HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղցկեղով հիվանդն «առողջացավ». հանձնաժողովը գտավ, որ նրան հաշմանդամության կարգ չի հասնում

2011 թվականի օգոստոսի 29-ին «Հետքում»  հրապարակված «Չարորակ ուռուցքով կնոջը զրկել են հիվանդության կարգից ու թոշակից» հոդվածում ներկայացված փաստերն ուսումնասիրելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի 2011թ. սեպտեմբերի 2-ի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով: 

Սեպտեմբերի 6-ին  հանձնաժողովը Ալավերդում էր: Հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը, նախարարության մի խումբ աշխատակիցներ, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակից Հ.Օրդույանը, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պոլիկլինիկական բաժնի վարիչ /համաձայնությամբ/ Ա.Բազիկյանը:  

Հանձնաժողովը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու թիվ 3 ԲՍՓՀ-ի նախագահ Ա.Դաղբաշյանի մասնակցությամբ, իրականացրեց ուսումնասիրություն: Այսօր« Հետքը» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացավ հանձնաժովի կատարած ուսումնասիրության արդյունքները

Աշխատանքային խմբի կազմակերպված քննարկումներին հրավիրվել էին նաև Օֆիկ Էվոյանը, «Հետք» թերթի լրագրող Լարիսա Փարեմուզյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի օնկոլոգիական կաբինետի բժիշկ Հ. Միքայելյանը: 

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու թիվ 3 ԲՍՓՀ-ի նախագահ Ա.Դաղբաշյանը քաղցկեղով հիվանդ և գործազուրկ Օֆիկ Էվոյանին զրկել է հաշմանդամության 3-րդ կարգից և 12 հազար դրամ թոշակից: Հանձնաժողովի անդամները պնդում էին, որ այո, Օֆիկ Էվոյանը հիվանդ է C-r-ով, կուրծքն էլ անդամահատված է, սակայն հիվանդության 6-րդ տարում նա իր օրգանիզմում չարորակ ուռուցքի մետաստազներ չունի, ուստի՝ նրան հաշմանդամության կարգ չի հասնում:  

Այս գնահատականները հանձնաժողովի անդամները տալիս են ՀՀ առողջապահության նախարարության  ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից 2007թ.-ին հիվանդին տրված տեղեկանքի համաձայն, որտեղ հայտնվում էր, որ Օֆիկ Էվոյանի լյարդի վրա կան չարորակ ուռուցքի մետաստազներ, սակայն հիվանդի բուժումներից հետո հերքվել է լյարդում մետաստազների գոյությունը և ախտորոշվել է լյարդի  հեմանգոմիա: 

«Մի հատ սենց մի հարց. 2007թ-ից ասում եք մետաստազ չկա, տեսնենք՝ ի՞նչ վատացում եք տեսել: Թեկուզ վերցնենք ՕՆԿՕ ֆոնը, այնտեղ միոմիա մատկի, 4 տարի առանց ռազմատկի կմնար առանց որևէ բուժման: Ոչ մի դեպքում: Ոչ դեղ է ստանում, ոչ ճառագայթ, ոչ քիմիա: Տեմ բոլե, դուք ասում եք՝ դինամիկայուն հսկում եք: Ի՞նչ եղավ էդ ՕՆԿՕ նաստառոժնոստը: Ի՞նչ դեղեր եք տվել, որ յաիչնիկի մետաստազը չի աճել, կամ արգանդի ռակը չի զարգացել: Հիվանդության դինամիկան դրական է, հիվանդը լավացել է  ուռուցքից»,- ասաց հանձնաժողովի գլխավոր մասնագետ Հենրիկ Օրդույանը, ով Ալավերդու ՕՆԿՕ բժիշկ Հարություն Միքայելյանին մեղադրում էր Օֆիկ Էվոյանին  հիվանդության կարգ ստանալու հարցում աջակցելու համար: 

«Հետքի» հարցին, թե որպես մասնագետ երաշխավորում եք, որ C-r-ով հիվանդ Օֆիկ Էվոյանն այժմ առողջ է, ուռուցքաբանության  ազգային կենտրոնի պոլիկլինիկական բաժնի վարիչ, օնկոլոգ Արա Բազիկյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Ով  ուռուցքաբանության մեջ կասի 100 տոկոսով քեզ կարամ բուժեմ, ինքն ամենաքիչը անգրագետ է»: 

Այսուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ դրդապատճառներով է, որ հանձնաժողովը շրջանցում էր Օֆիկ Էվոյանի հիվանդության անկետային կցված ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից տրված 2010թ.-ի հունիսի 6-ին N 583/05 տեղեկանքը: Տեղեկանքը ստորագրված էր նույն Արա Բազիկյանի կողմից: Օնկոլոգ Բազիկյանը նույնպես 2010թ.-ին իր կողմից ստորագրված տեղեկանքը շրջանցելով գտնում էր, որ Օֆիկ Էվոյանին հաշմանդամության կարգից զրկելը բխում է օրենքից:

Իսկ նրա 2010թ-ի հունիսի 6-ի ստորագրած տեղեկանքում Օֆիկ Էվոյանի առողջական վիճակի մասին հայտնում է. «Ձախ կրծքագեղձի C-r, քայքայումով: Վիճակը ռադիկալ մաստեկտոմիայից հետո հյուսվածքաբանական քնն. Ն 1058-66/05ինֆ. ծորանային C-r: Ներկայումս  լյարդը դիֆուզ փոփոխված է, ձախ բլթում առկա է հեմանգոմիա: Արգանդը միոմատոզ,  փոփոխված է, ձախ ձվարանում`կիստա: Նշվում է ձախ վերին վերջույթի և ուսահոդի  շարժումների խիստ սահմանափակում, զգացողության բացակայություն ամբողջ թևի երկայնքով լիմֆոստազ: Հիվանդի մոտ ենթադրվում է գլխուղեղի ուռուցքային գոյացություն, որի համար  խորհուրդ է տրվում  MRT հետազոտություն: Գտնվել շրջանային բժշկի խիստ հսողության տակ և ներկայանալ կրկնակի հետազոտության»:  

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում  գլխուղեղի ուռուցքային գոյացություն ենթադրվող` հիվանդության 3-րդ կարգ հաշմանդամի  հետազոտությունը թերի է մնացել` Օֆիկ Էվոյանի անվճարունակության պատճառով: Նա չի կարողացել վճարել 89 հազար դրամ և անցնել MRT հետազոտությունը: Թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն ուռուցքաբանության ազգային կենտրոնի այս տեղեկանքը հիմք ընդունելով`պարտավոր էր ՀՀ կառավարության 2004թ.-ի մարտի 4-ի N 318-N «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և  սպասարկման մասին» (տես ցանկը որոշման հավելված 1-ում)  որոշման համաձայն պետպատվերի շրջանակներում Օֆիկ Էվոյանին ուղեգրել լրացուցիչ հետազոտության, նրա կենսագործունեության վրա հիվանդության իրական ազդեցությունը պարզելու համար:  

Վերջինիս փոխարեն, հիմք ընդունելով տեղեկանքը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը 2010թ.-ին Օֆիկ Էվոյանի համար սահմանել է հիվանդության 3-րդ կարգ:  

Մինչդեռ արմատական հետազոտման արդյունքում չի բացառվում, որ Օֆիկ Էվոյանը  կստանար հիվանդության 1-ին կամ 2-րդ կարգ: Մի հետաքրքիր փաստ էլ կա.  ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկայում Օֆիկ Էվոյանի 2011թ.-ի մայիսի 13 -ի հետազոտության տեղեկանքում, հավանաբար, նկատելով հիվանդի անվճարունակությունը, նրա գլխուղեղի չուսումնասիրված ուռուցքային գոյացությունը  շրջանցել են, այն դեպքում, երբ C-r-ով հիվանդը անվերջ բողոքում է գլխապտույտներից, օրեցօր վատացող տեսողությունից և լսողությունից: 

«Բայց ես գլխապտույտներ ունեմ, շատ վատ կզգամ, տեսողությունս օրեցօր վատանում է: Բռնում եմ մի տեղից, որ վայր չընկնեմ»,- հանձնաժողի անդամներին իր առողջական վիճակը ներկայացնում էր տիկին Օֆիկը:   

Հիվանդի գանգատների վտանգները վերջապես մտահոգեց օնկոլոգ Արա Բազիկյանին. «Քանի որ մեր ուռուցքային հիվանդն եք, մի փոքր հնարավորություն կտանք, որ, եթե  հիվանդության կարգը դաժե դուրս է եկել, բայց հիմա սենց դեպքերի համար, հիվանդն ասում է, բայց, դե ես վափշե լավ չեմ, կարող է հիվանդության հետ կապ չունի, բայց թե ընդհանուր հիվանդն իրեն լավ չի զգում: Մենք, հենվելով առաջնային դիագնոզի վրա, պետք է տեսնենք, իսկակա՞ն է, որ օնկոլոգիայի հետ որևէ կապ չունի: Ախր, երևի մի խնդիր կա, որ չի թողնում այս կնոջը լիարժեք աշխատի»,- ասաց Արա Բազիկյանը: 

Արա Բազիկյանն Օֆիկ Էվոյանին օգնության կարգով առաջարկեց  գնալ Երևան և անցնել MRT հետազոտություն. «Ամսի 21-ին՝ ժամը 11-ին, կլինեք լեչկամիսիայում»,- ասաց նա: Ու մինչ օնկոլոգ մտահոգված էր հիվանդի վիճակով, հանձնաժողովի նախագահ Արթուր Կեսոյանը, չսպասելով MRT հետազոտության վերջնական արդյունքներին, Օֆիկ Էվոյանին շնորհավորեց առողջ լինելու համար և առաջարկեց իր աջակցությունը`Ալավերդու զբաղվածության կենտրոնի միջոցով նրա համար աշխատանք գտնելու գործում. «Ախր ես էլ կուզիմ աշխատել, բայց չեմ կարա»,- ասում էր տիկին Օֆիկը:  

Վերջինիս գանգատն այդպես էլ մնաց անպատասխան հանջնաժողովի նախագահի կողմից: Նիստի վերջում Արա Բազիկյանը, «Հետքի» հարցերին պատասխանելով, ասաց, որ մարդկայնորեն քաղցկեղով հիվանդ մարդուն մետաստազ չունենալու պահին  հիվանդության կարգից զրկելը ճիշտ որոշում չի համարում. «Ձեզ ավելին կասեմ, կոմունիստների ժամանակ  քաղցկեղով հիվանդին հաշմանդամության կարգ  3 տարով էին տալիս, էս քաշքշուկը չկար: Հիմա, քանի որ կան խոսակցություններ, որ որոշ կազմակերպություններ պետության փողերը փոշիացնում են, պետությունը որոշեց խիստ լինել՝ չգիտակցելով, որ դրանով ավելի շատ օնկօ հիվանդին նեղություն է տալիս»: 

Ասենք նաև, որ նախարարի ուղարկած հանձնաժողովի նիստին թիվ 3 բժշկասոցիալական հանձնաժողովի որևէ անդամ չէր մասնակցում: Վերջիններիս փոխարեն նիստին, չգիտես ինչու, ներկա էին ալավերդցի երեք կինք: Կանանցից պարուսույց Լուզիա Ծատուրյանն ասաց, որ Արման Դաղբաշյանը շատ լավ տղա է,  Անժիկ Կիլինկարովն իր պաշտպանյալի պատվին լեզվակռվի մեջ մտավ իր իրավունքների համար պայքարող հիվանդ կնոջ հետ, իսկ Շողիկ Սաքանյանն էլ իր քաղցկեղով հիվանդ մորը, ով արդեն մոտ 1.5 տարի է՝ հանգուցյալ է, կարգ սահմանելու համար ասաց. «Ես Արմանից շատ գոհ եմ, շատ»:  

Մեկնաբանություններ (3)

ՀՀ քաղաքացի
ՀՀ կառավարության 13.06.2003թ.-ի ն 780-Ն որոշմամբ հաստատված դրույթներերում չկա այնպիսի կետ, որ Արման Դաղբաշյանին իրավունք տար քաղցկեղով հիվանդ Օֆիկ Էվոյանին զրկել հաշմանդամության կարգից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թերթին տրված պատասխանը անբարոյական է: Բացի այդ ինչպես տեղեկանում ենք, թերթի պատասխան հոդվածից, Օֆիկ Էվոյանի առողջական վիճակը հանգամանորեն չի ուսումնասիրվել ինչպես թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահի ու մյուս անդամների, այնպես էլ նախարարի կողմից Ալավերդի ուղարկված հանձնաժողովի կողմից: Այս առում էլ նախարարության պատասխանը աբսուրդ է:
Karen
Բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներ, շատ կուզենայի մի քանի շաբաթով քաղցկեղով հիվանդ լինեք, մի քանի հատ էլ քիմիա ընդունեք, ապրեք հոգեբանական այն ապրումները , որ ունենում են քաղցկեղով հիվանդները: Բայց քանի որ ես շատ կարգին մարդ եմ և անեծքները չեմ ընդունում, հետո կցանկանայի կախարդական գավազանով , ոչ թե անմարդկային Կեսոյանի մաղթանքով` առողջանայիք: Արդեն շատ պարզ է , որ աղքատ այս կինը, քաղցկեղից բուժված չի կարող լինել, որովհետև աղքատ մարդը մեր երկրում ով ա, որ այդ հիվանդության համար ներդրում կարողանա անի , դիետիկ սնունդ օգտագործի, հետն էլ բուժվի: Մեր երկրում ասում են քաղցկեղի բուժումը ձրի ա, բայց էս երկրում հասարակ քաղաքացին սրանց թալանի աղբյուրն ա, ոնց կարող է հասարակ մարդու համար ինչ որ բան ձրի լինի: Ռենգեն հիվանդանոցում ամեն կաբինետ միայն մտնել դուրս գալը 3 հազար դրամ է, էլ չեմ ասում մյուս հետազոտությունները: Ու դրա համար էլ հայ մարդը, երկու ոտք ինքն ունի, երկուսն էլ ուրիշից ուզում ա վերցնի ու թալանչի արմանների, կեսոյանների ու օրդույանների նմաններից փախչի: Հետո, Հայաստանում կա? մի քաղաքացի, որ չգիտի, թե ինչ են իրենցից ներկայացնում բժշկասոցիալական հանձնաժողովները: Դրանք երկրի հիվանդ մարդկանց վերջին գրոշներով միլիոններ կուտակող մարմիններ են:: Բա ամոթ չէ, նախագահ Սերժ Սարգսյան, ոնց կարելի է քաղցկեղով հիվանդ մարդուն նման ծաղրի ենթարկել: Բա էլ ինչ երկիր ենք, որ քաղկեղով հիվանդ մարդուն 12 հազար դրամ թոշակ տալու հարցը քննարկում ենք : որը հացի փող էլ չի, քննարկում ենք: ՕՖիկ Էվոյանը մեր երկրի դիմնկարն է: 12 հազար դրամը քաղցկեղով հիվանդ և աշխատելու անընդունակ մարդուն տալը մի երկու ... շատ են համարում: Հլա Օֆիկ Էվոյանը իր մի քանի ամսվա թոշակը գցեր սրանց գրպանը, տես հիվանդության կարգը ինչ արագությամբ էր գրվում:
Գոհար, զինվորի մայր
Պարոն Բազիկյանը միամտորեն է նշել ամսի 21-ը, չէ որ դա ՀՀ ամենամեծ տոնական օրն է,` ոչ աշխատանքային...թե հոկտեմբերն է նկատի ունեցել?...հավանաբար հանձնաժողովը կարծում է, թե կուրծքը վերաճելու է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter