HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիգարը` հզորության խորհրդանիշ

Ամերիկահայ դոկտոր Գարո Բուլդուկյանն աշխարհում հայտնի է իր «Գարո Հաբանո» սիգարային ապրանքանիշով: Սիգարային բոլոր միջոցառումներին «Գարո Հաբանո»-ն ներկայացված է առանձին բրենդով: Դոկտոր Բուլդուկյանի սիգարները մշտապես առկա են հայտնի սիգարային պարբերականներում: «Գարո Հաբանո» սիգարներն արտադրվում են ավելի քան 10 տարի:

Տարիներ առաջ, երբ Գ. Բուլդուկյանն ընդամենը 18 տարեկան էր, սիգարը նրա համար զորավոր, հաջողակ անձնավորության խորհրդանիշ էր: Նրա զարմիկը, ով իրենից տարիքով մեծ էր, սիգար էր ծխում, ինչը նրա համար շատ տպավորիչ էր: Կարճ ժամանակով Հայաստանում գտնվող դոկտոր Բուլդուկյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ սիգարի բիզնեսով զբաղվելու գաղափարն իր մոտ առաջացել է 1995-ին:

«Երբ սիգար էի գնում, ամեն անգամ առաջին հինգ հատը պատռում, նայում էի, համտեսում, ծամում` համերը տարբերելու համար, որպեսզի պարզեի, թե մի սիգարը մյուսից ինչու է ավելի թանկ, տարբերությունները որոնք են: Բայց երբեք մտքովս չէր անցնում, որ երբեւէ կզբաղվեմ սիգարի բիզնեսով, այն ինձ համար հոբբի էր»:

Մասնագիտությամբ բժիշկ Գ. Բուլդուկյանը 1994-ին մեկնում է Դոմինիկյան Հանրապետություն` բժշկություն ուսումնասիրելու: Այս երկիրը հայտնի է սիգարի արտադրությամբ: Հենց այստեղ էլ դոկտոր Բուլդուկյանին պատահաբար հարցնում են, թե ինքը չի՞ ցանկանա, արդյոք, Ամերիկայում սիգար վաճառել:

«Ես ասացի, որ կփորձեմ, կներկայացնեմ, որ դեմ չեմ: Բայց ասացի, որ պետք է թողնեն, որ իմ տարածությունները դնեմ այնտեղ: Նա համաձայնվեց, ես բերեցի սիգարները, Ամերիկայում մարդկանց համտեսել տվեցի, խոսեցի դիզայների հետ, եւ առանց պլանավորման ստեղծվեց «Գարո Հաբանո» սիգարը: Առաջին արտադրությունը 1996-ի ապրիլին էր»: Տարիների ընթացքում Գ. Բուլդուկյանի սիգարները սկսեցին վաճառվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլ լայն տարածում գտան ամբողջ աշխարհում: Այժմ դրանք ուղարկվում են Միջին Արեւելք, Լիբանան, Սիրիա, Եվրոպա, ԱՊՀ-ի երկրներից` Ռուսաստան, Ուկրաինա: Գ. Բուլդուկյանը պատմում է, որ կամաց-կամաց սկսել է իր սիգարները Ամերիկայից դուրս վաճառելու վրա աշխատել: «Սիգարն ինքնին շատ թանկ հոբբի է: Սովորական ծխախոտը կախվածություն է, սիգարը` ոչ: Սիգարը սովորություն է, իսկ ծխախոտը մարմինդ է ուզում»,- ասում է նա: Սիգարի գինը որոշում են դրա բաղադրիչները` տոբակոն, տերեւները եւ այլն: «Սիգարներ կան, որ եթե բացենք, տերեւները պետք է երկար լինեն: Որքան տերեւները երկար լինեն, այնքան սիգարն ավելի թանկ կլինի: Հետո` նայած թե ինչպես են ֆերմենտացիա արված, ինչպես են պահված, իրար կողքի դրված»: Լավ սիգարի գատնիքը նաեւ դրա պատրաստման մեջ է: Շատ կարեւոր է նաեւ հողի խոնավությունը: Դոկտոր Բուլդուկյանը հավաստիացնում է, որ չի կարելի նյութական շահ հետապնդելով` ավելի շատ սիգար արտադրել ու որակին քիչ ուշադրություն դարձնել: «Երբեմն սիգարը երկար պահելը շատ կարեւոր է: Մարդիկ կան, որ չեն սպասում եւ ուզում են շուտ վաճառել, իսկ մարդիկ կան, որ թողնում են երկար, մինչ տոբակը հանգստանա»,- ասում է նա: Այդուամենայնիվ, սիգարի բիզնեսը բավականին շահութաբեր է. հակառակ դեպքում, ինչպես պնդում է Գ. Բուլդուկյանը, այդքան մարդիկ չէին զբաղվի այդ բիզնեսով: Սիգարը բավական թանկ արժե` կան 80 դոլարանոց, 60, 120 դոլարանոց սիգարներ: Բայց դա չի նշանակում, որ սիգարն իրականում հենց այդքան էլ արժե:

Գ. Բուլդուկյանն ասում է, որ հաճախ սիգարի գինը բրենդն է թելադրում` որքան հայտնի է բրենդը, այնքան սիգարը կարող է թանկ լինել: Հաճախ ասվում է, որ սիգարն այնքան վնասակար չէ առողջության համար, որքան ծխախոտը: Իբրեւ բժիշկ` Գ. Բուլդուկյանն ասում է, որ այն եւ վնասակար է, եւ ոչ: Ըստ նրա` ծխախոտն ազդում է թոքերի վրա, թունավորում է դրանք, իսկ սիգարի պարագայում ծուխը կոկորդ է գնում, մինչեւ թոքեր չի հասնում: Սիգար ծխելիս բերանով ես դրա համը զգում: «Սակայն սիգարի պարագայում կարող է լնդի խնդիր առաջանալ: Ընդհանրապես, ինչն էլ չափից շատ օգտագործես, կարող է վնասակար լինել»: Սիգարների համար չկա սահմանված քանակ, թե որքան է կարելի մեկ օրվա մեջ ծխել:

«Դա երբեք չես կարողանա իմանալ կամ ասել: Ես շատ չեմ կարող, ես ներսում չեմ սիրում ծխել, ժամը 7-ից հետո մեկ հատ կծխեմ: Բայց մարդիկ կան, որոնք 7-8 հատ ծխում են օրվա մեջ: Դա չի նշանակում, որ որքան շատ ծխես, այնքան հաճույք կստանաս: Միշտ ասում եմ` եթե պիտի ծխես, մեկը ծխի, բայց լավ ծխի` ինչպես ճաշը, որ պետք է դանդաղ ուտես, որ հաճույք ստանաս»,- ասում է Գ. Բուլդուկյանը: Սիգար ծխելիս երկու-երեք ժամ ժամանակ պիտի ունենաս, հանգստանաս, ոչ թե ծխախոտի նման արագ-արագ ծխես: Ընդհանրապես, սիգար ծխելու համար համապատասխան միջավայր ու պայմաններ են անհրաժեշտ: Հաճախ ասում են, որ չի կարելի, օրինակ, փողոցում սիգար ծխելով քայլել: Դոկտոր Բուլդուկյանը, սակայն, ասում է, որ դա միանշանակ չէ:

«Օրինակ` երբ բարեկամներիս հետ եկել էինք Երեւան, սիգար ծխելով շրջեցինք քաղաքում: Նայած` ինչ վիճակ է, երբեմն մարդիկ դա կարող են անել: Բայց ավելի լավ է, երբ նստած ես, հանգիստ միջավայրում: Այդպես ավելի հաճելի է ծխելը, քան ոտքի վրա կանգնած»: Իսկ ինչպիսի՞ խմիչքի հետ է ավելի ճիշտ օգտագործել սիգարը: Գ. Բուլդուկյանն ասում է, որ երբ թեթեւ սիգար ես ծխում, կարող ես թունդ խմիչքի հետ այն ծխել եւ հակառակը: Թույլ խմիչքի հետ էլ կարելի է ուժեղ սիգար: Իսկ երբ երկուսն էլ ուժեղ են, մեկը մյուսին հակասում են:

«Անհատի հետ է կապված, բայց միշտ եղել է այն պատկերը, որ Չերչիլը կոնյակով է սիգար ծխում: Կոնյակը միշտ ընկերակից է սիգարին, եւ այդ երկուսը միշտ հարստության, ուժի, փառքի սիմվոլն են եղել: Կոնյակ ոչ բոլորն են խմում, սիգարն էլ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Երբ սիգարը Եվրոպա ներմուծվեց, այն արքունիքի, թագավորների համար էր: Հետո կամաց-կամաց այն տարածվեց, ու հիմա յուրաքանչյուրի համար էլ հեշտ է սիգար գտնել: Ամեն մարդ պետք է հասկանա, թե որն է իր քիմքի համար ավելի հաճելի»,- ասաց նա:

Հայաստանում սիգարի բիզնեսը զարգացած չէ: 2007-ին, երբ Գարո Բուլդուկյանն առաջին անգամ եկել է Հայաստան, տեսել է, որ շատերն են սիգար ծխում: Սակայն իսկական հետաքրքրություն սիգարի հանդեպ դեռեւս չի նկատել: «Ես ականատես եղա սիգարի խանութում, երբ մեկը մոտեցավ եւ կոնկրետ բրենդի սիգար ուզեց, որովհետեւ անունը լսել էր: Երբեմն ուզում են փորձել միայն անունի պատճառով, ոչ թե տարբերությունը զգալու: Պետք է մարդկանց փոքր-ինչ սովորեցնել, խոսել այդ ընթացքում, որովհետեւ ամենից լավ այդպես են մարդիկ սովորում սիգարների որակների տարբերությունը, գների տարբերությունները»:

Նա ասում է, որ անհրաժեշտ է մարդկանց սովորեցնել սիգար ծխել: Բացի այդ, մատչելի գներ պետք է լինեն, երբեմն թանկ է լինում սիգարը, մարդիկ վախենում են գնալ եւ գնել այն: Այս բոլոր գործոնները կարելի է օգտագործել, իսկ Երեւանը, նրա կարծիքով, սիգարի զարգացման պոտենցիալ ունի: «Հայաստանի սիգարի ասոցիացիան արդեն սկսել է նման աշխատանքներ տանել: Պետք է գոնե ամիսը մեկ անգամ այդպիսի հանդիպում կազմակերպել` սիգարի ընթրիք, որի ընթացքում ինտերակտիվ զրույց լինի, ոչ թե մեկը սիգարի մասին խոսի, մյուսները լսեն: Պետք է զրուցել: Եթե դա ստեղծվի, առաջ կգնա այս բիզնեսը»,- ասում է Գ. Բուլդուկյանը:

Հայաստանի սիգարի ասոցիացիան, որը ստեղծվել է 2007-ին, տարին երկու անգամ սիգարի փառատոն է կազմակերպում, որին ներկա են լինում այս ոլորտի ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից: Ասոցիացիայի նախագահ Դավիթ Դավթյանի խոսքով` մտադիր են սիգար-շոու կազմակերպել` ցուցահանդես-վաճառք: Դա լուրջ միջոցառում կլինի Հայաստանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter