Մարսելում խոսվել է նաեւ սումգայիթյան ջարդերի մասին
Մտավորականության եւ արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի ունեցած Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառմանը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը, մասնակցել է նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:
Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում` Հովհաննես Գեւորգյանը անդրադարձել է 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերին եւ նշել, որ խորհրդային իշխանությունների եւ միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետեւ վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի: Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների եւ զանգվածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մեկնաբանել