածով ապահովել թոշակառուների համար արժանավայել կենսաթոշակ: Եվ երկրորդ` որ ներկայումս գործող համակարգը չի խրախուսում, որպեսզի քաղաքացիներն իրենց եկամուտները հայտարարագրեն եւ ստվերից դուրս գալով կատարեն կենսաթոշակային համակարգի վճարումները: Այս իրավիճակից Կառավարությունը հետեւյալ ելքն է տեսնում` ներդնել կուտակային համակարգ, երբ գործելու են մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներ կամ մեկ հիմնադրամ, եւ քաղաքացիների աշխատավարձերից կատարվելու են մասհանումներ: Այդ գումարները ներդնելու են տարբեր ֆինանսական շուկաներում` գումարների ակնկալիքով, որից վճարվելու է քաղաքացիների կենսաթոշակը: Սրա հիմնական նպատակը ոչ թե արժանավայել կենսաթոշակ վճարելն է, այլ ֆինանսական շուկաների առողջացումը եւ լրացուցիչ գումարների հայթայթումը: Կառավարության կողմից առաջարկվում է ներկայիս գործող համակագի փոխարեն ներդնել նոր համակարգ, որն արտահայտվելու է հետեւյալ հարկատեսակով եւ պարտադիր վճարումով. կիրառվելու է միասնական եկամտային հարկ 26 տոկոսի չափով եւ լրացուցիչ 5 տոկոս էլ գանձվելու է աշխատավարձից` կենսաթոշակային հիմադրամին: Նախ` 26 տոկոսն ավելի մեծ բեռ է, քան ներկայումս գործող եկամտահարկը եւ սոցվճարը` միասին վերցրած: Եվ այդ 26 տոկոսի հաշվարկման դեպքում քաղաքացու եկամտից նվազեցումներ չեն կատարվելու, որը կատարվում է այսօր: Անկախ նրանից` դու 30 000 ես ստանում, 100 000, թե 500 000, միեւնույնն է` 26 տոկոսը գանձվելու է անմիջապես` առանց նվազումներ կատարելու: Երկրորդ` կառավարությունն ասում է, որ լրացուցիչ 5 տոկոս քաղաքացին իր եկամուտից վճարելու է մասնավոր հիմնադրամին, եւ քանի որ այդ գումարը քիչ է, կառավարությունը լրացուցիչ 5 տոկոս եւս կվճարի պետբյուջեից: Այստեղ իհարկե, կառավարությունը այնքան էլ անկեղծ չի, քանի որ 5 տոկոսը, որ ինքը վճարում է պետբյուջեից, նույնպես քաղաքացիների գումարներն են: Այստեղ խախտվում է հենց կառավարության կողմից հռչակված արդարության սկզբունքը, որովհետեւ ստացվում է, որ կտրելով գումարները ամբողջ հասարակությունից` կառավարությունը գումարներ է փոխանցում աշխատող քաղաքացիներին: Մյուս կողմից չմոռանանք, որ այդ հինգ տոկոսը հանդիսանում է նաեւ քաղաքացիների եւ ընկերությունների կողմից վճարված հարկ, հետեւաբար ավելանում է նրանց հարկային բեռը: Ինչ վերաբերում է քաղաքացուց եկամտից գանձվող գումարին, ապա 26 տոկոս գումարած 5 տոկոս` սա ավելի մեծ բեռ է, քան ներկայումս գործող համակարգը: Ակնհայտ է, որ նոր համակարգի անցնելով` մենք չենք խուսափում հարկային բեռի ավելացումից: Օրինակ` 30 000 դրամ այսօրվա աշխատավարձի պարագայում գործատուից գանձվում է լրացուցիչ 8.5 հազար դրամ` համախառն ծախսը կազմում է 38 500 դրամ: Եթե նույնիսկ ենթադրենք, որ գործատուները կշարունակեն կատարել միեւնույն ծախսը եւ 30 000 դրամի փոխարեն աշխատողին կվճարեն 38500 դրամ, ապա աշխատավորի` պետության առջեւ պարտավորությունը ավելանալու է 2500 դրամով: Այսօրվա 50 000 դրամ աշխատավարձ ստացողի համար բեռի ավելացումը կազմում է ավելի քան 4 000 դրամ, 100 000-ի դեպքում` 8 000 դրամ, 300 000 դրամի դեպքում` 20 000 դրամ: Այս գումարները պետք է վճարվեն աշխատողի կողմից, կամ գործատուները պետք է բարձրացնեն վճարվող աշխատավարձերը: Բոլոր դեպքերում` ծախսերի ավելացումն ակնհայտ է: Եվ այս հարկային բեռի ավելացման նպատակը պարզապես կենսաթոշակային հիմնադրամին գումարներ տրամադրելն է: Աշխարհում կենսաթոշակների բարձրացման եղանակներից է համարվում հարկային բեռի ավելացումը: Հարց է առաջանում. եթե մենք, միեւնույն է, ավելացնում ենք բեռը ամբողջ տնտեսության վրա, այդ դեպքում ո՞րն է իմաստը անցնել նոր համակարգին: Մենք ասել ենք, որ փաստորեն քաղաքացիները, իրենց կենսաթոշակային տարիքին հասնելով, ամբողջ հույսը պետք է դնեն այդ ռիսկային հիմնադրամների վրա, եւ որեւէ ձեւով չի երաշխավորվում նրանց կենսաթոշակը: Ելնելով այդ քննադատությունից` Կառավարությունն առաջարկում է ներդնել նվազագույն պետական կենսաթոշակ, որը ստանալու են բոլոր քաղաքացիները: Այսինքն` ակնհայտ է, որ հարկային բեռն ավելացվում է քաղաքացիների վրա, այնուհետեւ բյուջեի վրա եւս 5 տոկոս` աշխատողների հաշվին փոխանցելու համար, այդ ամենին զուգահեռ նաեւ ավելանում է պետական բյուջեի բեռը` նվազագույն կենսաթոշակ վճարելու մասով: Այստեղ ավելանալու են նաեւ պետության ծախսերը, հետեւաբար Կառավարությունը կամ պետք է գնա դեֆիցիտի ավելացման կամ ծախսերի կրճատման ճանապարհով, ինչը նշանակում է, որ Կառավարությունը, հանուն մասնավոր կենսաթոշակների ֆինանսավորման, նվազեցնելու է տարբեր ծախսեր եւ ծրագրեր պետական բյուջեից, ինչը վտանգավոր եւ վնասակար է: Մյուս ռիսկն այն է, որ կուտակելով ահռելի գումարներ տասնամյակների ընթացքում, որքան էլ մեզ ասվի, որ այդ գումարները պետք է մնան Հայաստանում, ակնհայտ է, որ դրանք գնալու են Հայաստանից դուրս:

Այդ դեպքում մի՞թե Կառավարությունում համապատասխան տնտեսագետներ չկան, որպեսզի հաշվարկներ անեն ու հասկանան այս ծրագրի բոլոր ռիսկերը:

Ծրագրի կողմնակիցները Կառավարությունում առաջարկվող համակարգի երդվյալ կողմնակիցներն են եւ սկզբունքային ջատագովները: Դա հաշվի առնելով` պարզ է, որ նրանց համար հնարավոր ռիսկերը մղվում են ետին պլան: Մենք որոշակի հաշվարկներ արել ենք, որոնք ցույց են տալիս, որ կենսաթոշակները բոլորովին էլ չեն լինելու այն բարձր մակարդակին, ինչպես ակնկալվում է: Հաշվարկելով այսօրվա միջին աշխատավարձից ելնելով` ակնհայտ է դառնում, որ 25 տարի կուտակումից հետո մեր քաղաքացիները պարզելու են, որ իրենք բոլորովին էլ չեն ստանում այն մեծ կենսաթոշակները, որոնք ենթադրում են, թե պետք է ստանան: Մենք, ըստ էության, ստանալու ենք միեւնույն կնեսաթոշակը, պարզապես մի մասը մեր եւ պետական բյուջեի բեռի բարձրացման պայմաններում, մյուս մասը` բավականին ռիսկային մասնավոր հատվածից, որը թե ի՞նչ չափի կլինի, դժվար է ասել: Պատկերացրեք, որ 70-ականներին Խորհրդային Միությունը անցներ այս համակարգին: Ի՞նչ կմնար 20-25 տարի հետո: Բոլորս հիշում ենք ավանդների մասին: Պատկերացրեք, եթե դրան զուգահեռ կուտակվեին քաղաքացիների 20-25 տարվա թոշակները: Եվ ռիսկի պատասխանը Կառավարությունը մինչ օրս չի ներկայացրել: Մենք չլսեցինք, թե այս համակարգը ներդնելու դեպքում ինչքան կենսաթոշակ է ստանալու քաղաքացին: Սակայն, անկախ նրանից, թե այդ թոշակը լինելու է 2000 դրամով ավել կամ պակաս ներկայիս մակարդակից, ռիսկերը, որոնք պտտվում են այս համակարգի շուրջ, եւ որոնք բոլորովին էլ մեզանից կախված չեն, թույլ չեն տալիս ասել` գնանք այս համակարգին: Տասնյակ միլիարդների կուտակումը Լոնդոնի, Նյու Յորքի կամ այլ երկրների ֆինանսական շուկաներում չեն կարող ապահովագրվել Հայաստանի կողմից, եւ որեւէ երաշխիք չի կարող լինել, որ այդ գումարները մենք կստանանք գոնե այն չափով, որ ներդրել ենք: Ի վերջո, չմոռանանք, որ զարգացած պետություններում այս համակարգը չի գործում: Կան նաեւ այլ խնդիրներ եւ ռիսկեր: Բավական է հիշատակել նոր համակարգի ծախսատարությունը` մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ծախսերը գերազանցելու են ներկայիս համակարգի ծախսերը: Իսկ դա հերթական բեռ է, որը կրելու են աշխատավորները: Ես էլ չեմ ասում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի մասին, որոնք ուղեկցում են նման համակարգին:

Կարծիքներ կան, սակայն, որ ներկայիս համակարգը իրեն սպառել է, հին է, ու բարեփոխումներն ուղղակի անհրաժեշտ են:

Ներկայիս համակարգն, իրոք, հնացել է, եւ մենք նույնպես կողմնակից ենք բարեփոխման: Սակայն բարեփոխման ոչ թե ծայրահեղ ճանապարհով, այլ նվազ ռիսկային եւ նպատակ ունենալով ոչ թե ֆինանսական շուկայի առողջացումը, այլ բարձր կենսաթոշակների վճարումը: Մենք առաջարկում ենք գնալ այն ճանապարհով, որը ենթադրում է կուտակային հաշիվների կիրառումը եւ քաղաքացիների հաշիվներին իրենց կողմից վճարված կենսաթոշակային վճարումների հաշվեգրումն ու տարբերակված մոտեցումը կիրառելու բարդ բանաձեւը, որտեղ կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հիմք կընդունվի ոչ միայն աշխատանքային ստաժը, այլեւ կենսաթոշակային վճարների չափը: Միանշանակ է, որ սա լուծում է այն պրոբլեմը, որը պարբերաբար նշում են Կառավարության ներկայացուցիչները` խրախուսել աշխատողներին ցույց տալ իրենց եկամուտները եւ կատարել վճարումներ հիմնադրամին: Սա լուծում է նաեւ ավելի արդարաբար թոշակների բաշխման հարցը: Միաժամանակ առաջարկում էինք զարկ տալ մասնավոր կամավոր կենսաթոշակային համակարգի գործադրմանը: Չմոռանանք, որ մեր քաղաքացիները չունեն այն գիտելիքներն ու հմտությունը, որ իրենց եկամուտները պտտեցնեն ֆինանսական շուկաներում` կենսաթոշակային հաշիվների համալրման համար: Այդ պատճառով նման համակարգը կարող է գործել միայն կամավոր սկզբունքով: Ինչ վերաբերում է նրան, որ հնացած է մեր կենսաթոշակային համակարգը, պետք է ասենք, որ հնացած է նախ եւ առաջ ամբողջ տնտեսական քաղաքականությունը: Եվ այս տնտեսական քաղաքականությամբ ինչ կենսաթոշակային համակարգ էլ ունենաս, չես ունենալու համապատասխան արդյունավետություն: Ես նաեւ չեմ ուզում մոռանանք Հայաստանի ազգային անվտանգությանը նման համակարգի հնարավոր սպառնալիքը: Ապագա կենսաթոշակառուների միլիարդավոր գումարների գտնվելը մի խումբ մարդկանց, հատկապես օտարերկրացիների ձեռքում, ամենեւին չի նպաստելու մեր տնտեսական, ինչու չէ` նաեւ ազգային անվտանգությանն ու անկախությանը:

Ձեր առաջարկությունները ներկայացրե՞լ եք Կառավարությանը: Ի՞նչ արձագանք եք ստացել:

Մենք մեր դիրքորոշումը բազմիցս ներկայացրել ենք Կառավարությանը, ընդ որում` թե այն ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մաս էր, թե ընդդիմություն անցնելուց հետո: Եվ Կառավարության տնտեսական թիմը մեր տեսակետի հետ շատ լավ ծանոթ է: Ավելին, այս բարեփոխումներն իրականացվել են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ եւ կողմից, այլ ոչ թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության: Ես համոզված կարող եմ ասել, որ եթե աշխատանքի եւ սոցիալական հարցերի դաշնակցական նախարարները չլինեին, ապա այս համակարգը կներդրվեր շատ ավելի վաղուց եւ շատ ավելի խայտառակ տարբերակով, քան այժմ առաջարկվում է: Ես հիմա համոզված չեմ, որ գործադիր մարմնում կոալիցիայից մեր դուրս գալուց հետո կան ընդդիմացողներ այդ համակարգին, թեեւ ԱԺ-ում կան պատգամավորներ, ովքեր դեմ են` մեկ հստակ պատճառաբանությամբ, որ խենթություն է 20-25 տարի ամբողջ ազգի կենսաթոշակները տանել, ինչ-որ տեղ կուտակել: Կողմնակիցներն ու հակառակորդները սկզբունքային տարաձայնություններ ունեն: Թե վարչապետը, թե տնտեսական թիմը այս խնդրին նայում է սկզբունքային տեսանկյունից: Իրենց համար այս համակարգի ներդրումը սկզբունքային նշանակություն ունի: Իրենք մեր տեսակետին ծանոթ են, եւ խնդիրն այն է, որ այս կարեւորագույն միջոցառման իրականացումը հասարակական հնչեղություն չի ստացել: Հստակ է, որ այս համակարգով ավելանում է քաղաքացու բեռը, գործատուի բեռը, բյուջեի բեռը` քաղաքացու հաշվին լրացուցիչ վճարելու առումով: Ավելանում է նաեւ բյուջեից նվազագույն կենսաթոշակ տալու առումով եւ, փաստորեն, ռիսկն էլ մնում է, որ քաղաքացին կարող է իր գումարները կորցնել կամ նվազ ստանալ: Այն երկրների փորձը, որոնք անցել են այս համակագին, ցույց տվեց, որ մարդիկ արդյունքում ավելի քիչ գումար են ստանում, քան նրանք, ովքեր մնում են հին համակարգում: Մեր դիրքորոշումը պարզ է` բարեփոխել ներկայիս համակարգը, ներդնել քաղաքացիների հաշիվներին իրենց կողմից կատարված վճարումների հաշվեգրման համակարգը (առանց գումարների կուտակման), պայմանավորել վճարվող կենսաթոշակի չափը ոչ միայն աշխատանքային ստաժով, այլ նաեւ կատարված վճարումներով: Իսկ զուգահեռ նաեւ ներդնել մասնավոր կամավոր կուտակային համակարգը: Մի քանի փոքր երկրներում է Կառավարության կողմից առաջարկվող համակարգը ներդրվել վերջերս: Զարգացած ոչ մի պետությունում այս համակարգը չի գործում, ու ես չեմ կարծում, որ առաջամարտիկներից մենք պետք է լինենք: Կարելի է ենթադրել, որ սա հերթական անգամ զարգացած պետությունների թելադրանքն է` փոքր պետությունների հաշվին իրենց խնդիրները լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter