HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն կփոխատուցի բնակիչների վնասը

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) պատրաստ է մինչև այս տարվա ապրիլի վերջը փոխհատուցել Շահումյան ավանի բնակիչների ծախսերը: Հիշեցնենք, որ բնակիչները դիմել էին դատարան` պահանջելով կանխել մարդկանց կյանքի եւ առողջության համար վտագավոր ռիսկերը:

Խնդիրն այն էր, որ Շահումյան ավանի տարածքը վտանգավոր գոտի է, քանի որ նրա տակ գտնվող ստորգետնյա հանքահորերը շահագործում է ընկերությունը: Այս տարվա փետրվարի 17-ին, Սյունիքի մարզի ընդհնաուր իրավասության դատարանում ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան եւ 20 հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Իրինա Մանուկյանը ստորագրեցին հաշտության համաձայնագիր, ըստ որի` վաճառքի է հանվելու բնակիչների գույքը, իսկ ընկերությունը իր հերթին պարտավորվում է շուկայական գներով ձեռք բերել այդ սեփականությունները:

Ըստ ընկերության կառավարության ու հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի` ձեռնարկությունը փոխհատուցելու է ոչ միայն դատարան դիմածներին, այլեւ բոլորին: Արդեն կազմվել են ցուցակները, գույքագրումն ու հաշվարկը կատարել է հատուկ արտոնագիր ունեցող երևանյան կազմակերպություն։ Ամբողջ գործընթացը, ընդհուպ մինչև վճարումը, նախատեսված է ավարտել ապրիլի վերջին։ Մնում է միայն բնակիչներին հորդորել, որ չմշակեն հողամասերը: Բնակավայրը հետագայում վեր է ածվելու բաց հանքի: Այս պահին նախագծահաշվարկային աշխտանքներ են իրականացվում: Բաց հանքը հնարավորություն կտա նոր աշխատատեղերի բացման: Սակայն Նորայր Աղայանը դժվարացավ որոշակի թվեր ու ժամկետ նշել։ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» hասարակական կազմակերպությունը կրկին դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ընկերությանը՝ իրեն տրամադրել բնապահպանության նախարարության կողմից 2009թ. իրականացված ստուգումների մասին տեղեկատվություն:

Նորայր Աղայանը չհերքելով փաստը՝ նշեց, որ իրենք չեն պատասխանել նամակին, չեն էլ տրամադրելու տեղեկատվությունը։ Ձեռնարկությունը իր առարկությունները կներկայացնի դատարանում։ Նորայր Աղայանի խոսքով` կազմակերպությունը հղում է արել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, ըստ որի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» նման ընկերությունները պարտավոր չեն տեղեկատվություն տալ:

Ամեն դեպքում, ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ձեռնարկությունը հավատարիմ է իր դիրքորշմանն ու եռամսյակը մեկ հանրությանը կներկայացնի ֆինանսական հաշվետվությունները։ «Մի բան հստակ է, որ գաղափարական մեր հակառակորդներն են բազմիցս հայտարարել, որ մենք բաց ենք աշխատում»,-ավելացրեց Նորայր Աղայանը՝ չմանրամասնելով, սակայն, թե ովքեր են գաղափարական հակառակորդները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter