HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ու՞մ է ուղղված «պատերազմի» թուրքական շանտաժը

«Վերջին օրերին, եթե հետեւինք հայտարարություններին, հրապարակումներին, որոնք արվեցին  Թուրքիայում, ինձ հիշեցնում էին 2001 թ. Փարիզը. նույն հայտարարությունները, նույն հրապարակումները, նույն նախազգուշացումները, նույն դեսպանի հետկանչը: Որոշ ժամանակ անց դեսպանը հետ եկավ, որոշ ժամանակ անց այդ հարաբերությունները բնականոն շարունակեցին զարգանալ»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մարտի 5-ին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա փորձում էր ցույց տալ, թե նման վարքագիծը բնորոշ է Անկարայի քաղաքականությանը Ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունների հարցում, եւ որ Թուրքիան աստիճանաբար կհաշտվի 252 բանաձեւի ընդունման փաստի հետ: Իրականում, սակայն, 2001 թ. Փարիզի եւ 2010 թ. Վաշինգտոնի միջեւ առկա է երկու լուրջ տարբերություն, որոնք էապես փոխում են իրերի դրությունը: Նախ` այն ժամանակ Ցեղասպանության ճանաչման մասին օրենքն ընդունեց Ֆրանիսայի խորհրդարանը: Իսկ հիմա նմանօրինակ քայլ անում է ընդամենը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն: Երկրորդ` այն ժամանակ չկային հայ-թուրքական արձանագրություններ, հետեւաբար նաեւ դրանց վավերացման խնդիր չկար, որը Թուրքիան ամեն կերպ փորձում է պայմանավորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ եթե Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացնելով Անկարան, մեծ հաշվով, ոչինչ չէր շահում, հիմա զիջման գնալու պարագայում կորցնելու է նույն արձանագրությունների ստորագրմամբ ձեռք բերած զգալի քաղաքական ինքնուրույնությունը եւ ազդեցությունը տարածաշրջանի ու հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ: Այս իմաստով Անկարան հիմա ավելի վճռական ու հետեւողական է լինելու, քան երբեւէ: Եվ դրա  մասին են խոսում երկու հիմնական գործոններ: 1.Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից 252 բանաձեւի ընդունումից հետո, ի հեճուկս Վաշինգտոնի, Անկարան հրապարակային կերպով թուրք դիվանագետների պատվիրակություն գործուղեց Մոսկվա: Հրապարակվեց նաեւ պատվիրակության բանակցությունների օրակարգը. 252 բանաձեւի ընդունման հետեւանքները, ռուս-թուրքական տնտեսական, քաղաքական հարաբերությունների խորացման հեռանկարը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացի արագացման հնարավորությունները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց. «Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասում ընդհանուր աշխարհագրություն են կիսում, եւ Անկարան հույս ունի, որ տարածաշրջանային անվտանգության հարցերով Մոսկվայի հետ երկխոսություն կլինի»: Թուրքիան, այսպիսով, չի երկնչում գնալ մի քայլի, որով ուղղակիորեն մեծացնում էր իր նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը: Իսկ նման «շռայլություն» Անկարան կարող էր իրեն թույլ տալ մեկ դեպքում` խուսափելու համար իր շահերին հարվածող ավելի վտանգավոր զարգացումներից: ԱՄՆ-ի անուղղակի պարտադրանքը մինչեւ ապրիլի 24-ը արձանագրությունները վավերացնելու հարցում Անկարայում հենց այդպես էլ ընկալում են: 2. Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում 252 բանաձեւի քննարկումից առաջ Դավութօղլուն  հայտարարեց. «Ենթադրենք մենք արձանագրությունները մտցրինք պառլամենտի օրակարգ: Իհարկե, հակազդեցություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում մենք կհասնենք դրանց վավերացմանը: Բայց եթե Ղարաբաղում նորից կռիվ սկսվի, մենք ի՞նչ է, նորի՞ց պետք է փակենք սահմանը»: «Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձագրությունները եւ դա չի արել: Այսինքն` Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը»,- պատասխանեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իրականում, սակայն, խնդիրը Դավութօղլուի յուրօրինակ խոստովանության մեջ չէր: Որովհետեւ ոչ Նալբանդյանի, ոչ որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ Անկարան իսկապես ձգձգում է  արձանագրությունների վավերացումը: Այս հայտարարության իրական մեխը Ղարաբաղում պատերազմի սկսման մասին ակնարկն էր: Ընդ որում` այս ակնարկը հետաքրքրական է երկու առումով: Նախ` նա անուղղակիորեն բացահայտեց, որ անգամ արձանագրությունների վավերացումը չի կարող երաշխավորել բաց սահմանների շարունակականության պահպանումը, եւ որ ցանկացած պահի, օգտագործելով ցանկացած պատրվակ, Թուրքիան փակելու է սահմանը: Երկրորդ` Դավութօղլուն հասկացնում էր, որ քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի համար ցանկալի տարբերակով, վերջինս անպայման «իր տարածքային ամբողջականությունը» վերականգնելու է պատերազմի միջոցով: Իսկ այդ դեպքում, եթե անգամ արձանագրությունները վավերացված լինեն, Թուրքիան կրկին փակելու է այն: Արտգործնախարար Նալբանդյանը «Արմենպրես» գործակալության միջոցով արդարացիորեն նկատեց, որ Անկարան նախապայմանների լեզվին ավելացնում է նաեւ սպառնալիքների լեզուն: Դավութօղլուի այս հայտարարությունը լեզվի սայթաքում չէր: Մարտի 5-ին հրավիրած ասուլիսի ժամանակ նա բացում է փակագծերը. «Այսօր Թուրքիան ուղիղ հարցնում է ԱՄՆ-ին` նրանք ուզու՞մ են խաղաղություն Հայաստանի Ադրբեջանի միջեւ, թե՞ ուզում են պատերազմ: Թող պատասխանեն այս տարրական հարցին, եւ մենք կիմանանք մեր գործը: Բայց եթե խաղաղություն են ուզում, թող ամեն ինչ անեն դրան հասնելու համար»: Սա բոլորովին նոր երանգ է Թուրքիայի քարոզչական-դիվանագիտական արշավում: Ավելի պարզ` Դավութօղլուն ասում էր հետեւյալը. եթե ուզում եք, որ Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա Անկարան կարող է, օրինակ, առաջիկա երեք օրում էլ վավերացնել արձանագրությունները: Եվ ուրեմն, ԱՄՆ-ի ճնշումները, այդ թվում նաեւ 252 բանաձեւի հնարավոր հաղթարշավը թույլ տալը հանգեցնելու է հենց այդպիսի ելքի: Որպեսզի այս սպառնալիքն ավելի իրատեսական թվա, գործի է դրվում երկրորդ «հրետանին»` Ադրբեջանի ներգրավումը: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը, որով վերջինս լիակատար աջակցություն է հայտնել իր գործընկերոջը 252 բանաձեւի դեմ պայքարում, պետք է ընկալել հենց այս տեսանկյունից: Կարելի է փաստել, որ ԱՄՆ-ի ճնշումներին դիմակայելու համար Թուրքիան զինանոցից հանեց իր պահեստային քարոզչական «զենքերից» մեկը. Ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի հետ նույն սկզբունքով, մոտիվացիայով ու նպատակադրումներով առաջնորդվելու կուրսը: Մի բան, որ Անկարան կարող էր բացահայտել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որովհետեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ ներգրավվելու խնդիր  ուներ, որը բացառում էր այս իրողության բացահայտումը: Այս քայլին գնալով եւս` Անկարան, փաստորեն, ցուցադրեց, որ չափազանց զգայուն է այս փուլում 252 բանաձեւի նկատմամբ: Հենց այս նկատառումից  ելնելով էր, որ մարտի 5-ին Դավութօղլուն հայտարարում էր. «Կարեւոր է, որպեսզի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանին չփոխանցվեն մինչեւ ապրիլի 24-ը»: Այսինքն` մինչեւ այս  ժամկետի վերջ Թուրքիան ուժեղացնելու է իր շանտաժի քաղաքականությունը: Սակայն Հայաստանի համար այս ամենում սա չէ կարեւորը: Այլ այն, որ ի վերջո ակնհայտ  դարձավ, որ Անկարան սեփական նպատակներին հասնելու համար կանգ չի առնելու անգամ Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ հրահրելու առաջ: Առայժմ, իհարկե, պատերազմի վերսկսումը քիչ իրատեսական է, առաջին հերթին որովհետեւ դա չի բխում գերտերությունների շահերից: Սակայն իրավիճակը փոփոխվում է շատ արագ եւ պատրաստ պետք է լինել ցանկացած սցենարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter