HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրոնական կազմակերպությունները` պետություն` պետության մեջ»

«Հայելի» ակումբն այսօր հյուրընկալել էր «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի» եկեղեցու քահանայության ղեկավար Վարուժան Պողոսյանին (մորմոնների ներկայացուցիչ), «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանին և «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության» վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանին: Վերջիններս բանավիճում էին կրոնական ազատության և կրոնական փոքրամասնությունների խնդիրների շուրջ: Անդրադառնալով կրոնական ճնշումներին` Ա. Ամարյանը նշեց, որ ինքը զարմանում է, երբ ասում են, թե կրոնական փոքրամասնություններին ճնշում են, քանի որ նրա կարծիքով` Հայաստանում հնարավոր չէ կրոնական կառույցներին ճնշել` հենց թեկուզ այն պատճառով, որ չկա համապատասխան մի օրենք, որով նրանց հնարավոր լինի ճնշել: «Կրոնական կազմակերպությունները պետություն են պետության մեջ: Ստուգումների մասին օրենքում ոչ մի խոսք չկա կրոնական կառույցների մասին: Իրավապահ մարմինները իրավունք չունեն մտնելու այնտեղ` առանց վախի: Ճնշումը ո՞րն է, այն, որ Եհովայի վկաներին դատապարտում են, քանի որ վերջինները չեն գնում ծառայությա՞ն: Դա՞ է ճնշում համարվում,- ասաց նա: Վ. Պողոսյանն էլ նշեց, որ ճնշում կա մասնավոր դեպքերում: «Չեմ կարծում, որ կազմակերպված ճնշում կա: Որպես այդպիսին ասել, թե մեզ ճնշված ենք զգում հասարակության մեջ, դա այդպես չէ: Մամուլում ավելի պակասել են ճնշումները: Մեր դեպքում էլ ճնշման կոնկրետ գործողություններ չեն եղել»,- ասաց նա: Ստեփան Դանիելյանն էլ նշեց, որ շուտով կոնկրետ դեպքերով մանրամասն զեկույց կհրապարակվի կրոնական ճնշումների վերաբերյալ: «Մեր պատմությունն ամբողջովին կրոնական ներքին պատրազմների պատմություն է: Մենք կրոնական բախումների պատճառով տուժած ժողովուրդ ենք: Խնդիրն այն է, որ մենք այսօր ունենք պետություն, և պետությունում կան քաղաքացիներ, ու մենք պետք ինտեգրվենք նրանց, ոչ թե տրոհենք: Եթե դու լավ քաղաքացի ես, քո երկրի օրենքներին հետևում ես, ուրեմն արժանավոր քաղաքացի ես: Քո խիղճը, մտածողությունը ու մնացածը քո անձնական խնդիրներն են: 20-21-րդ դարի մտածողությունը սա է»,- ասաց նա` հարց ուղղելով լրագրողներին. «Կրոնական կազմակերպություններից ո՞վ է ամենաբիզնես կառույցը Հայաստանում: Դուք ինքներրդ պատասխանեք: Ո՞վ է ամենախոշոր օլիգարխը Հայասանում` կրոնական կազմակերպություններից»: Ա. Ամարյանն էլ նշեց, որ բարեգործական կառույցները պետք է տարեկան մեկ անգամ հաշվետվություն ներկայացնեն: «Օրենք չկա, մեզ մոտ հստակ ձևակերպում չկա` որն է հոգեվորսությունը: Աղանդից բոլորը վախենում են, բայց դա վատ բան չի: Բայց կա քայքայիչ աղանդ, որի մասին պետք է բարձրաձայնել: Կրոնական կառույցը, որ իր էությամբ փակ է, չի կարող նորմալ կառույց լինել: Իսկ բոլոր կրոնական կառույցները փակ են մեզանում, երբ մտնում` ինչ որ հարց ես տալիս, ասում են` ճնշում ես»,- ասաց նա` հավելելով, որ այսօրվա դրությամբ` գործում է այն իրավիճակը, որ կրոնական կազմակերպությունները պետություն են պետության մեջ, և դրանց հնարավոր չէ ճնշել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter