HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Իրական եւ անիրական իշխանափոխություն

Մարտի 16-ին, ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ, Հայ ազգային կոնգրեսը ԵԽ հայաստանյան ներկայացուցչություն է հանձնելու հետմարտիմեկյան քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների սեփական ժամանակացույցը: Մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը 6 կետից բաղկացած ժամանակացույցը ներկայացրեց որպես իշխանությունների կողմից պարտադիր կատարման ենթակա, ստեղծված ճգնաժամը հաղթահարելու՝ իրենց գնահատմամբ միակ ընդունելի լուծում: Ժամանակացույցի վերջին՝ 6-րդ կետը սահմանում է. «Հունիսից մինչեւ սեպտեմբեր անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: Այս պահանջը մոտ վեց ամիս «սառեցված էր» ՀԱԿ-ի քաղաքական օրակարգում, ինչը հիմնավորվում էր  արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհին իշխանության համար նոր խնդիրներ չառաջացնելու եւ Հայաստանի դիրքերը չթուլացնելու առաջնահերթությամբ: Այն փաստը, որ մարտից սկսած արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը կրկին դրվում է իշխանությունների առաջ, ցույց է տալիս, որ ընդդիմությունը փորձում է կրկին վերադարձնել երկրի քաղաքական օրակարգն առաջադրողի, պարտադրողի կորցրած դիրքերը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ իրենք արդեն պատրաստել են Հայաստանի հարցով համազեկուցողների պահանջած՝ հետմարտիմեկյան ժգնաժամային իրավիճակը փոխելուն ուղղված գործողությունների ժամանակացույցը, եւ այն առաջիկայում ներկայացվելու է մոնիթորինգի հանձնաժողովին: Դա գործնականում նշանակում է, որ իշխանությունը մերժում է ՀԱԿ-ի ներկայացրած ժամանակացույցը, նույնն է թե՝ արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու պահանջը: ՀԱԿ-ում եւս գիտեին, որ ոչ միայն արտահերթ ընտրությունների մասին կետը, այլեւ մյուս բոլոր պահանջները իշխանությունը երբեք չի ընդունելու: Պարբերականներից մեկին տված հարցազրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դեռ մինչև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից ժամանակացույցի մշակումը, թերահավատություն էր հայտնել, թե իշխանությունը կընդունի իրենց առաջարկները: Եվ դա բացատրելի է. եթե անգամ չլիներ ՀԱԿ-ի վերջնագրի՝ արտահերթ ընտրություն անցկացնելու մասին պահանջը, այդ փաստաթղթի մնացած բոլոր պահանջների կատարումը, այն էլ նման սեղմ ժամկետներում, նշանակելու էր բոլոր պայմաններն ստեղծել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Ուշագրավն այն է, որ այս պահանջը ՀԱԿ-ը ներկայացնում է փաստացի վերջին ամիսների պասիվ վիճակից ակտիվ գործողությունների անցնելու առաջին քայլերի հետ միաժամանակ: Մինչդեռ ակնհայտ է, որ արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու պահանջը շատ ավելի էֆեկտիվ ու ճիշտ է միայն այն ժամանակ, երբ ոչ միայն այդ պահանջը ներկայացնողներն են պատրաստ այդ ընտրություններին, այլ նաև նրա իրական ու պոտենցիալ ընտրազանգվածը: Ավելին, հենց այս երկուսի հանրագումարում է կուտակվում կրիտիկական այն էներգիան, որի ճնշմանը չդիմանալով՝ իշխանությունն ստիպված է լինում գնալ արտահերթ ընտրությունների: ՀԱԿ-ը, իհարկե, ունի  իր բավականին լուրջ ու ամենակարեւորը՝ ֆանատիկորեն նվիրված համախոհների զանգվածը, ինչը կարեւոր նախապայման է նման մասշտաբային գործընթացներ ծավալելու և հաջողելու համար: Սակայն դա ակնհայտորեն բավարար չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ ներկայացնելու եւ առավել ևս դրան հասնելու համար: Եվ այս մասին շատ պարզ խոսել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. «…Իշխանափոխության մյուս ճանապարհը Սերժ Սարգսյանի հարկադրական հրաժարականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տեւական ալիքի բարձրացման միջոցով: Ինչպես հանգամանալից քննությամբ փորձել եմ հիմնավորել 2008 թ. դեկտեմբերի 21-ի իմ ելույթում, Հայ ազգային կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը…»: Ո'չ 2008թ. դեկտեմբերի 21-ից եւ ո'չ էլ 2009թ. սեպտեմբերի 18-ից հետո երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք թույլ տային եզրակացնելու և պնդելու, որ ՀԱԿ-ն այսօր, այս պահին կարող է հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այս իմաստով ակնհայտ է, որ արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելը ՀԱԿ-ի համար այսօր ոչ թե այսրոպեական իրականացման ենթակա նպատակադրում է, այլ հենց այդ կրիտիկական զանգվածի ձեւավորման, երկրում դրա համար նպաստավոր իրավիճակի, մթնոլորտի ձեւավորման քաղաքական-քարոզչական միջոց: Եվ պետք է ասել՝ որպես այդպիսին՝ նման պահանջ դնելը հիմա տակտիկապես ճիշտ է: Դրա համար կան երեք  հիմնական պատճառներ: 1. Նախկինում ՀԱԿ-ը զրկված էր իր «հարվածային հիմնական ուժից», որը քաղբանտարկյալների կարգավիճակում գտնվում էր անազատության մեջ: Նրանց մեծ մասի ազատ արձակումն էական համալրում էր ՀԱԿ-ի համար, որովհետև դրանք այն մարդիկ են, ովքեր հիմա էլ պատրաստ են գնալու մինչեւ վերջ: 2. Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը թե' հայ-թուրքական եւ թե' ղարաբաղյան ճակատներում հանգեցրել է փակուղային դրության: Երկու ուղղություններով էլ իշխանությունն էական հաջողություններ չկարողացավ ունենալ, ինչը լավ հիմք է ՀԱԿ-ի համար՝ իշխանություններին հիմնավորված կերպով մեղադրելու սխալ անարդյունավետ ու վնասարար քաղաքականություն վարելու մեջ: Արտաքին քաղաքականության ոլորտում ստեղծված այս նոր իրավիճակը մյուս կողմից մեծացնում է իշխանությունների նկատմամբ արտաքին ճնշումների հավանականությունը: Կրկին հնարավորություն է ստեղծվում սասանելու Սերժ Սարգսյանի արտաքին լեգիտիմությունը: Պատահական չէ, որ հենց այս օրերին է ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակում մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում տիրող իրավիճակին եւ դրանում իշխանություններին քննադատելուն ուղղված զեկույցը, իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻ-ը երկար սպասելուց հետո հենց հիմա որոշեց ներկայացնել հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատարաններում տիրող իրավիճակի մասին իր զեկույցը: 3. 2009թ. տնտեսական ճգնաժամի հետևանքները ամբողջ «փայլով» իրենց զգացնել տվեցին 2010թ. այս ամիսներին՝ թռիչքային գնաճի, դրամի արժեզրկման տեսքով, որին գումարվեց նաև առայժմ մշուշով հետևանքներ ենթադրող գազի սակագնի բարձրացումը: Այս պրոցեսները էապես սրեցին երկրում սոցիալական իրավիճակը, որը հետագա շարունակման պարագայում կարող է հանգեցնել իշխանության համար անվերահսկելի սոցիալական պայթյունի: Սրանք, բնականաբար, իրողություններ են, որոնք չեն կարող չազդել քաղաքական  իրադրության վրա: Անցած մի քանի ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում ՀԱԿ-ից բացի որեւէ այլ ուժ ի զորու չէ ինքնադրսեւորվել իրական ընդդիմության դաշտում, չնայած նրան, որ Կոնգրեսն ինքնակամ ինքնամեկուսացման գնալով մյուս ուժերին տվել էր այդ հնարավորությունը: Հիմա ՀԱԿ-ը, առավել քան որեւէ այլ ուժ, ոչ միայն բարոյական իրավունք է վաստակել միանշանակորեն հանդես գալու այս տիրույթում, այլև իր քաղաքական ռազմավարական նպատակների իրականացմանը ծառայեցնել երկրում ստեղծված նոր իրավիճակը, նոր իրողությունները: Սակայն, այսուհանդերձ՝ կա՞ այսօր Հայաստանում արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու բավարար նախադրյալ, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը ենթադրում է արտաքին եւ ներքին իրողությունների խորը վերլուծություն եւ համադրում: Ներքին գործոններ. Արտաքին քաղաքական սրընթաց զարգացումները իշխանություններին ստիպեցին ուշադրությունից դուրս թողնել երկրի ներսում կուտակված խնդիրները թե սոցիալական, թե տնտեսական, թե սահմանադրական կարգի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ թե քաղաքական ոլորտներում: Այս բոլոր ուղղություններով ակնհայտորեն զգալի է հետընթացը. մի կողմից աստիճանաբար կրիտիկական չափերի է հասնում  հասարակության սոցիալական բևեռացվածությունը, մյուս կողմից` իրապես որևէ տեղաշարժ չի կատարվում տնտեսության զարգացումը տորպեդահարող գործոնները չեզոքացնելու կամ դրանց ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահների շարունակական պաշտոնանկությունները, Կառավարության նիստերի ժամանակ վարչապետի հուսակտուր հայտարարությունները, որոնք արդեն պոպուլիզմի ընդգծված տարրեր են պարունակում, ցույց են տալիս, որ պետությունն ի վիճակի չէ գործնական պայքար մղել օլիգոպոլիաների, ստվերային տնտեսության դեմ: Վերջիններիս աճը հանգեցնում է մրցակցային հնարավորությունների սահմանափակման, ինչն իր հերթին տանում է միջին և փոքր բիզնեսի համակարգային փլուզման: Տնտեսական ոլորտում ստեղծված այս իրադրությունը իլյուստրացվում է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Տաքսու վարորդների, ոսկու շուկայի աշխատակիցների, մայրաքաղաքի իրացվող գոտիների բնակիչների բողոքի շարունակական ակցիաները հենց այս իրողության դրսևորումներն են: Եթե դրան էլ ավելացնենք 2008թ. մարտի 1-ին արձանագրված զոհերի մահվան իրական հանգամանքների, մեղավորների բացահայտման ուղղությամբ չարված աշխատանքը, ընդհանուր պատկերն այս ոլորտում որոշ չափով կամբողջանա: Քաղաքական հարթության վրա այս ամենը առկախված են թողնում իշխանության ներքին լեգիտիմության խնդիրը: Այս ուղղությամբ իշխանությունը, կարելի է ասել, ոչինչ չձեռնարկեց: ՀԱԿ-ի ինքնամեկոսւացման գնալը իշխանությանը դրդեց այս բացը կոմպենսացնել դրսում՝ նախաձեռնողական արտաքին քաղաքականության անվան տակ: Եվ քանի որ հիմա նաեւ այդ ուղղություններով իշխանությունը զգալի ռեսուրսային կորուստներ ունեցավ, հիմա փորձ է արվում հետին թվով սրբագրումներ կատարել: Դրա արտահայտություններն էին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու և չկրած պատժաժամկետը կիսով չափ կրճատելու վերաքննիչ դատարանի որոշումը , ինչպես նաև վերջին օրերին իշխանությունից հնչող ազդակները՝ «Ա1 +» հեռուստաընկերությանը եթեր տրամադրելու հնարավորություն տալու մասին: Ամենայն հավանականությամբ ՀԱԿ-ի աստիճանական ակտիվացումն իշխանություններին կստիպի էլ ավելի լրջորեն վերանայումներ կատարել ներքին, հասարակական-քաղաքական իրավիճակում: Այս ամենից զատ, վերջին շրջանում ավելանում է ևս մեկ գործոն, որը իշխանափոխության, կամ արտահերթ ընտրությունների հավանականությունը որոշակիորեն մեծացնող գործոն է դառնում: Խոսքը վերաբերում է ներիշխանական խմորումներին: Ավելի ճիշտ` պետական կառավարման ոլորտում նկատվող տեղաշարժերին: 2008թ. հետո ոստիկանության համակարգի միջին օղակներում սկսված «կաշառակերների որսը» բավականաչափ հարվածել է հենց այս համակարգի բազմահազար աշխատողների վստահությանը: Այս մթնոլորտի ձևավորման իրական պատճառը ոչ թե, ասենք, քննիչների շարունակական ձերբակալություններն են, այլև ավելի խոշոր «շնաձկներին» ձեռք չտալու ընդգծված մոտեցումը: Այս քաղաքականությունն աստիճանաբար տեղափոխվում է նաև քաղաքացիական համակարգ: Պետական մարմինների շարքային աշխատակիցները ևս սկսել են դառնալ իրավապահների հատուկ ուշադրության առարկան: Պետական իշխանության ներսում, հատկապես միջին և ներքին օղակներում, մեծանում է իրենց ապագայի նկատմամբ անորոշության զգացումը: Սակայն քանի որ մի կողմից չկա որևէ մեխանիզմ համընդհանուր այս դժգոհությունն ուղղորդելու, իրական գործողություններով արտահայտելու համար, մյուս կողմից այս մարդիկ չունեն այլ ոլորտներում ինքնադրսևորվելու իրական հնարավորություն, շարունակում են համակերպված աշխատել: Եվ եթե ներքաղաքական իրադրությունը ինչ-որ պահի հասնի կրիտիկական վիճակի, շատ հավանական է, որ հենց այս գործոնների ազդեցությամբ իշխանությունը պահելու ամենակարևոր՝ վարչական ռեսուրսը չծառայի նպատակին: Իշխանությունը պարզապես կարող է կորցնել ոտքերի տակի հողը: Այլ կերպ ասած՝ իշխանափոխության ներքին պահանջարկն առավել քան իրական ու բավարար է: Խնդիրն այն է, սակայն, որ հանրությունը դրան հետամուտ լինելու հենման կետ չունի: Անցած տարիներին, 2003թ. առ այսօր, ըմբոստացած հանրությունը մշտապես բախվում է մոնոլիտ իշխանության ամուր պարիսպներին ու ցրիվ գալիս: Եվ դա չէր հանգեցնում նոր, ավելի հզոր շարժման միայն այն պատճառով, որ առաջնորդող հիմնական ուժն առաջին բախումից հետո հրաժարվում էր նորից դրոշակակրի դեր ստանձնելուց և հանրությունը մեն մենակ է մնում իշխանական ուժային մեքենայի դեմ հանդիման: 2008թ. ծավալված նոր շարժումն, անշուշտ, էապես տարբերվում էր նախորդ նմանատիպ նախաձեռնություններից թե' կազմակերպչական ու գաղափարական ներուժով, թե' կիրառված տակտիկական լուծումներով: 2008թ. փետրվարյան բազմահազարանոց ցույցերի ժամանակ «հիմա, հիմա» վանկարկումներով նախկինում հալածված բազմությունը շարժման ղեկավարներին ցույց էր տալիս, թե մինչև ուր կարող է գնալ՝ ընդամենը մեկ ակնարկի դեպքում: Մարտի 1-գիշերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրությանը ցրվելու կոչ արեց, և դրանով ամեն ինչ վերջացավ: Հետագա ամիսներին Կոնգրեսը հետևողականորեն իրականացրեց կուտակված էներգիայի պարպման, սառեցման քաղաքականություն, ինչի արդյունքում, իհարկե, կորցրեց այդ կրիտիկական զանգվածը: Իսկ նման հզոր շարժման տապալումից հետո չափազանց դժվար է գտնել այն բանաձևը, որով հնարավոր կլինի նման մասշտաբային համաժողովրդական շարժում առաջացնել: Դրա համար չափազանց երկար ժամանակ ու հետևողական պայքար է պետք: ՀԱԿ-ը, շարժումը քաղաքական հարթություն բերելով, կորցրեց զանգվածներին, սակայն կարողացավ վերաձևավորվել որպես կուռ կառույց, որն այսօր ամենակենսունակ ու  ինչ-որ բան փոխելու ունակ միակ քաղաքական ուժն է հանդիսանում: Մի բան, որ նախկին արմատական ընդդիմություններից և ոչ մեկին չէր հաջողվել: Ամեն դեպքում այսօրվա հասարակությունը բացարձակապես պատրաստ չէ մեկ-երկու ամսվա ընթացքում իշխանափոխության հստակ պահանջ առաջ քաշել ու հետևողականորեն իրականություն դարձնել այն: Համատարած նիհիլիզը, բարոյալքումը, համակերպվողականությունը, վախը հասարակական կոնսոլիդացման որևէ հնարավորություն չեն տալիս: Իսկ առանց դրա, նման ամբիցիոզ խնդիրներ լուծել հնարավոր չի լինելու: Դրա վառ ապացույցը գազի, ջրամատակարարման սակագնի թանկացման, սպառողական ապրանքների կտրուկ գնաճի նկատմամբ հանրության իներտ վերաբերմունքն է: Իմունիտետից կատարելապես զրկված հանրությունը փոփոխությունների որևէ հնարավորություն սկսել է կապել ոչ թե իր ուժերի, այլ արտաքին օժանդակության հետ: Գործում է հետևյալ տրամաբանությունը. եթե դրսին ձեռնտու է ունենալ այսպիսի իշխանություն, ապա ներսում ամեն ինչ ավելորդ է: Այս իմաստով Սերժ Սարգսյանի՝ արտաքին աշխարհում լեգիտություն ապահովերլու որշումը շախմատային ձիու քայլի նշանակություն ուներ: Եվ, հետևաբար, արտահերթ համապետական ընտրությունների համար արտաքին քաղաքական գործոնների նշանակությունը դառնում է որոշիչ: Արտաքին գործոններ Նախաձեռնողական արտաքին քաղաքականությունն անցած երկու տարիներին ապահովեց Սերժ Սարգսյանի անձեռնմխելիությունը: Դա ակնհայտ դարձավ, երբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը մարտի մեկից հետո չկասեցրեց հայաստանյան պատվիրակության լիազորությունները եւ չնայած երկրի առջև դրեց պարտավորություններ, սակայն հետևողական չգտնվեց դրանց կատարման ընթացքը և արդյունքները վերահսկելու տեսանկյունից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է գործնականում երաշխավորեր Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը Սահմանադրությամբ նախատեսված ողջ ժամկետի շրջանում: Սակայն դա անակնկալ կերպով հանգեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման: Այս նոր մարտահրավերը իշխանություններին ստիպեց մանևրելու քաղաքականություն որդեգրել՝ ձգձգելու համար ԼՂ կարգավորման գործընթացը և խուսափելու համար պարտադրվող նորանոր զիջումներից: Սակայն վերջին օրերի իրադարձությունները, Ադրբեջանի կողմից մադրիդյան նորացված սկզբունքներն ամրագրող փաստաթղթին կողմ արտահայտվելը կտրուկ սահմանափակեցին ՀՀ իշխանությունների՝ մանևրելու հնարավորությունները: Իսկ հայ-թուրքական երկու արձանագրությունները չվավերացնելու Թուրքիայի սկզբունքային կեցվածքն ուղղակի պատին սեղմեց Հայաստանի դիվանագիտությունը: Այս նոր գործոնները, անշուշտ, մեծացնում են իշխանությունների նկատմամբ ճնշումների ծավալը: Սակայն դա չի նշանակում, թե Հայաստանի ներկա իշխանություններից ձերբազատվելն արտաքին աշխարհում համարվում է ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը: Ավելի շուտ՝ արտաքին խաղացողներին  ոչ թե իշխանափոխությունն է անհրաժեշտ, այլ դրա ուրվականը՝ իշխանություններին աքցանների մեջ պահելու համար: Ընդհակառակը տվյալ իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը բացարձակապես չի համապատասխանում տարածաշրջանում  շահագրգռություններ ունեցող ուժերի շահերին: Նախ՝ դրսում այլևս վստահություն չկա, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո կգա այնպիսի մի իշխանություն, որն ավելի հակված կլինի զիջումների: Ընդհակառակը՝ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների դեմ բարձրացած ազգայնական տրամադրությունները մտավախություն են առաջացնում, որ կգան ավելի կոնսերվատիվ ուժեր, որոնք պատրաստ չլինելով կոմպրոմիսների գնալու, կտրուկ կապակայունացնեն իրավիճակը տարածաշրջանում, կմեծանա ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի հավանականությունը, ինչը հարցականի տակ կդնի տարածաշրջանում կատարված ներդրումները, հակամարտությունն արագ կարգավորելու հնարավորությունը: Երկրորդ՝ Ուկրաինայում «թավշյա հեղափոխության» անփառունակ վախճանը ցույց տվեց, որ դրսից հեղափոխություն կատարելու տարբերակը չաշխատող է:  Նույն ճանապարհն անցած Վրաստանը ռուս-վրացական կարճատև պատերազմի ժամանակ գործնականում որէ օժանդակություն չստացավ արևմուտքից և հիմա ամեն ջանք գործադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Հայաստանում, որտեղ իշխանությունը անհամեմատ ավելի մոնոլիտ կառուցվածք ունի, իսկ ռուսական սապոգը չափից ավելի խորն է թաղված հայաստանյան հողում, նույն սցենարի կիրառումը որևէ արդյունք չի կարող տալ, հատկապես 2008թ. մարտի մեկից հետո: Այնպես որ, նաև այս առումով, Հայաստանում արտահերթ ընտրությունները ոչինչ չեն կարող տալ: Այլ խնդիր է, որ ինչ-որ պահի հենց իշխանության շահերից կարող է բխել արտահերթ ընտրությունների անցկացումը: Տվյալ դեպքում, խոսքը ոչ թե արտահերթ նախագահական, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է: Այս տարբերակը կարող է գործարկվել, եթե արտաքին ճնշումներին դիմակայելու, անխուսափելիորեն զիջումների գնալու պրոցեսը կասեցնելու համար ժամանակ շահելու խնդիր առաջանա: Խորհրդարանական ընտրություններն այս իմաստով կարող են իշխանության համար պահեստային լուծում համարվել: Խնդիրն այն է, սակայն, որ դա կարող է և էական որևէ արդյունք չտալ: Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե իրենից ինչ են ներկայացնում հայաստանյան ընտրությունները և թե իշխանության թևերի միջև հարաբերություններն ու հակակշիռներն ինչ մակարդակի վրա են: Հայաստանի իշխանությունն ինքը չի  թաքցնում (Չեթթըմ Հաուզում նախագան ինքն ուղղակիորեն ակնարկեց այդ մասին), որ երկրի պառլամենտը կատարելապես գտնվում է նախագահի վերահսկողության ներքո և որ նախագահը երբեք թույլ չի տա խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն ուժերի այնպիսի հարաբերակցություն, որը կասկածի տակ կդնի իշխանության մոնոլիտ կառուցվածքը: Այդ ընտրություններով ընդամենը որոշ չափով կավելանան ընդդիմության մանդատները, սակայն վերջինս որակ չի կազմի, որպեսզի ազդի կայացվող որոշումների վրա: Սա, իհարկե, լավագույն դեպքում: Կա ևս մեկ խնդիր կապված այս հնարավոր սցենարի հետ: Նոր, արտահերթ ընտրությունները կարող են բումերանգի ազդեցություն ունենալ իշխանության համար: Ընդ որում այնպիսի բումերանգի, որը ետ վերադառնալիս ոչ թե հայտնվում է նետողի ձեռքերի մեջ, այլ՝ ճակատին: Եթե անցկացվեն այնպիսի ընտրություններ, որոնք ոչնչով չեն զիջելու 2008-ի փետրվարյան նախագահական ընտրությունների մակարդակին, ապա դա էլ ավելի է մեծացնելու արտաքին ճնշումները: Միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՄԱԿ-ի ձեռքին կհայտնվի նոր լծակ՝ խորհրդարանի ոչ լեգիտիմության խնդիրը, որը անպայմանորեն կփաթաթվի իշխանության վզին՝ նոր զիջումներ կորզելու համար: Այսինքն՝ որպեսզի այդպիսի իրավիճակ չստեղծվի, իշխանությունը պետք է գերազանցապես ազատ ու արդար ընտրություններ անցկացնի: Իսկ դա գործնականում պատկերացնել հնարավոր չէ, որովհետև արդյունքում կստեղծվի ընդդիմության մեծամասնությամբ խորհրդարան, որը կամ ներիշխանական քաղաքական ճգնաժամի պատճառ կդառնա, կամ կհանգեցնի արտահերթ նախագահական ընտրությունների: Այնպես որ` նաև ինքնասպանության տանող այս տարբերակը կիրառելի չէ իշխանության համար: Ներքին և արտաքին գործոնների այս համադրությունը ցույց է տալիս, որ չնայած առկա է իշխանափոխության ձևավորված պահանջարկ, սակայն դեռևս ստեղծված չեն դրա իրականացման համար անհրաժեշտ «ենթակառուցվածքներն» ու մեխանիզմները: ՀԱԿ-ի ներկայիս ակտիվացումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Կոնգրեսը հիմա փորձում է ազդակներ հղել հանրությանը և հասկանալ, թե ինչպես կարելի է ստեղծել այդ նախադրյալները: Տնտեսական բարեփոխումների համապարփակ ծրագիրը, գազի սակագնի թանկացման դեմ դատական հայց ներկայացնելը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար վերջնագրային տեսք ոնեցող ժամանակացույց ներկայացնելը ծառայում են հենց այդ նպատակին: Սա ավելի տարողունակ, գունագեղ, բազմաբևեռ գործընթաց է, քան սոսկ հանրահավաքներ, երթեր կամ ասուլիսներ անցկացնելը: Այսինքն` ընտրվել է ոչ միայն ճիշտ ժամանակահատված, այլև ճիշտ ու արդյունավետ մարտավարություն: Կոնգրեսը պատրաստվում է ամենաանակնկալ զարգացումների, որպեսզի անհրաժեշտ պահին միանգամից բռնի «ձիու սանձերից»: Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում պարզորոշ խոսեց այդ մասին. «…Հետևաբար, որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա և որքան էլ ինքնավստահ ձևանա, միևնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակվող լիցքի և իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները: Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստները նվազագույնի հասցնելու և պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter