Ապրիլի 1-ից` գազի նոր սակագին նաեւ Ղարաբաղում
Մի քանի օրից ստեփանակերտցիները խմելու ջրի համար արդեն կվճարեն համարյա երկու անգամ ավելի, իսկ ապրիլի 1-ից էլ կբարձրանա բնական գազի սակագինը: Վերջինն անխուսափելի է, քանի որ Ղարաբաղը գազ է ներկրում ՀՀ-ից, որտեղ մյուս ամսվա սկզբից նույնպես կբարձրանա գազի սակագինը:
Չնայած «Արցախգազ» ՓԲԸ-ն ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտում սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինն առաջարկում էր սահմանել խորանարդ մետրի համար 145 դրամ, հանձնաժողովը չհամաձանեց ընկերության հետ:
Հանձնաժողովի վերջին նիստում ընդունված որոշմամբ` ամսական մինչեւ 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 նորմալ խորանարդ մետր գազի սակագինը սահմանվեց 132 հազար դրամ` (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գործող 96 հազար դրամի դիմաց, իսկ 10 հազար նորմալ խորանարդ մետր եւ ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 նորմալ խորանարդ մետր բնական գազի սակագինը` 100 հազար դրամ` գործող 80 հազար դրամի դիմաց: Ասել է թե` բնակիչները կվճարեն մոտ 38 տոկոս ավելի գումար:
Մեկնաբանել