HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու թիվ 3 ԲՍՓՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները

2011 թվականի օգոստոսի 30-ին «Հետք» ինտերնետային թերթում հրապարակված «Չարորակ ուռուցքով կնոջը զրկել են հիվանդության կարգից ու թոշակից» հոդվածում ներկայացված տեղեկատվության ճշտությունն ուսումնասիրելու նպատակով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի 2011թ. սեպտեմբերի 2-ի թիվ 179-Ա/4 հրամանի համաձայն նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը, նախարարության մի խումբ աշխատակիցներ, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակից Հ.Օրդույանը, «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պոլիկլինիկական բաժնի վարիչ /համաձայնությամբ/ Ա.Բազիկյանը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու թիվ 3 ԲՍՓՀ-ի նախագահ Ա.Դաղբաշյանի մասնակցությամբ  իրականացրեցին ուսումնասիրություն:

Աշխատանքային խմբի կողմից կազմակերպված քննարկումներին հրավիրվել էին նաև քաղաքացի Օ. Էվոյանը, «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Լ. Փարեմուզյանը, ք. Ալավերդու բժշկական կենտրոնի օնկոլոգիական կաբինետի բժիշկ Հ. Միքայելյանը: Հարկ է նշել, որ աշխատանքային խմբում ընդգրկված ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկական բաժնի վարիչ Ա.Բազիկյանը հանդիսանում է քաղաքացուհի  Օֆիկ Էվոյանի  բուժող բժիշկը:

Ուսումնասիրության և քննարկումների արդյունքում պարզվեց հետևյալը.

Օֆիկ Խաչիկի Էվոյանը 29.04.2005թ. առաջին անգամ փորձաքննվել է Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում /ԲՍՓՀ/ և նրան` «Վիճակ տարած ձախակողմյան ռադիկալ մաստէկտոմիայից հետո 2005թ. ձախ կրծքագեղձի` T3N0M0 քաղցկեղի կապակցությամբ, քայքայման շրջանում, ձախ վերին վերջույթի թեթև արտահայտված լիմֆոստազ, ֆունկցիայի չափավոր խանգարում» ախտորոշմամբ մեկ տարի ժամկետով  սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով:

2006թ. հերթական վերափորձաքննության ժամանակ Լոռու մարզի թիվ 3 ԲՍՓՀ-ն, հաշվի առնելով «Վ.Ա. Ֆանարջյանի անվան օնկոլոգիական գիտական կենտրոնի» կողմից տրված 26.04.2006թ. խորհրդատվական թերթիկի տվյալները, այն է` Օ. Էվոյանի մոտ առկա է լյարդի մետաստազ,  նրան սահմանել է հաշմանդամության երկրորդ խումբ, մեկ տարի ժամկետով, «ընդհանուր հիվանդությամբ» պատճառական կապով:

2007թ. հերթական վերափորձաքննության ժամանակ,  տարածքային`  Լոռու մարզի թիվ 3 ԲՍՓՀ-ն Օ. Էվոյանին սահմանել է  հաշմանդամության երկրորդ խումբ, հիմք ընդունելով սոնոգրաֆիայի տվյալները, որտեղ մետաստազ չի նկարագրվել, սակայն հանձնաժողովը ախտորոշման մեջ կրկին նշել է լյարդի մետաստազ:

2008թ. «Վ. Ա. Ֆանարջյանի անվան օնկոլոգիական գիտական կենտրոնը» խորհրդատվական թերթիկում ժխտել է հիվանդության ռեցիդիվի և մետաստազի առկայությունը, սակայն տարածքային ԲՍՓՀ-ն ախտորոշման մեջ նշել է լյարդի մետաստազ և դրա հիման վրա սահմանել հաշմանդամության երկրորդ խումբ:

2009թ. սոնոգրաֆիկ տվյալներով` «նկատվում է լյարդի հեմանգիոմայի չափերի մեծացում», սակայն լյարդի մետաստատիկ ախտահարում չի նշվել և ԲՍՓՀ-ն ընդունել է նույնատիպ որոշում:

2010թ. հերթական վերափորձաքննության ժամանակ,  Լոռու մարզի թիվ 3 ԲՍՓՀ-ն` «Հետևանք կրած 2005թ. ձախակողմյան արմատական մաստէկտոմիայից հետո, ձախ կրծքագեղձի T3N0M0 քաղցկեղի կապակցությամբ, առանց ձախ վերին վերջույթի լիմֆոստազի, ձախ վերին վերջույթի ֆունկցիայի աննշան խանգարում» ախտորոշմամբ Օ. Էվոյանին սահմանել է հաշմանդամության երրորդ խումբ, մեկ տարի ժամկետով:

Հաշմանդամության սահմանած ժամկետը լրանալուց հետո, Օ. Էվոյանը 27.06.2011թ. դիմել է Լոռու մարզի թիվ 3 ԲՍՓՀ-ի նախագահին` խնդրելով իրեն ենթարկել բժշկասոցիալական փորձաքննության, հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով: Հանձնաժողովը, ելնելով օբյեկտիվ զննման տվյալներից, հաշվի առնելով «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» կողմից տրված 13.05.2011թ. կոնսուլտացիան, որ առկա է լյարդի հեպատոզ, հեմանգիոմա և ղեկավարվելով ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, նրան «Ձախակողմյան արմատական մատէկտոմիա 2005թ. ձախ կրծքագեղձի T3N0M0 քաղցկեղի կապակցությամբ, ձախ վերին վերջույթի թեթև լիմֆոստազ, հիվանդության ռեցիդիվ և մետաստազ չի հայտնաբերվել» ախտորոշմամբ` 27.06.2011թ. հաշմանդամություն չի սահմանել:

Ընդունված վարչական ակտը հանձնաժողովը հիմնավորել է այսպես` «Ձախ կրծքագեղձի արմատական հեռացումը, առանց հիվանդության ռեցիդիվ և մետաստազի, ձախ վերին վերջույթի ֆունկցիայի թեթև խանգարումը չի հանգեցրել կենսագործունեության որևէ տեսակի և աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության, որն էլ հիմք չի հանդիսացել սահմանելու հաշմանդամություն»:

Օֆիկ Էվոյանի փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լոռու մարզի թիվ 3 ԲՍՓՀ-ն  ղեկավարվել է ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և  նրան հաշմանդամություն սահմանել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության սահմանման գործող չափանիշներին համապատասխան: 

Աշխատանքային խումբ` 

ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (խմբի ղեկավար)` Ա.Կեսոյան 

ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնահարցերի և հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ՝ Կ.Պետրոսյան 

ՀՀ ԱՍՀՆ ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝ Գ.Մարտիրոսյան

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝ Հ.Օրդույան

«Վ.Ա. Ֆանարջյանի անվան օնկոլոգիական գիտական կենտրոնի» պոլիկլինիկական բաժնի վարիչ (համաձայնությամբ)՝ Ա.Բազիկյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter