HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանում շշալցված ջուր են օգտագործում

Երրորդ օրն է`Սյունիքի մարզկենտրոնին մատակարարվող խմելու ջուրը պղտոր է` մուգ հողագույն: Նման երեւույթ միշտ էլ Կապանում արձանագրվել է գարնանը` հորդառատ անձրեւներից հետո: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում սովորականից բարձր է, տարվա այս եղանակին բնորոշ չէ: Աջաբաջ գյուղի սարերը մարտին միշտ ձյունառատ էին լինում, իսկ հիմա ձյունը հալչում է:

Քաղաքի մեծ մասը սնվում է Գյարդի եւ Աջաբաջի աղբյուրներից, որտեղից ջուրը հասնում է Գեղվա ջրի մաքրման կայան, ու նոր բնակիչներին: Վերջին օրերին տեղացող հորդառատ անձրեւների հետեւանքով մաքրման կայան մուտք գործող ջրի ծավալները զգալիորեն մեծացել են, մինչդեռ կայանը նախատեսված չէ նման քանակությամբ ջրի համար:Մաքրման կայանի զտիչները չեն հասցնում մաքրել ջուրը։ Գործում է 6 զտիչ՝ յուրաքանչյուրը 50 խմ տարողությամբ։ Չնայած դրանց արտադրողականությունը հասնում է 350 լ/վ-ի, բայց դրանք նախատեսված չեն այսչափ աղտոտված ջուրը զտելու համար:

Ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի` «Կապան» տեղամասի գլխավոր ինժեներ Լեոնարդ Սարգսյանի խոսքով, նման դեպքեր միշտ էլ լինում են: Նույնիսկ 6 տարի առաջ ստիպված էին քաղաքի ջրամատակարարումը 3 օրով դադարեցնել: Ջրմուղագործները հավաստիացնում են, որ սանիտարահիգիենիկ առումով ջուրը վարակազերծված է, եւ այն կարելի է օգտագործել կենցաղում: Քլորակայանում իրավիճակը վերահսկվում է։ Ջրի որակն աստիճանաբար վերականգնվում է, բայց ջրմուղագործները խորհուրդ են տալիս նաեւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եռացնել եւ օգտագործել ջուրը։ Ստեղծված իրավիճակի պատճառով խախտվել է քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը: Կապանի քաղաքապետարանը հորդորել է մսուր-մանկապարտեզների տնօրեններին` երեխաների սնվելու համար օգտագործել խանութներում վաճառվող աղբյուրի ջրերից: Մարզի գլխավոր հակահամաճարակաբան Լենա Մալինցյանը հեռախոսով տեղեկացրեց, որ վիճակը վերահսկելի է:

«Թե աղբյուրից, թե ծորակներից  ջրի փորձանմուշներ ենք վերցրել, հետազոտում ենք: Եթե անհրաժեշտություն լինի, կդադարեցնենք քաղաքի ջրամատակարարումը: Առայժմ նման միջոցառման կարիք չեմ տեսնում»,-ասաց տիկին Մալինցյանը: Ավելացնենք, որ այս օրերին խանութներում ամենասպառվող ապրանքը` շշալցված խմելու  ջուրն է։ Տարբեր տարողությամբ ջրերը վաճառվում են: Խանութ մտնող յուրաքանչյուր ոք  ջուր է գնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter